ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի երիտասարդական խորհրդի անդամների հետ։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով․ երիտասարդները նախարարին հարցեր են ուղղել հուշարձանների պահպանության, երիտասարդական ծրագրերի, բարձրագույն կրթության, դպրոցաշինությանը, կրթական բարեփոխումների, արվեստի ոլորտին հատկացվող պետական դրամաշնորհների և այլնի վերաբերյալ։
Ըստ նախարարի՝ պետությունը կապիտալ ներդրումներ է կատարում կրթական, մշակութային և սպորտային ծառայությունների որակի բարձրացման, ոլորտային կազմակերպությունների գործունեությունն ու կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
Եվ այդ ոլորտներում երիտասարդների մասնակցության ու դերի տեսանելիության բարձրացմանն է ուղղված երիտասարդական քաղաքականությունը, որի մշակման և իրականացման գործընթացում պարտադիր է երիտասարդների մասնակցությունը՝ լսելու նրանց դիտարկումները, առաջարկները, գաղափարներն ու կարիքները:
Այս համատեքստում նախարարը, որպես աշխատելաոճ, կարևորել է երիտասարդների հետ հաճախակի հանդիպումները և հավելել՝ իբրև նախարար՝ պարբերաբար հանդիպումներ է ունենում նաև ուսանողների, աշակերտների, ուսուցիչների, արվեստագետների, մարզիկների և գիտնականների հետ։
Կարդացեք նաև
Անդրադառնալով մշակույթի ոլորտի բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդելը, ըստ որի՝ որքան սեփական եկամուտ կունենա կազմակերպությունը, պետությունը կհատկացնի դրա կկրկնապատկը։
Ըստ նախարարի՝ այսօրինակ փոփոխությունները որակական նոր չափանիշներ են սահմանում ոլորտում՝ նպաստելով նաև հանրային կյանքի զարգացմանը. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր երկրում յուրաքանչյուր երիտասարդ տեսնի, որ իր զարգացման համար ստեղծված են ինքնիրացվելու լավագույն պայմանները»:
Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է նաև առաջին անգամ ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, դրա մշակման նախապատմությունը:
«Օրենքը ստեղծում է ինստիտուցիոնալ մի միջավայր, որի շրջանակում կարողանում ենք ավելի արդյունավետ աշխատել: Մեր ամենակարևոր գործիքներից մեկը երիտասարդական կենտրոններն են, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել տարբեր ոչ ֆորմալ կրթական դասընթացների, որակյալ ժամանց անցկացնել, սեփական գաղափարները ձևակերպել և այլն:
Այս պահին ունենք ավելի քան 20 նման կենտրոններ, որոնք հիմնվել են հասարակական կազմակերպությունների, համայնքի և պետության համագործակցության արդյունքում։ Այս քաղաքականությունը շարունակելու ենք, և առաջիկա տարիներին ավելի մեծ թվով բնակավայրերում են բացվելու երիտասարդական կենտրոններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա հավելել է, որ մշակվում է երիտասարդական կենտրոնները կրթահամալիրների հետ համադրելու նոր քաղաքականություն: Կառավարությունը լայնածավալ դպրոցաշինություն է իրականացնում՝ տարբեր բնակավայրերում կառուցելով նոր դպրոցներ և մանկապարտեզներ։
Նորակառույց դպրոցները համայնքների կյանքում կարող են ավելի լայն նշանակություն ունենալ՝ բացի կրթությունից նաև մշակութային և մարզական ծառայություն մատուցելով։ Ըստ նախարարի՝ դպրոցներում նաև երիտասարդական միջավայրեր կձևավորվեն, որպեսզի դասերից հետո նաև կյանքը ուսումնական հաստատությունում շարունակվի նոր տրամաբանությամբ:
Խորհրդի անդամ երիտասարդները ներկայացրել են իրենց գործունեությունը՝ հանդիպումները տարբեր ոլորտների պաշտոնյաների հետ, թեմատիկ վերապատրաստումները և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, ճանաչողական այցերը ՀՀ պատմամշակութային վայրեր։ Նրանք հատկապես ոգևորությամբ են պատմել տարբեր հուշարձանների տարածքներ կատարած ճանաչողական այցերի մասին:
Ասվածի համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտի քաղաքականությունը, պետության վերջին տարիների ներդրումներն ու աշխատանքները. 2021-ի նկատմամբ նախորդ տարի ավելի քան 500%-ով ավելացվել է հուշարձանների վերականգնմանն ուղղված բյուջեն։
Նշելով, որ պատմական կամուրջների վերականգնումն այժմ պետության ուշադրության կենտրոնում է, նախարարը հիշատակել է վերջերս պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնված Կարմիր կամուրջ հուշարձանը, որը դարձել է Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը: Նա ներկայացրել է նաև Ամբերդ ամրոցի տարածքում իրականացվող աշխատանքները, որոնց ընթացքում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:
«Բացի հուշարձանների վերականգնումից՝ շատ կարևորում ենք, որ դրանք պատշաճ միջավայրեր ունենան: Այժմ հուշարձաներին կից մոդուլային կենտրոններ են կառուցվում. որոշ տեղերում դրանք արդեն գործում են, իսկ առաջիկայում կսկսեն գործել Լոռի բերդում, Խնձորեսկում, Զորաց քարերում, Բջնիում՝ ապահովելով պատշաճ պայմաններ զբոսաշրջային այցելությունների համար»,- ասել է նախարարը և ընդգծել՝ հուշարձանները պետք է դառնան տնտեսական կյանքի մաս։
Նախարարը պատասխանել է նաև մասնակիցների մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են բուհերում ուսման վարձավճարների փոխհատուցմանը, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ընդլայնմանը, ուսանողական և երիտասարդական շարժունությանը և այլն։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































