Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մեր գործընկերներն ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում․ դա ինչանո՞վ է բարեկիրթ»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Օգոստոս 02,2026 15:07 Share

«Այստեղ պետք է լիներ ԲՀԿ-ն, որը ստացել էր այդ ձայները, որից ուղղակի գողացան մանդատները, որ դուք ունենաք 3/5-ը։ Սա ինչքանո՞վ է բարեկիրթ, ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցողն ինչքանո՞վ է բարեկիրթ։ Իմ շատ գործընկերներ եղել են ապօրինի քրեական հետապնդման ու կալանքի մեջ, ենթարկվել ձեր կառավարության կողմից խոշտանգումների և քաղաքական հետապնդումների։ Հիմա մենք չենք կարող այս ամենից դուրս գալ ու մտածել՝ վակուում ենք։ Այս ամենն ինչքանո՞վ եք համարում բարեկիրթ ու ժողովրդավար, Ձեր առաջարկն ինչքանո՞վ է անկեղծ ու իրատեսական»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուբինյանի՝ միմյանց հետ բարեկիրթ լինելու և զրոյական կետից սկսելու առաջարկին։

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ Ձեր ներկայացրածը բարեկրթության հետ կապ չունի․ «Դուք դրանք մեկնաբանում եք այնպես, ինչպես մեկնաբանում եք։ Ես համաձայն չեմ Ձեր մեկնաբանության հետ, բայց դա բարեկրթության հետ կապ չունի։ ՀՀ-ում գործում է օրենքը, և իրավապահները, դատական մարմիններն աշխատում են համապատասխանաբար։ Քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ՝ ինչ է դա։ 2008-ի մարտի 3-ին, երբ Ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները և սկսեցին մեր տունը խուզարկել։ Հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց և այլևս չեկավ՝ երեք ամիս։ Մեղադրանք առաջադրեցին պետական իշխանության բռնազավթման հոդվածով։ Ինքը կատարելապես անմեղ էր։ Ես գիտեմ՝ որն է բռնաճնշումը, 18-ամյակս դիմավորել եմ իմ հոր՝ կալանավորված վիճակում։ Բարեկրթությունն այն է, որ իմանալով՝ ամենայն հավանականությամբ Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, միևնույն է՝ կարծում եմ՝ պարտավոր եմ Ձեզ հետ շփվել բարեկրթության սահմաններում և իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով»։

ԱԺ նիստն` ամբողջությամբ

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել