Սեպտեմբերի 2-ից մեկնարկել է սեպտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը։
Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված Թումանյան, Արզնի, Ֆերիկ, Լերմոնտովո համայնքներում։
ԿԸՀ կայքի համաձայն՝ այս համայնքներից միայն Թումանյան համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Թումանյան համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։ Նշենք, որ նա 2021-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։
Կարդացեք նաև
Aravot.am-ը Սուրեն Թումանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշել այս անգամ ոչ թե «Հանրապետություն» կուսակցության, այլ ՔՊ-ի ցուցակով առաջադրվել, նա պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ իրենք գրեթե նույն կուսակցություններն են, ու տարբերություն էլ չկա քաղաքական առումով, հայացքների առումով։ Մեր որոշումն է եղել»։
Փաստմանը՝ տեղական ինքնակառավարման ոլորտում մրցակցայնության տեսանկյունից ինչպե՞ս կգնահատի այն իրավիճակը, որ միայն ինքն է մեկ կուսակցություն առաջադրել, Սուրեն Թումանյանը պատասխանեց․ «Դե, մրցակցությունն ինչ է ապահովում․ այնպես չէ, որ մենք մեր գաղափարներից հրաժարվում ենք կամ մեր աշխատանքը սրանից թեթևանալու է կամ անուշադրության ենք մատնելու։ Մենք էլի նույն տեմպով աշխատելու ենք, կապ չունի՝ մրցակցություն եղել է, թե՝ ոչ։ Մրցակցությունը միայն լավ համայնք ունենալու հետ է կապված»։
Հարցին՝ քանի որ արդեն քարոզարշավը մեկնարկել է, և նաև իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ լսելու են բնակիչների բոլոր առաջարկություններն ու մտահոգությունները, հետաքրքրվեցինք՝ բնակչությունն ի՞նչ առաջարկներ ունի, նա պատասխանեց․ «Հիմնականում բոլոր խնդիրներին տեղյակ ենք, շատ քիչ բան կա, որ կարող է աչքներիցս վրիպած լինել։ Մեծամասնամբ տիրապետում ենք նրան, ինչի մասին քաղաքացիներն ասում են»։
Նշենք, որ Թումանյան խոշորացված համայնքի ավագանու լիազորություններն ավարտվում են դեկտեմբերի 23-ին, սակայն ընտրությունները նշանակվել են դրանից երեք ամիս շուտ։ ԿԸՀ-ից այս մասին պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































