«Այսօրվա վկայի հարցաքննությամբ փաստվեց, որ Սամվել Կարապետյանն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ ու առնչություն չունի։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է, կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ։ Վկան մանրամասնորեն հիմնավորեց, որ այստեղ պետությանը պատճառված վնասի մասին խոսք լինել անգամ չի կարող»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով այսօրվա նիստում «Nexia Armenia» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանի հարցաքննությանը։
Փաստաբանի խոսքով՝ վկան պատահական անձնավորություն չէր, այլ խնդրո առարկա ընկերությունների հաշվապահությունն իրականացնող ընկերության ղեկավարն էր։
«Մեղադրանքն այնպես է ձևակերպված, թե իբր հաշվապահական փաստաթղթերում կատարվել են չարաշահումներ ու խեղաթյուրումներ։ Վկային ուղղակի հարց տրվեց՝ նման բաներ տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Վկան շատ առարկայական հիմնավորեց, որ որևէ չարաշահում ու խեղաթյուրում չի եղել։ Դրա վառ ապացույցն այն է, որ առաջին հերթին այդ խեղաթյուրումն իրականացրած անձը՝ հաշվապահությունը վարած անձը, պետք է մեղադրյալի կարգավիճակ ունենար, ինչը մենք տվյալ դեպքում չունենք։ Այս բոլոր փաստական հանգամանքների համադրումը հաստատում է, որ այս գործն ապօրինի է»,- ասաց Ֆերոյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Կարապետյանին առնչվող մյուս քրեական գործին՝ https://www.aravot.am/2026/11/05/1591459/ փաստաբանն ասաց, որ արդեն ներկայացրել են վերաքննիչ բողոք։ Նրա խոսքով՝ մանրակրկիտ անդրադարձել են մեղադրանքի բոլոր հիմնավորումներին ու փաստարկներին։
«Գործ ունենք ծայրաստիճան քաղաքական հետապնդման հետ։ Վերաքննիչ դատարանի հետ կապված մեծ չեն մեր հույսերը։ Պարզապես պարտավոր ենք այս իրավական գործընթացն իրականացնել՝ ներպետական պաշտպանության միջոցները սպառելու տեսանկյունից»,- նշեց փաստաբանը։
Ֆերոյանն ասաց, որ այս պահին քննարկում են Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կապված տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման հետ։
«Թե վերջնական ինչ եզրահանգման կգանք, դեռ իրավական քննարկումների փուլում է։ Մենք ունենք նախադեպ, այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մեկ դեպք էլ է եղել, երբ տնային կալանքի տակ գտնվող անձին ձերբակալել և տարել են դատարան՝ կալանավորելու։ Այդ նախորդ դեպքով առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը՝ ասելով, որ այս մարդն արդեն գտնվում է կալանքի տակ։ Բողոք էր ներկայացվել Վերաքննիչ դատարան, այնտեղ էլ էին մերժել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ նույն մոտեցումը չկիրառվեց Սամվել Կարապետյանի դեպքում։ Ո՞րն էր տարբերությունը, որ այդ օրենքը Կարապետյանի դեպքում չգործեց, իսկ ուրիշների դեպքում գործեց։ Ակնհայտ է՝ սա ուղղակի քաղաքական հետապնդում է»,- ասաց Արմեն Ֆերոյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































