«Չեմ ուզում եզրույթ օգտագործել, որ դատավոր Ռուշանյանը «ձեռքերը լվանում է», քանի որ դատական նիստի ժամանակ ասաց, որ նույնիսկ իր արձակուրդից չի օգտվի եւ պատրաստակամ է գործը շարունակել, սակայն իրավական խնդիր է տեսնում։ Մենք այդ իրավական խնդիրը չենք տեսնում։ Այն արարքը, որը վերագրվում է Կաթողիկոսին եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականներին, այլ տեղ կատարվել չէր կարող, քան Մայր Աթոռում, որովհետեւ այն տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի շրջանակներում․ առաջարկը ստանալով՝ Կաթողիկոսն իր տնօրինչական լիազորությունների շրջանակներում կարգալույծ է հռչակել տուժող հռչակված Արման Սարոյանին»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ պատասխանելով դատավոր Սերժ Ռուշանյանի որոշմանը վերաբերվող հարցին։
Հիշեցնենք, դատավորն այսօր որոշեց Վեհափառի եւ վեց եպիսկոպոսների գործը ուղարկել Երևանի քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարան։
Ինչ վերաբերվում է Արման Սարոյանի՝ դատարանի դահլիճում արած հայտարարությանը, որ իր կյանքին վտանգ է սպառնում, Մարինե Ֆարմանյանն ասաց․ «Որեւէ վտանգ նրան չի սպառնում, նրա նկատմամբ տեղի է ունենում իրավաչափ հասարակական պարսավանք՝ հանրային հարթակներում, դատարանի առջեւ, առհասարակ, որտեղ որ ինքը հայտնվում է»։
Նախորդ դատական նիստի ժամանակ դատախազները եւ Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ էին մուտք գործել դատավորի մուտքի համար նախատեսված դռնից եւ պաշտպանական կողմի մոտ վրդորվմունք էր առաջացել՝ դատավարության մասնակիցների հանդեպ տարանջատված վերաբերմունքից։ Այս դատական նիստից առաջ էլ պաշտպաններին են մանրակրկիտ զննել։ Մարինե Ֆարմանյանը նկատում է՝ դատական դեպարտամենտն իրավունք ունի նման միջոցառումների, բայց սա չի կարող վերաբերվել միայն պաշտպաններին, քանի որ միեւնույն ժամանակ Արման Սարոյանը մտել է դատարան եւ արագ ուղղվել դեպի նիստերի դահլիճ։ Պաշտպան Մարինե Ֆարմանյանն է արգելափակել նրա ճանապարհը եւ դատական կարգադրիչներին պարտադրել՝ զննել նրան՝ ըստ կարգի։
Կարդացեք նաև
Արդեն նիստերի դահլիճում պաշտպանը նաեւ դատախազներից հետաքրքրվեց՝ զննվե՞լ են նիստերի դահլիճ մտնելուց առաջ եւ ո՞ր դռնից են ներս մտել։ Պաշտպանը հայտարարում է՝ դատավարության մասնակիցները հավասար իրավունքներ եւ պարտականություններ ունեն։ Անկախ նրանից, որ հակառակ կողմը իշխանության զորակցությունից եւ աջակցությունից է օգտվում, պաշտպանը պահանջում է դատական դեպարտամենտից՝ հավասար մոտեցում ցուցաբերել բոլորի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին , և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոս Մուշեղ Բաբայանը, եպիսկոպոս Լվնան Հակոբյանը, եպիսկոպոս Մակար Հակոբյանը, եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































