Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի եկեղեցու քանդակագործներից մեկին վարձատրությունը պահանջելու համար են գցել առյուծի վանդակը Վիգեն Ավետիսը մանրամասնում է իր պնդումը

Հուլիս 22,2026 17:30 Share

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը չի հիշում այն քանդակագործի անունը, որին, ըստ իրեն հասած տեղեկությունների, տարիներ առաջ գցել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծների վանդակը։

«Ինձ պատմել է մի քանդակագործ, որի հայրն էլ քանդակագործ էր և աշխատել է Աբովյանի եկեղեցու քանդակների վրա։ Այնտեղ աշխատել է քանդակագործների խումբ։ Ինձ պատմել են, որ վճարումը շատ վատ է եղել, որոշներին ընդհանրապես չի էլ վճարել։ Նրանցից մեկը, որ պահանջել է վճարումը, գցել են վանդակը։ Հիմա հետաքրքրվում ենք, որ այդ անունը գտնենք, որովհետև այդ մարդը, որը պատմել է, տարիքով էր, մահացել է։ Այդ պատմողն աշխատել է այդ եկեղեցու վրա, նրա գործընկերներից մեկին են գցել վանդակը, որը վախից հիվանդություն է ստացել ու վանդակից դուրս գալուց հետո մահացել»,-Aravot.am-ին պատմեց Վիգեն Ավետիսը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, որ իր այդ հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը զրպարտության համար հայց է նախապատրաստում, ինչպես նաև հայտարարել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։

Ի պատասխան՝ նա ասաց. «Զրպարտություն չի կարող լինել։ Թող դատախազությունը պարզի՝ այդպիսի դեպք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ես էլ ուրախ կլինեմ, որ այդ հարցը պարզեն, որովհետև դա մարդու հետ է եղել։ Թող քննություն անցկացնեն, թող դատի տան։ Չգիտեմ՝ Ծառուկյանն անձամբ է գցել, թե իր աշխատողներն են գցել, թող պարզեն։ Դժվար թե Ծառուկյանն անձամբ գցած լինի, երևի թե թիկնապահներն են արած եղել, բայց ի՞նչ տարբերություն, նույն բանն է՝ առյուծի մոտ են գցել։ Թող պարզեն՝ ինքն իմացե՞լ է, թե՞ չի իմացել»։

Մեր դիտարկմանը, թե Ծառուկյանի հասցեին ուղղված քննադատությունից հետո նրա խոսնակ Իվետա Տոնոյանն է հանրությանը հիշեցրել, որ երեք տարի առաջ մեծ ջերմեռանդությամբ մասնակցել եք Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին և ներկայացրել եք նախագիծ, քանդակագործն այսպես արձագանքեց.

«Իրենք ինձ վիրավորելու համար պատասխան պետք է տան, որովհետև ինձ որևէ մեկը իրավունք չունի վիրավորելու։ Իսկ դա վիրավորելու համար են հիշեցնում, հարգանքից չեն անում։ Ծառուկյանի խումբն է ինձ դիմել, որ ժյուրիի մաս կազմեմ այդ մրցույթին։ Դիմել էին, որ որպես մասնագետ մաս կազմեմ այդ հանձնաժողովին։ Ասացի՝ ոչ, չեմ մասնակցի, որովհետև իմ անունը կօգտագործեք ու ձեր քանդակագործին կընտրեք, ես ձեզ չեմ վստահում։ Ես ասացի, որ ժյուրիի անդամ չեմ լինի, քանի որ վստահ եմ, որ Ծառուկյանն անձամբ պետք է որոշի, իսկ իմ անունը կօգտագործվի որպես ժյուրիի անդամ, բայց իմ խոսքը չի անցնելու, ու հրաժարվեցի։ Հետո ասացին՝ լավ, գոնե մասնակցիր։ Ես արդեն ունեի պատրաստի գործ, որը 2008 թվականին նվիրել էի Գարեգին Բ-ին։ Դիմեցի Էջմիածին, պահոցից հանեցին իմ նվիրած Հիսուս Քրիստոսի քանդակը, և ես այն վերցրի՝ հատուկ ցուցադրելու համար, որովհետև գիտեի, որ մեկ է՝ չեմ անցնելու, քանի որ դժվար թե իմ ու Գագիկ Ծառուկյանի ճաշակները համընկնեն։ Հետևաբար չանցա։ Գիտեի, որ անցնելու է Ծառուկյանի անձնական քանդակագործը, որն էլ անցավ։ Այսինքն՝ ամբողջ պատմությունը սա էր. իրենք են ինձ խնդրել, ես էլ չեմ մերժել»։

