Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրված պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը միաձայն ընտրվեց այդ պաշտոնում։
Իր ելույթում նա շեշտեց խորհրդարանական վերահսկողության կարևորությունը և անդրադառնալով դատաիրավական համակարգում գոյություն ունեցող խնդիրներին՝ հայտարարեց․ «Ցավոք, տեսնում ենք՝ այսօր ինչ վիճակում է գտնվում դատաիրավական համակարգը, ինչ պարագայում են հարուցվում քրեական գործեր, ինչպես է իրավապահ համակարգը գործում՝ հրահանգավորված։ Կարևորում եմ վերահսկողական մեր գործառույթի իրականացման ընթացքում ապահովել իրավապահ համակարգին, ոստիկանական գործողություններին անդրադարձը, որոնք շատ դեպքերում ուղղակի դուրս են գալիս իրենց գործառույթներից՝ կրում ցուցադրական, պատժիչ բնույթ»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն արձագանքեց․ «Այնպես եք ներկայացնում, որ իբրև թե ողջ ՀՀ-ն գիտի՝ ինչ իրավիճակ է տիրում դատական համակարգում։ Այն մարդիկ, որոնք թերանում են, ստեղծվել են բոլոր պայմանները ճիշտ գնահատական տալու համար։ Եթե կան մարդիկ, որոնք չեն արդարացնում իրենց, ազատվում են աշխատանքից։ Եթե առաջին օրով այս վիճակով սկսեք խոսել, ճիշտ չէ»։
Մարիաննա Ղահրամանյանն էլ արձագանքեց․ «Ես խոսում էի համակարգային խնդրի մասին, չէի խոսում իքս քննիչի՝ վատ աշխատանքի մասին։ Դրվագները տեսանելի են․ սոցցանցերում, ֆեյսբուքով հրահանգավորված քրեական գործեր, ԱԺ ամբիոնից գործադիրի կողմից տրվող հրահանգներ, դրանց կատարում, նաև վոթսափային, sms-ային ազատումներ»։
Կարդացեք նաև
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն էլ բարձրաձայնեց կալանքի կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ․ «Կալանքը՝ որպես խափանման միջոց չափազանց շատ է կիրառվում։ Եվ այստեղ ամենաաբսուրդայինն այն է, որ վերջին տարիներին՝ 2021-2022-ից է, որ այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական հսկողությունը, դրանց համակցված կիրառումը գրավի հետ ընդունվել է մեր օրենսդրության մեջ։ Երբ խոսում ենք մինչև 2021-ը կալանքների վիճակագրության մասին և դրան հաջորդած ժամանակահատվածը՝ այստեղ մեծ խնդիր կա»։
Արամ Վարդևանյանն առաջարկեց, որ հանձնաժողովն այցեր կատարի քրեակատարողական հիմնարկներ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































