Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանն անընդհատ ասել է, որ եթե այդտեղ կգան ամերիկացիները, սպառալիք է իրենց համար». ինչո՞ւ է ՀՀ-ն սկսել ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթաց

Հուլիս 20,2026 13:00 Share

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը չի կարծում, որ ԱՄՆ- Իրան փոխադարձ հարվածները կարող են ավելի մեծամասշտաբ կռվի վերածվել։ Ըստ նրա՝ հատկապես մինչև ԱՄՆ-ի նոյեմբերի միջանկյալ ընտրությունները հաստատ դա չի լինելու։

«Չեմ կարծում, որ սա կարող է ավելի մեծամասշտաբ կռվի վերածվել՝ հատկապես մինչև ԱՄՆ-ի նոյեմբերի միջանկյալ ընտրությունները հաստատ դա չի լինելու»,- «Առավոտի» փաստմանը՝ կրկին Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածներ են հասցնում, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավին. Թեհրանում զոհերի մասին են հայտնում, այսպես արձագանքեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Փաստելով, որ շուտով նաև Իսրայելում են ընտրություններ սպասվում, Էմմա Բեգիջանյանն ասաց. «Ակնկալել, որ այս ամենն ավելի մեծ մասշտաբների կվերածվի, չեմ կարծում։ Իսրայելում էլ են շուտով ընտրություններ։ Նեթանյահուն հայտարարեց, որ եթե Իրանը հարձակվի, սարսափելի պատասխան կստանա։ Դա նշանակում է՝ ինչ-որ տեղ Նեթանյահուն հայտարարում է, որ ես գործ չունեմ, դուք ԱՄՆ-ի հետ ձեր հարցերը լուծեք։ ԱՄՆ-ում էլ հասարակությունը, դեմոկրատները, քաղաքական շրջանակներում էլ բոլորն ասում են՝ այս պատերազմի նպատակը հստակ չէ»։

Մեր հարցին՝ ի՞նչը պատճառ դարձավ, որ հարվածները վերասկսվեցին, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «ԱՄՆ-ն և Իրանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի կետերի հիման վրա երկու ամսվա ընթացքում պետք է ստորագրեին համաձայնագիր։ ԱՄՆ-ի ասելով՝ իրենց խնդիրը Իրանի միջուկային ծրագրերն են, բայց այդ հուշագրում դա անգամ տեղ չուներ։ Պատերազմի սկսվելուց հետո գլխավոր խնդիրը դարձավ Հորմուզի նեղուցը։ Այդ հուշագրի 5-րդ կետով բացվում էր Հորմուզի նեղուցը, բայց Իրանի վերահսկողության տակ։ Բայց այդ ընթացքում միջազգային ծովագնացության օրենքով թույլատրվում էր այդ ջրանցքի՝ իրանական հատվածով գնալ։ Այսինքն՝ այդ նեղուցը Իրանի և Օմանի միջև է։ Օմանին թույլատրված չէր, բայց այդ ընդմիջմանը հասցրին Օմանի համար էլ ապահովել այդ թույլատրությունը։ Եվ սկսեցին նավերը գնալ այդտեղից։ Իրանն ասաց, որ դա հինգերորդ կետի խախտում է և նախազգուշացրեց. մի հրթիռ, անօդաչու թռչող սարքեր բաց թողեց։ Փաստորեն Իրանը գլխի ընկավ, որ խաբվել է և սկսեց քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ն որոշեց դրան կոշտ պատասխանել։ Բացի դրանից, նաև ԱՄՆ-ն կարողացավ այդ ընթացքում Պարսից ծոցի երկրների հետ համաժողով գումարել, ինչ-որ բաներ պայմանավորվեցին։ Ռուբիոն էլ պատերազմի կողմնակից է՝ ի տարբերություն Վենսի»։

Մեր դիտարկմանը՝ վերսկսված հարվածների ֆոնին ինչպե՞ս կգնահատեք այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը օրերս հայտնեց, որ Հայաստան է ժամանել ամերիկյան AECOM ընկերության մասնագետների խումբը եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ ուսումնասիրել, զննել, հետազոտել այն տեղանքը, որտեղ պետք է ձևավորվի Թրամփի ուղին, և պաշտոնական Երևանը սկսում է Իրանի համար զգայուն այս ծրագրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Իրանն ամեն կերպ աշխատում է ՀՀ-ի հետ որևէ տարաձայնություն չունենալ, բայց միաժամանակ էլ անընդհատ ասել է, որ եթե այդտեղ կգան ամերիկացիները, սպառալիք է մեզ համար։ Գուցե ամերիկյան կողմն է այդպես արագ անում հենց այդ նպատակով՝ Ադրբեջանի տարածքը օգտագործելու համար Իրանի դեմ։ Դա ոչ միայն հնարավոր է, այլ Իսրայելը նույնիսկ նախատեսել է դա։ Իսրայելի՝ այդքան անհատույց գործունեությունն Ադրբեջանում հենց այդ նպատակն է ունեցել։ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիային խոստացավ, որ Ֆ-35-ներ է տալու նրան, ուրեմն դրա դիմաց պետք է մի բան Թուրքիան աներ։ Բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիան դեմ էր պատերազմին և Իրանի կողքին էր կանգնում, քանի որ քրդական հարցն իր ամենախոցելի հարցն էր։ Բացառված չէ, որ այդ հարցն էլ են լուծել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել