Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները ստում են՝ եթե կարողանաս ԵՄ արտահանում անել, ապա շատ քիչ քանակով եւ բազմաթիվ փաստաթղթեր հավաքելուց հետո»․ 1,5 տոննա ծիրանի արտահանման ոդիսականը

Հուլիս 26,2026 12:39 Share

Արագածոտնի մարզի Արտենի համայնքի բնակիչ Հայկ Սահարյանը փորձել է, բայց չի կարողացել իր ծիրանն արտահանել Եվրոպա։ «Առավոտ»-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ խնդիրների է բախվել։ «Իշխանությունները ստում են՝ եթե կարողանաս Եվրոպա արտահանում անել, ապա շատ քիչ քանակով, այն էլ բազմաթիվ փաստաթղթեր հավաքելուց հետո, եթե, իհարկե, հնարավոր լինի այդ փաստաթղթերը հավաքել»,- ասաց նա։

Հայկ Սահարյանը ծիրանի մեծ այգի ունի, տարեկան, իր խոսքով, մոտ 50 տոննան ծիրանի բերք է ունենում, այս տարի բերքի ծավալը համեմատաբար քիչ է։ «Մեկ ամիս առաջ արտահանողը եկավ՝ ինձ ծանոթ մարդիկ, խոսեցինք, պայմանավորվեցինք, որ բերքը կարտահանեն, նախնական 1,5 տոննա պետք է տանեին՝ Արտենի բրենդի ներքո։ Ճիշտ է, տարեկան 50 տոննա ծիրան եմ ունենում, 1 տոննան ոչինչ է, բայց քանի որ այս տարի բերքը քիչ է, համաձայնեցի։ Եկան, ծիրանը նկարեցին, հավանեցին, ես բանվորների կանչեցի, որ հավաքեին։ Մեծ գումար ծախսեցի, քանի որ 10 հոգի կանչել էի, մեկ անձին 10 հազար դրամ վճարեցի։ Երեկոյան ուշ ժամի զանգեցին, ասացին՝ առավոտյան չենք կարող գալ, պետք է ծիրանը ուղարկես Երեւան, ուղարկենք լաբորատորիա»,- պատմեց Հայկ Սահարյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ օրը իր ծիրանից նմուշ են տարել լաբորատորիա, բայց մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել արտահանող ընկերությունից, արտահանողն այլեւս չի զանգել։

«Ես այդ ժամանակ գնորդներ ունեի, Իրանով մի կերպ արտահանում էին իմ ապրանքը, բայց քանի որ պայմանավորվել էի Եվրոպա արտահանման համար, բերքս իրենց չտվեցի։ Երբ Եվրոպա արտահանումը ձախողվեց, այն մարդիկ, ովքեր ինձանից ծիրան էին ուզում՝ Իրանով արտահանելու համար, արդեն զանգերիս չպատասխանեցին, այսինքն՝ ես տուժեցի։ Հիմա տեղական շուկայում մի կերպ իրացում ենք՝ մի օր լավ, մի օր վատ»,- ասաց նա։

Հայկ Սահարյանը նաեւ ներկայացրեց, թե ինչ փաստաթղթեր են պետք՝ ԵՄ շուկա արտահանում իրականացնելու համար։

Պահանջվող փաստաթղթեր՝ հաշիվ ապրանքագիր՝ արտահանողի եւ մատակարար ընկերության միջեւ, ավիաբեռնագիր, ֆիտոսանիտարական սերտֆիկատ, ծագման երկրի սերտիֆիկատ, առք ու վաճառքի պայմանագիր՝ կնքված արտահանողի եւ գյուղացու միջեւ, պայմանագիր՝ արտահանողի եւ բրոքերային ընկերության միջեւ։ Արտահանողը 10 հազար դրամ պետք է վճարի Առեւտրաարդյունաբերական պալատին, 5000 դրամ՝ մինչեւ 3 տոննա ապրանքի արտահանման պետական տուրքի վճար։ Բացի դա, 100 հազար դրամ բրոքերի ծառայության վճարն է, որն իր մեջ ներառում է բեռի մուտքը կարգո բեռնային համալիրի արտահանման գոտի, ֆիտոսանիտարական սերտիֆիկատի կազմակերպում, ծագման երկրի սերտիֆիկատի կազմակերպում, բեռնափոխադրող ընկերության հետ փաստաթղթերի կազմակերպում։ Ծագման երկրի սերտիֆիկատի տրամադրումը կազմակերպում է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը։ Ֆիտոսանիտարական սերտիֆիկատը տրամադրում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Իսկ գյուղացին պետք է գյուղապետարանից տեղեկանք վերցնի՝ հողի դիրքի հետ կապված՝ որտեղ է գտնվում հողը, քանի հեկտար է, որքան բերք է հավաքվել։

Հայկ Սահարյանից հետաքրքրվեցինք՝ նախկինում Ռուսաստան արտահանման ժամանակ այսքան փաստաթղթեր չէին պահանջո՞ւմ։ «25 տարուց ավելի ծիրանի այգիներ ունեմ, Ռուսաստան արտահանում իրականացնողներն ամեն տարի եկել են, առանց խոչընդոտ, առանց փաստաթղթերի իմ ապրանքը տարել են։ Մարդը եկել է, ծիրանի գինը խոսել ենք, աշխատողներ է բերել, այգում բերքը հավաքել են, գումարը տվել ու գնացել։ Միայն վրացիների վաճառելու համար ենք գյուղապետարանից տեղեկանք վերցրել, որ ծիրանի այգի ունենք»,- ասաց նա։

Հայկ Սահարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ֆերմերները որոշել են բողոքի ցույց իրականացնել՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնց բախվում են։ Չնայած՝ համոզված են, որ կառավարությունում լավ գիտեն այս խնդիրների մասին։ «Եթե այսպես շարունակվի, հաջորդ տարի խնդիր է լինելու, երեւի այգիները կտրենք, վառելափայտ անենք։ Մենք դեմ չենք, թող Եվրոպայում էլ շուկա գտնեին, բայց Ռուսաստանի շուկան չփակեին հայ արտահանողների համար։ Այս իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում ռուսական շուկան փակվեց մեր առաջ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031