ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։
Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռքբերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել է հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան 100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։
Արդյունքում, ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։
Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրաված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե


















































