«Հուլիսի 28-ին նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված է թիրախ, որ 2030 թ. պետք է ամբողջ աշխարհում հասնենք Հեպատիտ C-ի և Հեպատիտ B-ի էլիմինացիային (հեռացմանը)»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանը:
Նա տեղեկացրեց, որ դրա շրջանակներում Հայաստանում 2020-ից գործում է Հեպատիտ C-ի ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ստանալ անվճար հակավիրուսային դեղորայք՝ վիրուսի բուժման նպատակով, նաև հաջորդ տարվանից պլանավորվում է ներդնել Հեպատիտ B-ի ազգային ծրագիրը ևս:
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի խոսքով՝ հուլիսի 28-ը պատահական չի ընտրվել, դա նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Նա ընդգծեց, որ վիրուսային հեպատիտներն առայսօր համարվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ մարտահրավերները:
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահը վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց. «Առայսօր 296 միլիոն քրոնիկ վիրուսակիրներ կան ամբողջ աշխարհում: Շատ պացիենտներ, սակայն, դեռևս իրազեկված չեն, որ ապրում են այս վիրուսի հետ: Մինչև 10% ախտորոշում ունենք ամբողջ աշխարհում, մնացածները դեռևս իրազեկված չեն այս չարիքի գոյության և համակեցության մասին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայաստանին, Հասմիկ Ղազինյանի խոսքով, պատկերն այսպիսին է. «Հայաստանում Հեպատիտ B-ի նախնական տվյալների համաձայն ունենք 2% վարակվածություն: Հեպատիտ C-ի պարագայում վիրուսակիրները 2,2% են կազմում: Ցավոք, Հայաստանում էլ իրազեկվածության աստիճանը նույնն է, ինչ աշխարհի բոլոր երկրներում, ինֆեկցվածները մեծամասամբ իրազեկված չեն»: Նա նշեց, որ հրահանգ կա՝ ցանկացած վիրահատական միջամտությունից առաջ պացիենտները պետք է հետազոտվեն Հեպատիտ C-ի և Հեպատիտ B-ի համար, նաև բոլոր հղիներն են հետազոտվում:
Արմեն Օհանյանը հայտնեց, որ 2020 թվականից սկսած, ընդհանուր առմամբ շուրջ 4500 բուժառու բուժում է ստացել, իսկ 300-400-ն բուժման ընթացքում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