Արձագանքելով ռեժիսոր Հովհաննես Գալստյանի պնդմանը, թե ձերբակալությունից առաջ Ծառուկյանը, եթե Վիգեն Ավետիսին հրավիրեր Քրիստոսի արձանի կողքին մի փոքր քանդակ կառուցելու, նա կվազեր Ծառուկյանի մոտ, մեր զրուցակիցն ասաց. «Որևէ մեկն ինձ վիրավորելու իրավունք չունի, որովհետև ես ոչ մի դեպքում չեմ ենթարկվել ու չեմ ենթարկվի որևէ հրամանի։ Եթե այդ ռեժիսորը հրամանների է ենթարկվում, թող ենթարկվի, ինձ հետ ի՞նչ գործ ունի։ Սա ռեժիսորի ասած չէ, սա կարող էր ասել մի փողոցային կին։ Սա շատ անլուրջ հայտարարություն է ռեժիսորի կողմից։ Չեմ էլ ճանաչում այդ մարդուն և թույլ չէի տա նրա մասին կարծիք հայտնել։ Ինձ ինքը ճանաչո՞ւմ է, որ նման բաներ է ասում, ուզում է իմ հեղինակության վրա ազդել, չի կարող։ Իմ հեղինակությունը մաքուր է, քրեաօլիգարխիկ չեմ ու չեմ ենթարկվել այդ աշխարհի ցանկություններին, չեմ կատարել հրամաններ»։

Վիգեն Ավետիսն ասաց, որ Գագիկ Ծառուկյանին ընդհանրապես չի ճանաչում և միշտ խուսափել է որևէ օլիգարխի հետ գործնական առնչվելուց. «Այդ այն հայկական խավն է, որին ես երբեք չեմ վստահել։ Այդ խավն ինձ համար միշտ եղել է զարմանալի խավ։ Վերջիվերջո մեր պետությունը փորձում է այդ խավը վերացնել, ինչին ես համաձայն եմ։ Որովհետև սերունդների համար շատ վատ օրինակ է եղել այդ քրեաօլիգարխիկ խավը։ Ես միշտ խուսափել եմ նրանց հետ որևէ շփումից»։

Մեր հարցին՝ եթե պետությունը փորձում է վերացնել օլիգարխներին, ինչո՞ւ է «վերացնում» միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, իսկ իշխանության մեջ գտնվող օլիգարխներին հերթը չի հասնում, Վիգեն Ավետիսը պատասխանեց. «Եթե օլիգարխը կամ քրեաօլիգարխը հայտ է ներկայացնում քաղաքական դաշտում, փաստացի հայտ է ներկայացնում պետությունը ղեկավարելու։ Արդյոք այդ մարդը համապատասխանո՞ւմ է պետությունը ղեկավարելուն։ Ինքն է մտել քաղաքականություն, իսկ քաղաքականությունն արդեն զբաղվում է իրենով։ Դե թող չմտներ քաղաքականություն ու զբաղվեր իր գործով։ Բայց ինքն է քայլ արել դեպի մեծ քաղաքականություն։ Միանշանակ բոլորին է հերթը հասնելու։ Օրենքը բոլորի համար է օրենք, ոչ թե միայն վերցնում են Ծառուկյանին։ Համակարգ է սկսում աշխատել։ Բոլորը, ովքեր խախտում են արել՝ լինի քրեական, թե տնտեսական, բոլորը պետք է պատժվեն։ Սա է պետությունը, ինչը, ցավոք, դեռ չեն հասկանում։ Հայաստանում դեռ մտածում են, թե պետությունը Ծառուկյանն է ու նրա ավազակախումբը»։

Մենք փորձեցինք կապվել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի հետ պարզաբանում ստանալու Աբովյանի եկեղեցու քանդակների վրա տարիներ առաջ աշխատած քանդակագործներին չվճարելու ու Վիգեն Ավետիսի հայտնած այլ տեղեկությունների վերաբերյալ, բայց Տոնոյանը մեր զանգերին չի պատասխանել: Նրա պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետական նախագծի հեղինակը Արտակ Ղուլյանն է, իսկ որմնանկարները ստեղծել են հայր և որդի Աբրահամ և Հայկ Ազարյանները։ Ճարտարապետ Արտակ Ղուլյանը մահացել է, բայց հստակ չէ՝ արդյոք նրա՞ն նկատի ունի Վիգեն Ավետիսը։ 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031