Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդն ու Էջմիածնի բնակիչ 38-ամյա ընկերը, օգտվելով հարսանյաց հանդեսի մասնակցելու մեկնած անձանց տնից բացակայելու հանգամանքից, մայրաքաղաքում և հարակից տարածքներում կատարում են բնակարանային գողություններ։
Կասկածյալներին հանցափաստով բռնելու նպատակով իրականացվող միջոցառումներն իրականացվեցին Քրեական ոստիկանության Արարատի և Արագածոտնի մարզային վարչությունների գործընկերների հետ։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի ցուցանակի մոտ քրեական ոստիկանները նկատեցին «Ֆոլքսվագեն» մակնիշի կայանված մեքենա, որի ղեկին էջմիածինցի 38-ամյա տղամարդն էր։ Մոտ 20 րոպե կանգնելուց հետո նա մեքենան վարեց Աշտարակի ուղղությամբ։
Իրավապահների մի խումբ նրան պահեց հսկողության տակ, իսկ «Ֆոլքսվագենի» կայանման տեղից մոտ 400 մետր հեռավորության վրա, երբ Կարբի գյուղի տներից մեկի բակից դուրս էր եկել Նոր Արմավիր գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը, ժամը 23․25-ին քրեական ոստիկանները նրան ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության Արագածոտնի վարչություն։
Կարդացեք նաև
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ոսկեգույն թևնոց։
23․55-ին էլ ձերբակալվեց ու նույն վարչություն տեղափոխվեց 38-ամյա էջմիածինցին, իսկ նրա վարած մեքենան կնիքվեց վարչության տարածքում։
Պարզվեց, որ Կարբի գյուղի հիշյալ տան բնակիչները հանդիսությունների սրահում հարսանեկան արարողության էին։ Տանտերն ավելի ուշ հրավիրվեց ոստիկանություն և հայտնեց, որ տան պատուհանները բաց էին, տունը տակնուվրա էր արված և պահարանին դրված զարդատուփից բացակայում էր ոսկեգույն թևնոցը։
Ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Հետագա միջոցառումներով հիմնավորվել է նրանց կատարած նմանատիպ ևս 5 բնակարանային գողություն։
48-ամյա տղամարդու նկատմամաբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորված է։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


















































