Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի. Դավիթ Անանյան

Օգոստոս 17,2026 17:06 Share

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները սկսել է օգոստոսի 2-ին։ Խորհրդարանը դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է, և, իհարկե, ընդդիմադիր երկու խմբակցությունների գործունեության վերաբերյալ վերջնական գնահատական տալը վաղ է։

Սակայն նույնիսկ այս փուլում հնարավոր և անհրաժեշտ է լինել խորքային, բովանդակային ու օրակարգային։

Մեր ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից պարզապես կոշտ ելույթները, աղմկոտ հակադարձումները կամ իշխանության ներկայացուցիչների հետ անձնական բանավեճերը չեն։ Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան և Ազգային ժողովին պարտադրել Հայաստանի իրական խնդիրներից բխող օրակարգ։

Երբ ՔՊ-ական պատգամավորները փորձում են քննարկումները տեղափոխել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի կամ որևէ այլ անձի շուրջ ստեղծվող սադրանքների դաշտ, ընդդիմության ամենաարդյունավետ պատասխանը պարտադիր չէ լինի նույն տրամաբանությամբ հակադարձելը։ Այդ սադրանքին նույնիսկ պատասխանել պետք չէ, փոխարենը պետք է անմիջապես անդրադառնալ պետական նշանակության որևէ խնդրի։

Օրինակ՝ իրանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ «Չաբահար–Զահեդան» 634 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը մոտենում է ավարտին և գործարկմանը։ Այս զարգացումը կարող է էական նշանակություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների, Հյուսիս–հարավ միջազգային միջանցքի և Հայաստանի՝ Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորությունների համար։

Հետևաբար, Ազգային ժողովում կարող էր հնչել այսպիսի հարց․

«Կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման՝ Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Իրանի և Հնդկաստանի հետ վարվո՞ւմ են բանակցություններ Հայաստանի ներգրավման շուրջ։ Ի՞նչ ենթակառուցվածքային, մաքսային և լոգիստիկ քայլեր են նախատեսված, ի՞նչ ժամկետներում և ո՞ր պետական մարմնի պատասխանատվությամբ»։

Այնուհետև՝ հաջորդող հարցերը․ պատրա՞ստ է արդյոք «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի հայկական հատվածը, ի՞նչ վիճակում են Իրանի հետ սահմանային և մաքսային ենթակառուցվածքները, Հայաստանը կարո՞ղ է դառնալ Հնդկաստան–Իրան–Սև ծով փոխադրումների մասնակից, և այս ուղղությամբ կա՞ արդյոք պետական ռազմավարություն և այլն։

Հենց այսպիսի հարցերն են բացահայտում իշխանության իրական կարողությունը։

Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը։ Ոչ թե ընդդիմադիր պատգամավորի ձայնի բարձր տոնայնությունը, այլ նրա ներկայացրած տեղեկությունների, հաշվարկների և ռազմավարական պատկերացման խորությունը պետք է ստիպի իշխանությանը պատասխանել։

Եթե կառավարող ուժը չունի գնահատական, ծրագիր, բանակցային օրակարգ, ժամկետ կամ պատասխանատու մարմին, ապա նրա կառավարչական անպատրաստությունն ու բովանդակային դատարկությունը բացահայտվում են առանց որևէ վիրավորանքի։ Իսկ եթե ընդդիմությունն այդ նույն հարցի վերաբերյալ ներկայացնում է նաև սեփական լուծումները, հանրությունը տեսնում է ոչ միայն իշխանության անկարողությունը, այլև հնարավոր այլընտրանքը։

Սակայն դրա համար յուրաքանչյուր հարց պետք է նախապես պատրաստված լինի։ Այն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի վրա, բացահայտի Հայաստանի ռազմավարական շահը և իշխանությունից պահանջի ոչ թե ընդհանուր հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ, փաստաթղթեր, բյուջեներ, ժամկետներ ու պատասխանատուներ։

Խորհրդարանական ընդդիմության ուժը պետք է դրսևորվի տնտեսական, աշխարհաքաղաքական, անվտանգային, ժողովրդագրական, էներգետիկ և տեխնոլոգիական հարցերի շուրջ իշխանությունից ավելի բարձր մասնագիտական կարողություն ցուցադրելով։

Իշխանության յուրաքանչյուր սադրանքին պատասխանելով՝ ընդդիմությունը հայտնվում է իշխանության ընտրած դաշտում։ Իսկ Հայաստանի համար օրհասական հարցերը օրակարգ բերելով՝ հենց ընդդիմությունն է որոշում, թե ինչի մասին պետք է խոսի խորհրդարանը և ինչի համար պետք է հաշվետու լինի կառավարող ուժը։

Ուժեղ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31