ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել։
Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից, բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։
Փաստերով ներկայացնեմ. սկզբում Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դեմ։
Կարդացեք նաև
Հետո Ադրբեջանի ղեկավարն է ՀՀ կառավարիչներից պահանջում փոխել Սահմանադրությունը։
Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի դեմ «պլացդարմ»։
Քիչ անց ԱՄՆ-ն իր ձեռքում կենտրոնացնում է TRIPP նախագծի վերահսկողական փաթեթը։
Այնուհետև Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։
Հիմա էլ Ռուսաստանից են առաջարկում ՀՀ-ում իրականացնել հանրաքվե։
Ինչպես տեսնում ենք, չկա մի օրակարգ, որն արտաքին ազդեցություն չունենա։
Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից և ինքնիշխանությունից։
ՀՀ-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բավարարման ու հնարավոր բախման վայր։
Պատկերացնո՞ւմ եք, եթե ՀՀԿ իշխանության տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լիներ։
Ի՞նչ կանեին ու կասեին այսօրվա «ինքնիշխանները»։
Բա խոսե՞ք, ինչո՞ւ եք բերաններդ ջուր առել։
Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց, որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և ամենևին կապ չունի, թե այդ «առաջարկները» որտեղից են հնչում»։


















































