Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարժեք երևույթների՝ միգուցե նաև Փաշինյանի կողմից ավելի կոպիտ արտահայտությունների դեպքում չեն տեսնում օրենքի խախտում, իսկ իմ դեպքում, որտեղ օրենքի խախտում չկա, դատախազությունն այլ որոշում է կայացնում»․ Արթուր Օսիպյան

Հուլիս 20,2026 16:58 Share

«Հարցն այն է, որ համարժեք երևույթների՝ միգուցե նաև Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի կոպիտ արտահայտությունների դեպքում իրենք չեն տեսնում օրենքի խախտում, իսկ իմ դեպքում, որտեղ օրենքի խախտում չկա, դատախազությունն այլ որոշում է կայացնում»,- Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Քննչական կոմիտեն որոշել է քրեական վարույթ չհարուցել իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված հակընդդեմ հաղորդման առիթով, այսպես պատասխանեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Նա հակընդդեմ հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների առիթով:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մասնավորապես հայտարարել էր․ «Էդ լակոտները, որ գալիս մեծ-մեծ բրդում են, թող բացատրեն՝ ինչի՞ են իրենք կենդանի և մեր տղերքը զոհված։ Իրենք իրավունք չունենք գան ստեղ, խոսեն։ Իրենք պետք է վեր ընկեն տեղները։ Թող Արթուր Օսիպյանը բացատրի՝ ինքն ինչի՞ է կենդանի, զոհված չի, հիմա էլ մեզ ասում են՝ 5000 զոհ։ Թիկունքում «պայո՞կ» էր ուտում, մի հատ էլ եկել, ԵԱՀԿ Մինսկի խումբ է ասում։ Չկա Ղարաբաղի հարց, ով ուզի Ղարաբաղի հարց բացել Հայաստանի ժողովրդի հետ, ինձ հետ է գործ ունենալու։ Չկա Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը փակված է։ Էս ովքեր են Ղարաբաղի պսևդո էլիտարները, ռադներդ քաշեք։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել, գնայիր, մեր էրեխեքի տեղը զոհվեիր, թալանչի անասուններ։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի հարցը, որ կար, գնայիք, զոհվեիք, դու ինչի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում»։

Քննչական կոմիտե քննիչն իր պատասխանում հիմնավորել է, որ «Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում հնչեցված և տեսագրությունում նշված արտահայտությունները կրել են բացառապես ընդհանրական-խոսակցական բնույթ»։

Արթուր Օսիպյան

Մեր հարցին՝ փաստորեն իրավապահները ընտրողակա՞ն մոտեցում են ցուցաբերում, Արթուր Օսիպյանը պատասխանեց․ «Այն, որ դատախազությունն ու քննչականը նույն հանգամանքներում մի տեղ տեսնում են հանցագործություն, մի տեղ՝ ոչ, սա է ինքն իրանով նաև առանձին հարց»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, Արթուր Օսիպյանը պատասխանեց․ «Պետք է մտածեմ, տեսնեմ՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Ամեն ինչ ըստ օրենքի պետք է լինի։ Իմ կարծիքով՝ սա իրավաբանների, պաշտպանների հետ պիտի խորհրդակցեմ, միգուցե նաև դատարանով շարունակենք։ Համարժեքության առումով նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները և բռնության քարոզն ավելի ծանր է, քան նույնիսկ, եթե իմ արած զրույցն այդ կերպ ընդունեն։ Մեկն այն է, որ վարչապետն է նման արտահայտություններ անում հասարակ քաղաքացիների նկատմամբ, ընդ որում ոչ թե կոնկրետ անձի, այլ խումբ է նշում՝ անվանելով պսևդոլէիտա, սպառնում վռնդել Հայաստանից։ Եթե այս կողմից դիտարկենք, ապա եթե իմ հայտարարություններում, գրառումներում կա բռնության քարոզ, ապա իր կողմից այդ արտահայտություններում կա ու կա, և ավելի կոպիտ, քան իմ կողմից արված հայտարարությունները։ Այն, ինչ ես գրել եմ, բոլորն օրենքի սահմաններում է»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի ներքաղաքական զարգացումները, կարծես հետընտրական փուլում դադար է, ակտիվ գործողություններ չկան, նա պատասխանեց․ «Հենց սկզբից էլ այդ կանխատեսումներն ունեի, որ ոչ մի հետընտրական գործողություն չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, դավաճանի պետության շահերին՝ կատարելով Կրեմլի թելադրանքները և դրա փոխարեն Կրեմլը հրահանգելու է, որ ընդդիմություն կոչվածը վերցնի իր մանդատը և օրինականացնի ՔՊ-ի իշխանությունը։ Ժամանակը ցույց տվեց, որ չեմ սխալվել»։

