Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։
Կարդացեք նաև
Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորմանն ու տարբեր ոլորտներում նրանց ներուժի ներգրավմանն ուղղված աշխատանքները և նշել, որ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ հրավիրելու Կառավարության ծրագրի հետ այս նախաձեռնության համադրումն էլ ավելի կնպաստի ծրագրի առանցքային նպատակների իրագործմանը: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է բարձրակարգ մասնագետներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:
Երկրի ղեկավարը նաև ողջունել է տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամի ձևավորման նախաձեռնությունը և այս առումով ընդգծել՝ դեռևս տարրական դասարաններից շնորհալի պատանիների ու երիտասարդների ներուժի բացահայտման, նրանց բարձրակարգ կրթության ապահովմանն ուղղված համակարգային լուծումները:
«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել համապատասխան գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացմանն ու բիզնես կապերի ընդլայնմանը և զարգացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ Կառավարության և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ–ի միջև համագործակցությունը՝ վերոնշյալ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































