Aravot.am-ի տեղեկություններով, հակակոռուպցիոն կոմիտեն ՀՅԴ անդամ, «Համազգային հայ կրթական ու մշակութային հիմնադրամի» Գյումրու գրասենյակի տնօրեն, արցախյան պատերազմների մասնակից, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանին վերագրվող կաշառք տալու-ստանալու գործի շրջանակում ձերբակալել է նաև 21-ամյա աղջկա՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Մ․Մ․-ին:
ՀՅԴ Շիրակի մարզային կառույցից տեղեկացանք, որ 21-ամյա աղջկան ձերբակալել են ավելի վաղ՝ նախքան Արա Նախշքարյանի բնակարան այցելելը։
Այս նույն կառույցից նաև փոխանցեցին, որ աղջիկը եղել է հանձնաժողովի անդամ «Հայաստան» դաշինքի կողմից։
Այս քրեական վարույթը նախաձեռնվել է հեռախոսային խոսակցության հիման վրա, Մ․Մ․-ն իրավապահների տիրույթում է հայտնվել, քանի որ հնչել է նաև նրա անունը։ Աղջիկը կասկածվում է միջնորդի միջոցով «Հայաստան» դաշինքի հանձնաժողով անդամ դառնալու համար։
Կարդացեք նաև
ՀՅԴ-ականները նշում են, որ Արա Նախշքարյանը չի ճանաչել նրան, երբևէ շփում չի ունեցել։
Մեր աղբյուրների տեղեկացմամբ էլ, Մ․Մ․-ն, մասնակցելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած դասընթացին, բարձր միավորներ է հավաքել ու ցանկություն հայտնել ընդգրկվել ընտրական գործընթացում՝ որպես հանձնաժողովի անդամ։
Նա այս նպատակի համար դիմել է տարբեր կուսակցությունների գրասենյակներ՝ սկզբում ՔՊ-ին, հետո ԲՀԿ-ն, սակայն տեղերը համալրված են եղել ու դիմել է «Հայաստան» դաշինքին։
Նա, մեր աղբյուրների պնդմամբ, որևէ առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ, քաղաքականությամբ հետաքրքրված չէ, ընդգծված քաղաքական հայացքներ չունի։
Հիշեցնենք, որ Արա Նախշքարյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱԺ ընտրություններին նախորդող օրերին։
Նա իր տունը խուզարկելու եկած քննիչներից ու ԱԱԾ-ականներից էր տեղեկացել, որ քրեական վարույթ կա նախաձեռնված։
Արա Նախշքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։ Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Արա Նախշքարյանի ֆեյսբուքյան էջից


















































