Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է պատահում, որ Ռուսաստանում ծնված, Ամերիկայի քաղաքացիություն ունեցող Սոկոլով ազգանունով մի հրեա, որը հիմա էլ TRIPP ձեռնարկության տնօրենն է, միանգամից Հայաստանի հիմնարար ճյուղերում սեփականատեր է դառնում»

Օգոստոս 10,2026 21:21 Share

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում, խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման, բիզնեսները և ունեցվածքը խլելու մասին, ասաց․ «Հեռվից գամ։ Տրանսֆորմացիոն փուլերում, երբ որ հասարակարգեր կամ աշխարհակարգեր են փլուզվում, նախնական կուտակման պրոցեսը իդեալական չի եղել։ Այդպես է աշխարհի բոլոր երկրներում։

Հայտնի բրենդ դարձած միլիարդատերերի անունները, որ այսօր գիտենք, բոլորն էլ իրենց առաջին մեկ միլիոնը ոչ այնքան արդար են աշխատել։ Հայաստանի երկու շատ կարևոր սպեցիֆիկա առանձնացնենք, որը չէր կարող սեփականաշնորհման գործընթացը լրիվ արդար դարձնել։ Առաջինը Հայաստանի շրջափակումն էր, իսկ շրջափակման պարագայում մրցակցությունը պակաս է լինում։ Երկրորդը՝ հենց պատերազմի գործոնը։

Պատկերացրեք, հաղթած տղաները դիրքերից վերադառնում են ու այդ փուլում արդեն հասարակական շերտավորում է տեղի ունեցել։ Պետությունը պետք է փորձեր այդ տղաներին որոշակիորեն մասնակից դարձնել այդ պրոցեսին։ Գուցե ամենալավ ձևով չի արվել։ Ամբողջ աշխարհն է այդ պրոցեսն անցել։ Բայց ամբողջ աշխարհում մտածել են գործիքներ՝ հասարակական բևեռացումը կանխելու ուղղությամբ։ Օրինակ, թող ընդունեին հակամենաշնորհային այնպիսի օրենսդրություն, որ, ասենք, սուպերմարկետները չխեղդեին փոքր խանութներին։

Ամբողջ աշխարհում կա հակամենաշնորհային օրենսդրություն։ Կամ Ֆրանսիան մի փորձ է կիրառել, որը 10 տարի և ավել գործում է։ Շքեղության հարկը։ Փորձում են հարուստներից ավելի շատ հարկեր գանձելով՝ նրանց մոտ սոցիալական տուրքի կամ սոցիալական պատասխանատվության ինստիտուտը բարձրացնել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մի մեծահարուստ, որն այդ մեխանիզմներին դեմ է։

Եվ ամենակարևոր դիտարկումը։ Այո, շատերը հարստացան, բայց քչերը կարողացան դա վերածել կայուն ենթակառուցվածքի, տնտեսական արդյունավետության, տնտեսական բարիքի։ 2000-ականների կեսին կար Հարություն Փամբուկյան անունով մի մեծահարուստ։ Բայց հիմա նա չկա։ Ես չեմ ասում, թե միայն Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն են հաջողել։

Խաչատուր Սուքիասյանն էլ է հաջողված գործարար, Սամվել Ալեքսանյանն էլ։ Էլի կան։ Ես այստեղ քաղաքական կողմը չեմ ասում։ Բայց եթե այս կուլակաթափության պրոցեսը շարունակվի, իրենց դռանն էլ է չոքելու, որովհետև դա անզուսպ պրոցես է, որ, եթե տաբու չի լինում, մի տեղ չես կանգնեցնում, մտնում, խժռում է։

Ես մի քանի տաղավարներում բացատրել եմ։ Վերցրեք, պարզեք։ Դժվար չէ։ Ո՞նց է պատահում, որ մեզ անծանոթ մի Սոկոլով ազգանուն՝ հրեա, Ռուսաստանում ծնված, Ամերիկայի քաղաքացիություն ունեցող, որը հիմա էլ TRIPP ձեռնարկության տնօրենն է, միանգամից Հայաստանի հիմնարար ճյուղերում սեփականատեր է դառնում։ Ես կարո՞ղ եմ ենթադրել, որ սա ոչ միայն կուլակաթափություն է, այլև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեցող կուլակաթափություն։ Այսինքն, որոշակի շուկայի կամ պետության հետ բարի հարաբերություն ունեցող մարդիկ կուլակաթափ են արվում և դրա փոխարեն Արևմուտքի հետ ասոցացվող ինչ-որ մարդիկ, ի դեմս Սոկոլովի, որի անունը վստահաբար վեց ամիս առաջ ոչ ոք չէր լսել, հիմա Թեղուտի տերն է, Վիվա-Սելի տերն է։ Շատ կարևոր է սա հասկանալ»,- ասաց քաղաքագետը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել