Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրյալ ապօրինի գույքի գործերով Ռուբեն Հայրապետյանը հաշտության տարբերակ չի քննարկում․ Վահագն Դալլաքյան

Հուլիս 15,2026 20:02 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ շարունակվեց, այսպես կոչված, «Հարսնաքարի գործով» նիստը։

Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր՝ վաղեմության ժամկետի հիմքով հայցը մերժել, քանի որ Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ կա 2020 թվականից, և եթե տվյալ գույքի հետ կապված խնդիր կար, դատախազությունն իր ուսումնասիրության շրջանակում կարող էր ներկայացնել՝ այդ գործի շրջանակներում։

Այսօրվա նիստում հանրային մեղադրողը հայտարարեց, որ հայցային վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման 2025 թվականի հոկտեմբերի 25-ից, ոչ թե 2020 թվականի հոկտեմբերի 7-ից, քանի որ վարույթի հարուցման հիմք են հանդիսացել լրացուցիչ ուսումնասիրությունները։ Նա պնդեց՝ կադաստրային նյութերում տվյալ պայմանագրի որոշ տվյալների մասին տեղեկությունները բացակայել են, իրենք տարբեր պատկան մարմիններից լրացուցիչ հարցումներ են իրականացրել։

Պաշտպան Վահագն Դալլաքյանն առարկեց՝ պնդելով, որ ապօրինի գույքի բռնագանձման ժամկետը սահմանված է 1999 թվականից, և դատախազության ուսումնասիրություններն այս ժամանակահատվածն են ներառել, եթե պետության շահերի ենթադրյալ խախտում է եղել, ապա դատախազությունը պարտավոր էր դրանց մասին իմանալ ավելի վաղ։

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործով, հիշեցնենք, դատախազությունը պահանջում է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող՝ Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի և «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչել։ Դատախազությունը պահանջում է՝ անվավերության հետևանքներ կիրառել և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջել։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքերի բռնագանձման գործերով դատախազության հետ հաշտության համաձայնագիր կնքելու հնարավորություն տեսնո՞ւմ են, Հայրապետյանների ընտանիքի շահերը ներկայացնող Վահագն Դալլաքյանն ասաց․ «Ի սկզբանե՝ հայցադիմումի ներկայացման փուլից սկսած, ես տեսնում եմ, որ դատախազությունը պատրաստ չէ այդ ճանապարհով գնալ։ Ընդհանրապես չի էլ պարզաբանել այդ իրավունքը։ Նպատակն ի սկզբանե եղել է հայց ներկայացնել և ամբողջությամբ գույքերը բռնագանձել, հետևաբար, այդ հարցը քննարկելը դատախազության նման դիրքորոշման պարագայում, չեմ կարծում, թե ակտուալ է»։

Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքին վերաբերվող գործերով դատավորը, հիշեցնենք, փոխվել է։ Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ գործը քննող դատավորի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն, քանի որ առաջին իսկ նիստերից տպավորություն էր, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի, պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները միանգամից մերժվեցին։

«Դատավորի տրամադրվածության մասով ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, չենք էլ սպասում, որ դատարանը մեր բոլոր միջնորդությունները պետք է ընդունի։ Մեր անհամաձայնությունները հետագա դատական ատյաններում կվիճարկենք»,- պատասխանեց Վահագն Դալլաքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031