Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավվածությունը տնտեսական դիվանագիտության օրակարգի առաջմղման գործում

Օգոստոս 31,2026 10:23 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դիվանագիտական ծառայության ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2026-2031 թվականների տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու նախատեսվող ծրագրերը։

Գևորգ Պապոյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավվածությունը տնտեսական դիվանագիտության օրակարգի առաջմղման գործում՝ մասնավորապես հավատարմագրման երկրներում թիրախային ներդրողների, արտադրողների, միջազգային բրենդների և տեխնոլոգիական գործընկերների բացահայտման, նրանց հետ ուղիղ գործարար կապերի հաստատման և Հայաստանի ներդրումային ու արտադրական հնարավորությունների ներկայացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև արտադրական պատվերների, տեխնոլոգիական համագործակցության և երկարաժամկետ գործընկերությունների ուղղորդումը դեպի հայկական ընկերություններ։

Նախարարն ընդգծել է դիվանագիտական ներկայացուցչությունների կարևոր դերակատարությունը հայկական արտադրանքի համար նոր շուկաների և բիզնես գործընկերների բացահայտման, արտահանման աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես վստահելի ներդրումային և արտադրական գործընկերոջ դիրքավորման գործում։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերին՝ ընդգծելով գրավիչ, թափանցիկ և կայուն ներդրումային միջավայրի ձևավորման, միջազգային ներդրումային համաձայնագրերի շրջանակի ընդլայնման, թիրախային ներդրումների ներգրավման, ինչպես նաև մասնագիտացված արդյունաբերական գոտիների և լոգիստիկ հանգույցների ձևավորման կարևորությունը։

Քննարկվել են նաև տնտեսական քաղաքականության և միջազգային տնտեսական համագործակցության օրակարգային այլ հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել