Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզի խորհրդաժողովը ոչ թե մեկանգամյա միջոցառում էր, այլ սփյուռքի ներուժի համախմբման գործընթացի սկիզբ»

Հուլիս 23,2026 11:51 Share

«Ապառաժ». 2026 թվականի հուլիսի 18-ին Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի համադրող կազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Փարիզում 2026 թվականի ապրիլի 11-12-ին գումարված խորհրդաժողովին հաջորդած առցանց նիստը, որը համախմբեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի 25 տարբեր երկրներից։

Նիստը գումարվեց մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը շարունակում է դիմագրավել Արցախի բռնի հայաթափման հետևանքները, արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանության, Հայ Դատի միջազգային հետապնդման, ազգային և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև Սփյուռքի համախմբված դերակատարման հետ կապված լուրջ մարտահրավերները։ Միևնույն ժամանակ, Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացն առավել ակնհայտ է դարձնում համազգային համախմբման և ակտիվության անհրաժեշտությունը։

Նիստը հնարավորություն տվեց վերարժևորելու Փարիզի խորհրդաժողովի արդյունքները, ներկայացնելու վերջին երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և քննարկելու հետագա քայլերը։ Համադրող կազմը ներկայացրեց խորհրդաժողովից ի վեր իրականացված աշխատանքները, այդ թվում՝ չորս կլոր սեղանների մասնակիցների միջև կազմակերպված աշխատանքային հանդիպումները, զեկույցների և ամփոփագրերի պատրաստումը, ինչպես նաև մամուլում, սոցիալական ցանցերում և համայնքային շրջանակներում արձագանքների տարածումը։

Նիստի ընթացքում ցուցադրվեց խորհրդաժողովն ամփոփող տեսանյութը, որը ևս մեկ անգամ ընդգծեց խորհրդաժողովի նշանակությունն ու դրա շուրջ ձևավորված դրական նոր հեռանկարները։

Քննարկումների ընթացքում ներկայացվեցին նաև կլոր սեղանների վերջնական ամփոփագրերը, որոնք վերաբերում են Սփյուռքի ռազմավարական դերակատարմանը, ազգային ինքնության և արժեքների պահպանմանը, Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացմանը և համազգային նպատակների շուրջ սփյուռքյան զորաշարժի ամրապնդմանը։

Առանձին ներկայացվեց խորհրդաժողովին նվիրված կայքէջը, որտեղ տեղադրվելու է խորհրդաժողովի ամբողջական արխիվը՝ զեկույցները, տեսագրությունները, լուսանկարները, հայտարարագիրը, հոդվածները, հարցազրույցները և այլ նյութեր՝ ապահովելով կատարված աշխատանքների երկարաժամկետ պահպանումն ու հանրային մատչելիությունը։

Ժողովի եզրափակիչ քննարկումը նվիրված էր հետագա ուղղություններին։ Մասնակիցները վերահաստատեցին, որ Փարիզի խորհրդաժողովում ձևակերպված սկզբունքներն ու առաջնահերթությունները շարունակում են մնալ համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչները։ Նրանք ընդգծեցին համախմբված, կազմակերպված և շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության ազգային շահերի։

Առցանց նիստը ևս մեկ անգամ հաստատեց, որ Փարիզի խորհրդաժողովը ոչ թե մեկանգամյա միջոցառում էր, այլ սփյուռքի ներուժի համախմբման գործընթացի սկիզբ, որի նպատակն է միավորել սփյուռքյան ներուժը և այն ծառայեցնել համազգային ռազմավարական նպատակների իրականացմանը։

Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովի

համադրող կազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031