Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի պատերազմի ուրվականը Հայաստանում

Հուլիս 22,2026 10:00 Share

Հայաստանում Եվրամիության արագ արձագանքման առաքելության տեղակայումը ստացել է Եվրոպական խորհրդի հավանությունը, ինչպես ազդարարվեց մի քանի օր առաջ։ Եթե խորհրդարանի ընտրությունից առաջ ԵՄ–ն արագ արձագանքման խումբ գործուղեց Հայաստան, ապա առաքելությունը տեղակայվելու է երկամյա ժամկետով։ Այդ որոշումը մատուցվում է որպես Հայաստանի ինքնիշխան կարողություններին ցուցաբերվող աջակցություն՝ ընդդեմ հիբրիդային գրոհների։

Գործնականում, Հայաստանի Հանրապետության շահ՝ Եվրոպական խորհրդի այդ որոշման մեջ, ըստ էության, գոյություն չունի։ Եվրամիության առաքելությունը լինելու է Եվրամիության աշխարհաքաղաքականության մի հերթական գործիք, որի նպատակն է լինելու Միջին միջանցքի հնարավորինս արագ ձեւավորմանը նպաստելը եւ դրա միջոցով Կովկասի նոր ստատուս-քվոյի համատեքստում ԵՄ բաժնեմասը արձանագրելը։ ԵՄ համար Կովկասում այդ նպատակով խաղի «ազատ» տարածություն է միայն Հայաստանը, որովհետեւ Վրաստանի հետ կա հակադրություն, իսկ Ադրբեջանը երբեք չի եղել եւ չի լինի այդպիսին՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներից ելնելով։

Այդպիսով, ԵՄ առաքելության տեղակայումը չի պարունակում Հայաստանի շահ։ Փոխարենը՝ իհարկե պարունակում է Հայաստանի իշխանության շահ։ Ընդառաջելով ԵՄ–ին՝ աշխարհաքաղաքական մանեւրի տարածք տրամադրելու հարցում, պաշտոնական Երեւանը ԵՄ լոյալությունն է ստանում ներքին հարցերումՙ մեղմ ասածՙ ավտորիտար վարքագծի հանդեպ։ Գործում է այդ սխեման, ու այդ սխեմայի շրջանակում ոչ միայն չկա Հայաստանի շահ, այլ կան էական վտանգներ։

Սխեման ներկայումս դեռ գտնվում է տակտիկական մասշտաբում, ինչը կառավարելի է նաեւ Ռուսաստանի համար։ Բայց, չկա որեւէ երաշխիք, որ բոլոր ուղղություններով ՌԴ հանդեպ քաղաքականությունը թեժացնող ԵՄ-ն նույնն անի նաեւ այս ուղղությամբ, դրան ծառայեցնելով, օրինակ, նաեւ նոր առաքելությունը։ Իսկ դա կնշանակի արդեն Կովկասում բալանսի ռազմավարական վերանայում, ինչը չի կարող չարժանանալ Ռուսաստանի կոշտ հակազդեցությանը։ Մոսկվան իր հաշվարկներից ելնելով՝ լոյալ լինելով մարտավարական ռիսկերի հանդեպ, ռազմավարական մարտահրավերներին կարձագանքի շատ կոշտ։ Կանի դա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվելով, թե կանգ չառնելով անգամ նրանց հետ բախման հեռանկարի առաջ, քննարկելու հարց է։

Բայց այն, որ Հայաստանը բոլոր դեպքերում այդպիսով կներքաշվի ուրիշի պատերազմի մեջ, կասկածից վեր է։ Առավել եւս, որ առնվազն տեղեկատվական պատերազմի իմաստով Հայաստանն արդեն իսկ ուրիշի պատերազմի մեջ է, որովհետեւ Հայաստանը իբրեւ թե հիբրիդային գրոհներից պաշտպանելու համար տեղակայվող ԵՄ առաքելությունը գործնականում Ռուսաստանի ԵՄ տեղեկատվական պատերազմի ստորաբաժանում է։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սուվորովն ասում էր՝ դժվար է վարժանքների ժամանակ, հեշտ է արշավանքների ժամանակ: Ժողովրդավարությունն արդյունավետ է քաղաքակիրթ ժողովուրդների համար, մեր ժողովրդի նույնիսկ քաղաքականապես ամենաանգրագետ քաղաքացին քաղաքակիրթ է եւ նա ապագա ունի միայն ժողովրդավարության համակարգում, իսկ բռնատիրությունը մեզ միայն թուլացնում է: Ոչ քաղաքակիրթ ժողովուրդների համար բռնատիրությունն է ամենաարդյունավետը եւ նրանց ժողովրդավարությունը կարող է միայն թուլացնել: Հետխորհրդային իշխանությունները ժողովրդավարությունից գլորվում են ավտորիտար համակարգի, իսկ եթե ոչինչ չանենք, հաջորդ իշխանությունը կլինի արդեն բռնատիրական, ինչպես հարեւան երկրներում է: Չեմ կարծում, որ ավտորիտար իշխանություն ընտրողները կցանկանան հայտնվել բռնատիրական երկրում: Ժողովրդավարությունը դա հայի էությունն է, ավտորիտար ու բռնատիրական կառավարումը զրկում է հային հայի էությունից: Վարժանքի իմաստը՝ հային վերադարձնել հայի տեսակին, հայի մեջ արթնացնել հային, հայի քաղաքակրթական բնազդները լույս աշխարհ բերել: Հայն ուժեղ է իր հայ լինելով: Իսկ ոչ քաղաքակիրթ ժողովուրդ լինելը չի նշանակում, որ նրանց պետք է վերացնել, դա նրանց պատկերացումն է այդպես, դրա համար էլ կոչվում են ոչ քաղաքակիրթ: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ քաղաքակիրթը իշխի քաղաքակիրթի վրա, եւ դարերի ընթացքում կրթենք ու դաստիարակենք ոչ քաղաքակիրթներին քաղաքակրթական բնազդներ ձեւավորել, եթե ցանկանում ենք նրանց հետ խաղաղ ու փոխշահավետ զարգանալ: Բայց մենք առաջին հերթին պետք է հաղթենք մեր ավտոկրատ ընտրողներին եւ ընտրենք ժողովրդավար իշխանություն, ժողովրդավար ընտրողը պետք է իշխի ավտորկրատ ընտրողի վրա: Սա է մեր արշավանքը: Եթե հաղթենք մենք մեր թուլությունները, մենք կհաղթենք մեր հարեւաններին: Գայլի եւ եղնիկի պատերազմում հաղթում է նա, ով առավել մոտ է իր էությանը, եթե գայլն ավելի գայլ է, քան եղնիկը եղնիկ է, հաղթում է գայլը, եթե եղնիկն է ավելի եղնիկ, քան գայլը գայլ է, հաղթում է եղնիկը: Հայի մեջ արթնացնել հայի բնազդը: Սա է հայի փրկությունը:

Պատասխանել