Հարցին՝ Դուք անձամբ ինչ-որ բան նախաձեռնելո՞ւ եք, նա պատասխանեց․ «Անձամբ չէ, բայց շփվում եմ արտախորհրդարանական ժողովրդավարական ուժերի հետ, և եթե ինքնակազմակերպվեն այդ ուժերը, այո, հնարավոր է, որ որևէ նախաձեռնություն լինի կամ միասին փորձենք որոշ քայլեր անել։ Այդ քայլերի մասին ենք մտածում, տարբեր ուժեր իրենց տեսլականն ունեն։ Եթե ստացվի, գանք ընդհանուր հայտարարի, այդ քայլերը կլինեն, եթե ոչ, այն, ինչ նախատեսված է, որ արվի դատական գործընթացների ընթացքում, կարվի։ Ես քաղաքականությունից դուրս չեմ գալիս, միգուցե եթերների, հարցազրույցների ընթացքում կփորձեմ իմ տեսլականը ներկայացնել, կտեսնենք՝ ինչ արձագանք է լինում, քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թե՞ ոչ»։

Արթուր Օսիպյանը մեղադրվում է  բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։

Վաղն այս գործով հերթական դատական նիստը տեղի կունենա։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիք ունի դատարանից, Արթուր Օսիպյանը պատասխանեց․ «Չեմ ուզում կոնկրետ այս դատավորի հասցեին ընդհանրապես գնահատական տված լինեմ, քանի որ դատական գործը դեռ ընթացքում է, համենայն դեպս, որևէ հույս չունեմ արդար դատավարության։ Փորձը ցույց է տալիս, որ այսպես թե այնպես իշխանությունն ինքն իրենին հասնում է։ Եթե այս մի դատավորը հօգուտ իրենց որոշում չկայացնի, բողոքարկելու են մյուսին, որովհետև այլ տարբերակ չունեն։ Այս գործը, որ սկսել են կարել, պետք է փորձեն չեղած տեղից մի բան մոգոնել։ Որևէ հիմք չունեն, ընդհանուր առմամբ՝ այն, ինչ կատարվել է, տեսաձայնագրված է, գրառումներս հրապարակային են, տարբեր իրավական կազմակերպություններ տվել են գնահատական, որ այդտեղ օրենքի խախտում չկա։ Այստեղ իշխանության հույսն այն է, որ պետք է ինչ-որ մի ձև փորձեն ապացուցել, որ անպարկեշտ արտահայտություններ եմ ինձ թույլ տվել, ինչը չի եղել։ Սրա վերաբերյալ երկու ոստիկան են վկայություն տվել։ Առերեսման ժամանակ չեն կարողացել գոնե երկու նախադասություն իրար հետ համաձայնեցնել։ Դա այն ոստիկաններն են, որոնք ինձ բերման են ենթարկել, ում ցուցմունքով ինձ ձերբակալել են։ Տեսնենք՝ սպասում ենք, տեսնենք՝ դատական նիստին ինչ ցուցմունք են տալիս։ Եթե այդ նույն աբսուրդն է լինելու, ապա մենք պետք է ցույց տանք կեղծիքը։ Շատ-շատ պիտի գնան, իրար հետ համաձայնեցնեն, ցուցմունք փոխեն, թե չէ իրենց տված ցուցմունքներն իրար հակասող են։ Ինձ համար կարևորն այն է՝ այն մարդիկ, որոնք ինձ աջակցել են, իրենք համոզված լինեն, որ հանցագործություն իրականում չի եղել։ Մարդկանց համոզենք, որ ձեր պայքարը խոսքի, ազատության համար ի սկզբանե եղել է արդար, և վերջին հաշվով՝ նենց չի ստացվել, որ դուք ինչ-որ հանցագործի եք աջակցել։ Սա է ինձ համար կարևոր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031