Լրահոս
Օրվա լրահոսը

էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ՀՀ-ից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորությունները

Հուլիս 17,2026 20:02 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև արտահանման գործընթացի կազմակերպման, լոգիստիկ երթուղիների, ֆիտոսանիտարական պահանջների հետ կապված հարցերի։

Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման և հայկական թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման առնչվող հարցերը։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներուժը, երկրում արտադրվող թարմ բանջարեղենի և ծաղիկների տեսականին, դրանց որակական առավելությունները և արտահանման առկա հնարավորությունները, ինչպես նաև առաջարկել դիտարկել ԱՄԷ հանքային ջրի արտահանման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ծաղիկ և թարմ բանջարեղեն արտադրող, լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Վերջիններս ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, արտադրանքի տեսականին, արտահանման փորձն ու համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև մատակարարման կազմակերպման և շուկայի պահանջներին համապատասխանելու հարցերին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Համագործակցության գործնական հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլան, ինչպես նաև գործարար պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են մի քանի ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրական և արտահանման կարողություններին, փաթեթավորման, սառնարանային պահպանման ու լոգիստիկ ենթակառուցվածքներին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել