Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ադրբեջանամետ ռեժիմն, ի վերջո, տապալվելու է

Օգոստոս 05,2026 13:00 Share

Նրա սպասավորները եւ «յոլա գնացողներն» արդարացումներ են փնտրելու

1940 թվականի հուլիսից մինչեւ 1944 թվականի օգոստոս Ֆրանսիայի մի մասում հաստատվել էր կոլաբորացիոնիստական, թշնամու հետ համագործակցող ռեժիմ՝ մարշալ Պետենի գլխավորությամբ: Այդ ռեժիմը կոչվում էր «վիշիստական», որովհետեւ կառավարությունը գտնվում էր ոչ թե Փարիզում, այլ Վիշի առողջարանում:

1940 թվականի ռազմական պարտությունից հետո Ֆրանսիայի հյուսիսային եւ ատլանտյան տարածքները գտնվում էին գերմանական զորքերի ուղիղ օկուպացիայի տակ, իսկ հարավային մասում ձեւականորեն «ֆրանսիական» կառավարություն էր, որը նացիստական Գերմանիայից չափազանց մեծ կախում ուներ: Օրինակ, Պետենի վարչակազմն ընդունել էր հրեաների դեմ, ըստ էության, ռասիստական օրենքներ, եւ, ըստ որոշ պատմաբանների, հաճախ սեփական նախաձեռնությամբ, առանց Բեռլինից եկող հատուկ հրահանգների, փողոցներում իրականացնում էին հրեաների ձերբակալություններ եւ արտաքսում էին նրանց, այդ թվում՝ նացիստական «մահվան ճամբարներ»:

Եվ դա անում էին ՖՐԱՆՍԻԱՑԻ ոստիկաններն ու իրավապահները: Հայտնի է, որ մարդիկ ընդունակ են ստորությունների՝ առանց «արտաքին ազդակների», երբ նրանք խրվում են մեղքերի եւ անօրեն գործերի մեջ: Այդ դեպքում նրանք դառնում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», կամ, տվյալ դեպքում՝ գերմանացի նացիստներից ավելի նացիստ:

Այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի հասարակությունը բաժանվել էր երեք մասի. 1/ Պետենի կողմնակիցները, որոնք համագործակցում էին նացիստական Գերմանիայի հետ, 2/ նրանք, ովքեր փորձում էին այդ ամենը վերապրել, «յոլա տանել» եւ որեւէ խնդրի չխառնվել (սովորաբար նմանները մեծամասնություն են կազմում), 3/ նրանք, ովքեր դիմադրում էին վիշիստական ռեժիմին:

Երբ այդ ռեժիմը տապալվեց, վայրագ բռնաճնշումներ իրականացնողներից շատերն արդարանում էին, որ իրենք իրենց աշխատանքն էին կատարում՝ գործող օրենսդրության շրջանակներում: Այս պարագայում նման արդարացումները մասամբ կարող են եւ ճիշտ լինել՝ խամաճիկ խորհրդարանն իսկապես ընդունել էր մարդատյաց մի շարք օրենքներ:

Երբ Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, ադրբեջանամետ, թրքամետ կառավարությունը տապալվի, հայրենի «իրավապահները» նման արդարացում չեն ունենա. կհարուցվեն տասնյակ, գուցե հարյուրավոր քրեական գործեր՝ ապօրինի հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների, դատարանների որոշումների եւ դատավճիռների վերաբերյալ:

Բայց ինձ հետաքրքրում է ոչ այնքան ապագան, որքան այն, թե ինչ են ՀՀ քաղաքացիներն անում հիմա: Հիշենք, որ ժամանակին վիշիստական կառավարության դեմ միավորվել էին բոլոր պարկեշտ ֆրանսիացիները՝ կոմունիստներից սկսած՝ ռոյալիստներով (միապետության կողմնակիցներով) վերջացրած: Դժվար է ենթադրել, որ Մարքսի եւ Բուրբոնների գաղափարակիցները իրար շատ էին սիրում, կամ գաղափարական առումով ընդհանրություններ ունեին: Բայց նրանք բոլորը ֆրանսիացիներ էին՝ ոչ թե էթնիկ առումով (Միսակ Մանուշյանն, օրինակ, հայ էր), այլ քաղաքացիական ազգ լինելու առումով: Այդ հազարավոր մարդկանց համար կարեւոր էր ցույց տալ, որ իրենք չեն հանդուրժում օտար տիրապետությունը եւ արժանապատվության ոտնահարումը:

Փաշինյանի ավտորիտար ռեժիմն, անշուշտ, մի օր տապալվելու է: Նրան այսօր ծառայողներին իզուր է թվում, որ այդ ռեժիմը հավերժ է՝ ապօրինությունները եւ, ի դեպ, կոռուպցիան (այո-այո) անխուսափելիորեն ի հայտ են գալու: Նախորդ 35 տարիների, ինչպես նաեւ ողջ մարդկության պատմության փորձը դա՛ է ցույց տալիս:

Սակայն նրանք, ովքեր պարզապես վերապրում են, մի կերպ «յոլա են տանում» այս ժամանակները, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն, թե «տակից», զբաղված են իրար դեմ կռվելով, նրանք նույնպես ունեն իրենց պատասխանատվության բաժինը:

Հիմա այդ մարդիկ իրենց կեցվածքի համար ցավ չեն ապրում, իսկ հետո, կարծում եմ, նույնպես արդարացումներ կփնտրեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել