Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի գործերը ուկրաինական ճակատում որքան բարդ են լինում, այնքան Ադրբեջանի լեզուն ավելի երկարում է»

Հուլիս 27,2026 19:22 Share

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում, խոսելով ռուս-ուկրաինական առճակատման նոր թափ ստանալու մասին, ասաց. «Արևմտյան երկրների աջակցությամբ և քաջալերմամբ Ուկրաինան ձեռք է բերել սպառազինություն, որով մինչև 2500-3000 կմ կարողանում է Ռուսաստանի խորքերը թիրախավորել։ Ռուսաստանին հիմա դնում են մի վիճակի մեջ, որ կամ Ռուսաստանը պիտի ընդլայնի պատերազմի աշխարհագրությունը՝ որպես թիրախ ունենալով նաև Ուկրաինային անմիջական աջակից եվրոպական երկրները, կամ պիտի ընդունի խաղաղության այն պայմանները, որ եվրոպացիները պարտադրում են։

Դատելով Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հարցազրույցից՝ ռուսները նահանջել չեն պատրաստվում։ Ցավոք սրտի, առաջիկայում, եթե ոչ աշխարհագրական առումով, ապա բուն պատերազմական գործողություններում, մենք ականատես կլինենք էսկալացիայի մեծացմանը։

Ռուսաստանին խորքային հարվածները ստրատեգիական առումով պատերազմի ընթացքի մեջ ոչինչ չեն փոխում, որովհետև ռազմաճակատի երկայնքով, միևնույն է, շարունակվում է ռուսների, թեև փոքր, բայց առաջխաղացումը։ Մեծ հաշվով նրանք նպատակ ունեն Ռուսաստանում հասարակական կարծիք ձևավորել և այդ հասարակական կարծիքով ազդել Պուտինի կայացնելիք որոշումների վրա։

Ինչպիսին կլինեն իրադարձությունները, դժվար է կանխատեսել, բայց ես այս համատեքստը, որը Ռուսաստանի համար այնքան էլ բարենպաստ չէ, ինձ առայժմ չի ստիպում փոխել իմ հիմնական կարծիքը, որ ստրատեգիական իմաստով տեղի ունեցողը պատերազմի ընթացքի վրա չի ազդելու։ Եվ ի վերջո, ընդամենը Ուկրաինայի հեգեվարքն է երկարաձգվում։ Այսինքն, Արևմուտքն իր հարցերը լուծում է Ուկրաինայի հաշվին»։

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ դա մեզ համար խիստ մտահոգիչ է, որովհետև նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում չի ավարտվելու, այլև դեռևս էսկալացիայի նոր փուլեր ենք տեսնելու։

«Սա, անշուշտ, ավելի ազատում է Ադրբեջանի ձեռքերը։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ Ռուսաստանի գործերը ուկրաինական ճակատում որքան բարդ են լինում, այնքան Ադրբեջանի լեզուն ավելի երկարանում է։ Սա ստատուս-քվո է, որը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Մարկ Ռուբիո-Սերգեյ Լավրով հանդիպմանը՝ Սուրենյանցն ասաց. «35 րոպեում դժվար թե Ռուբիոն և Լավրովը կարողանային ֆունդամենտալ ինչ-որ խնդիր քննարկել։ Առավել ևս՝ այդ խնդրի շուրջ գային այնպիսի համաձայնությունների, որոնք միջազգային իրավիճակի վրա բեկումնային ազդեցություն կունենային։ Ես կարծում եմ՝ զրույցն ավելի շատ տեխնիկական խնդիրների շուրջ է եղել։ Համենայն դեպս, ամերիկյան և ռուսական մամուլը շատ ուշադիր ուսումնասիրել եմ և որևէ տեղ չեմ տեսել, որ այդ հանդիպման համատեքստում խոսված լինի ինչ-որ առաջընթացի մասին։

Ընդհակառակը, այդ հանդիպումից հետո շատ ինտենսիվ լուրեր սկսեցին տարածվել, որ Անքորիջի՝ Ալյասկայի Թրամփ-Պուտին պայմանավորվածությունները այլևս անցյալում են, և նոր գաղափարներ են պետք։ Այդ մասին Ռուբիոն շատ բացահայտ է ասել, ռուսներն էլ Պեսկովի մակարդակով շարունակել են պնդել Լավրովի և Պուտինի այն թեզերը, որոնք մեզ հայտնի են»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031