Ռուս փաստաբան Ալեքսեյ Կալուգինը տելեգրամյան գրառմամբ նշում է, որ Ադրբեջանի դեսպանությունն ավելորդ տարածքներ ունի Մոսկվայում, նա նաև առաջարկում է ապամոնտաժել Սանկտ Պետերբուրգում Հեյդար Ալիևի հիշատակի հուշատախտակը:
«Օրերս ազգային բոլշևիկները Մոսկվայում հակաադրբեջանական ցույց են կազմակերպել։ Ավելի ճիշտ՝ հակառուսական չէ, այլ ռուսամետ․ /Ադրբեջանի/ դեսպանատան հյուրատան վրա նրանք փակցրել են պաստառներ՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում ապօրինաբար կալանավորված Ռուսաստանի քաղաքացիների, Մոսկվայում ռուս լրագրողների, նաև հիշեցրել են, թե ով է խոցել ռուսական ուղղաթիռը և սպանել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում՝ իր ռազմական հանցագործությունները թաքցնելու համար։
Ալիևյան ճահճում ալիքներ առաջացան։ Ադրբեջանի դեսպանությունը բողոք հայտնեց, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների գործընկերները, որոնք միայն վերջերս են կոստյումներ հագել և էշերի վրայից մեքենաներ տեղափոխվել, լիմոնովցիների ակցիան ներկայացնում են որպես տարվա իրադարձություն․ արդեն բազմաթիվ նյութեր են հրապարակվել (օրինակ՝ այստեղ, այստեղ և այստեղ)։ Չէ՞ որ ձանձրալի է անընդհատ փառաբանել մեծն նվաճող Ալիևին, իսկ այստեղ ահա այսպիսի տեղեկատվական առիթ է հայտնվել։
Այդ հիանալի միջադեպի հետ կապված ամեն ինչից բացի, ինձ հետաքրքրեց ևս մեկ մանրուք։ Մասնավորապես՝ հենց ադրբեջանական հյուրատունը։
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ հյուրատուն է դա։ Իսկ Բաքվում կա՞ նմանատիպ ռուսական հյուրատուն։
Հյուրանոցային համարներով հյուրատունը ծառայում է որպես Ադրբեջանից ժամանող պատվիրակությունների կանգառի վայր՝ հուշում է համացանցում որոնումը։ Բայց ես նաև հանդիպեցի մի հետաքրքիր փաստաթղթի՝ 2012 թվականի հունվարի 19-ի համաձայնագրին՝ դիվանագիտական գերատեսչություններին անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին։
Դրա համաձայն՝ Մոսկվայում մենք Ադրբեջանին սեփականության իրավունքով փոխանցում ենք շենքեր, որոնց տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 7 859,8 քմ (այդ թվում՝ 4 594,3 քմ մակերեսով հյուրատուն)։ Իսկ Ռուսաստանին դեսպանատան համար Բաքվում տրամադրում են 6 058,4 քմ տարածք, ընդ որում՝ հյուրատների մասին այստեղ չի հիշատակվում։
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդպիսի՝ 1 800 քմ-ի հասնող, անհամաչափություն։ Ինչ-որ առումով ոչ շահավետ գործարք է, չխոսելով այն մասին, որ Մոսկվայում անշարժ գույքը շատ ավելի թանկ է, քան Բաքվում։
Մոսկվան հնարավորությունների քաղաք է․ այստեղ կարելի է սովորել ՄԳԻՄՕ-ում և դառնալ Հարավային Կովկասի խոշորագույն պետության ղեկավար։
1 800 քմ-ը, իհարկե, մանրուք է Ռուսաստանի՝ աշխարհի ամենամեծ պետության համար, բայց ինչո՞ւ այդ մանրուքը պետք է հենց Ադրբեջանին տրամադրենք։ Նա առանց այդ էլ Լեռնային Ղարաբաղում յուրացրել է ուրիշների սեփականությունը, քաղաքներ ու բնակավայրեր, որոնք ադրբեջանցիները չեն կառուցել։
Իսկ Բաքվում մենք հյուրատո՞ւն ունենք։ Հիշում եմ՝ կար Ռուսական տուն, բայց այն մեկուկես տարի առաջ ապօրինաբար փակեցին։
Կարծում եմ՝ նպատակահարմար է նաև բարձրացնել Սանկտ Պետերբուրգի Գորոխովայա փողոցում Հեյդար Ալիևի հիշատակի հուշատախտակի ապամոնտաժման հարցը։ Նման աղբի համար մեր քաղաքում տեղ չկա», – նշել է Ալեքսեյ Կալուգինը։


















































