Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չէ կարծել, թե «միջազգային հանրությունը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնի» խաբուսիկ շղարշի ներքո». «Փաստ»

Հուլիս 21,2026 10:30 Share

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին։ Մանդատակիրները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակում գործող անկախ փորձագետներ և աշխատանքային խմբեր են, որոնց Խորհուրդը հանձնարարում է հետևել կոնկրետ թեմաների կամ երկրների իրավիճակի:

Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները լուրջ հարցադրումներ են բարձրացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ: Այդ հարցադրումներին պաշտոնական Երևանի՝ Փաշինյանի իշխանության տված պատասխանները մոտավորապես նույն ոգով են, ինչ 2024 թվականի հունիսի 12-ի խաղաղ ցույցը նռնակահարելու առնչությամբ փաշինյանական իշխանության հայտարարությունները, թե՝ «լավ ենք արել, ճիշտ ենք արել»:

Սա իսկապես հետաքրքրական տեղեկություն է, ըստ որում՝ միանգամից մի քանի առումով: Նախ՝ խիստ ուշագրավ է, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված փորձագիտական խումբը շատ ավելի լայն է դիտարկել իշխանության բռնաճնշողական գործողությունների հետևանքներն ու ընդգրկումը՝ ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի: Այսինքն, իրենք ևս փաստական հենքով հակված են կարծել, որ այդ մարդիկ կա՛մ քաղբանտարկյալներ են, կա՛մ քաղաքական հայացքների պատճառով հետապնդվողներ:

Եվ սա, նկատենք, վերջին տարիներին Հայաստանում իշխող վարչախմբի ծավալած հետապնդումների միայն մեկ դրվագին են վերաբերում՝ 2024 թվականի գարնանը մեկնարկած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը (այն հետո վերանվանվեց «Սրբազան պայքարի») և այդ շարժման դեմ նույն թվականի հունիսի 12-ին դրսևորված ոստիկանական հարձակմանը, խաղաղ ցույցի նռնակահարմանը, շարժման մասնակիցներին և ակտիվիստներին հետապնդելուն:

Հետագայում՝ 2025-ին, իշխանության ռեպրեսիվ գործողությունները տարածվեցին շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա զինակիցների դեմ՝ ահաբեկչություն նախապատրաստելու ծանրագույն մեղադրանքներով: Դա էլ հայտնի է որպես «18 արդարների» գործ: Մի «ահաբեկչության» պատմություն, որի դատավարությունը տակավին ընթանում է, բայց որով մեղադրանքն առնվազն հանրային ընկալման տիրույթում հիմնովին փլուզվել է: Պատահականություն չէ և այն, որ «18 արդարների» գործը ի հայտ եկավ մի փուլում, երբ սկսվեց գործադիր իշխանության ինտենսիվ պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Բնականաբար, հարց է ծագում. իսկ ի՞նչ տպավորություն կստանար, ամենից կարևորը՝ ի՞նչ հետևությունների կհանգեր նույն ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, եթե նույնպիսի դետալայնությամբ, ինչ «Սրբազան պայքարի» դեպքում է, տեղեկացվեր նաև Սամվել Կարապետյանի դեմ 2025-ի հունիսից սկսված հալածանքների, ինչպես նաև նախընտրական ու հետընտրական ռեպրեսիաների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնաճնշումների մասին:

Ի՞նչ ռեակցիա կտային ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով փորձագետները, եթե տեղեկանային, օրինակ՝ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի ողբերգության մանրամասնություններին, երբ անձնավորությունը ձերբակալվել էր Փաշինյանի պաստառը վնասելու կասկածով, ապա տեղափոխվել հոգեբուժարան և այնտեղ հայտնաբերվել կախված վիճակում:

Հաջորդ հետաքրքրական հանգամանքը, թերևս, այն է, որ ճիշտ չէ կարծել, թե «միջազգային հանրությունը» տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ «ժողովրդավարության բաստիոնի» խաբուսիկ շղարշի ներքո:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031