Սերբիայի Լոզնիցա քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրվանից հետո պայքարը շարունակելու իրավունք ստացել են Հայաստանի երկու բռնցքամարտիկներ:
65 կգ քաշային կարգում Սուրեն Կատվալյանը արդեն երկրորդ ռաունդում երրորդ անգամ նոկդաունի է ենթարկել լատվիացի Ռոմանս Իլյինսին, որից հետո ռեֆերին դադարեցրել է մենամարտը:
Մեծ առավելությամբ հաղթանակ է տարել նաեւ 80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, որը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել Իսրայելը ներկայացնող Ջոզեֆ Շալելաշվիլուն:
Այսօր՝ մրցումային երրորդ օրը, Հայաստանի տղաների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի սաներից Տիգրան Կիրակոսյանը 50 կգ քաշային կարգում մենամարտելու է սերբ Պավլե Պոպովիչի հետ, 85 կգ-ում Տիգրան Սարգսյանի մրցակիցը լինելու է հունգարացի Գյուլա Բոզաին, 90 կգ քաշային Վարդան Ավետիսյանն ուժերը չափելու է լատվիացի Մարկուս Ռեկեի հետ, իսկ Արամ Թումանյանն ու ռուսաստանցի Իվան Բայբակովը հարաբերությունները պարզելու են գերծանր քաշային կարգում:
Կարդացեք նաև
Պայքարից անմասն չեն մնալու նաեւ մեր աղջիկները․ 48 կգ քաշում Սյուզաննա Իշխանյանը մենամարտելու է թուրք Ազրա Նուռ Սեթինի, իսկ Էվա Խլղաթյանը 56 կգ քաշային կարգում՝ բելառուս Սոֆյա Առլովայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































