Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական մոտիվներ». գրական կամուրջ՝ ժողովուրդների, ժամանակների և հիշողության միջև

Սեպտեմբեր 08,2026 18:42 Share

Մոսկվայում լույս է տեսել «Հայկական մոտիվներ» երկհատորյակի առաջին հատորը։ Ժողովածուի առաջին հատորում ներկայացված են տարբեր երկրներում ապրող ժամանակակից ռուսալեզու հեղինակների արձակ ստեղծագործությունները, որոնք գրվել են համանուն միջազգային գրական մրցույթի շրջանակում։

«Հայկական մոտիվներ» մրցույթի մասնակիցներին միավորել է Հայաստանի և հայ ժողովրդի բազմադարյա պատմության, մշակույթի ու հոգևոր ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը։ Ժողովածուում ներկայացված ստեղծագործությունները տարբեր են թե՛ թեմատիկ ընդգրկմամբ, թե՛ հեղինակային մոտեցումներով, սակայն դրանցում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ինքնության, հիշողության և արմատներին վերադառնալու թեմաները։ Ստեղծագործություններում անդրադարձ է կատարվում նաև գոյատևման պայքարին, աքսորի և գերության մասին ընտանեկան պատմություններին, հոգևոր որոնումներին, Հայաստանին և Արցախին, ինչպես նաև ժողովուրդների պատմական կապերին։

Ըստ ժողովածուի հեղինակների՝ մրցույթի դափնեկիրների ստեղծագործություններում կարևորվում են համամարդկային արժեքները՝ սեփական արմատների գիտակցումը, դժվարություններին դիմակայելու կարողությունը և կյանքի շարունակականության գաղափարը։

«Հայկական մոտիվներ» միջազգային գրական մրցույթն անցկացնում է «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը՝ Սուրբ Կիրիլ և Մեթոդիոս միջազգային գրողների միության և Կովկասի գրողների ակումբի աջակցությամբ։ Մրցույթի կազմկոմիտեի նախագահ Յուրի Նավոյանը նաեւ երկհատորյակի տպագրության հովանավորն է։ Ժողովածուն կազմել է Ելենա Ալեքսեևնա Շուվաևան։

Նախատեսվում է նաև ժողովածուի երկրորդ հատորի հրատարակությունը։ Երկրորդ հատորում կներկայացվեն Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իսրայելի և Ղազախստանի հեղինակների բանաստեղծությունները, որոնք նվիրված են Հայաստանին, նրա պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանը, բնությանը և հայ ժողովրդի ճակատագրին։ Բանաստեղծություններում Հայաստանը ներկայանում է տարբեր պատկերների ու թեմաների միջոցով՝ Արարատ, Սևան, հինավուրց վանքեր ու քաղաքներ, պատմական հիշողություն, սեր, ցավ, հավատ, հոգևոր տոկունություն եւ այլն։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ «Հայկական մոտիվներ» երկհատորյակը, գրական ժողովածու լինելուց բացի, նաև մշակութային երկխոսության հարթակ է, որտեղ հանդիպում են տարբեր սերունդների, ազգությունների և ստեղծագործական ավանդույթների ներկայացուցիչներ։ Ժողովածուի երկու հատորներն էլ միավորում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու հայ ժողովրդի պատմական հիշողության թեման։

Գիրքը դառնում է յուրօրինակ կամուրջ՝ ժամանակների ու ժողովուրդների միջև՝ ընթերցողին հրավիրելով խորհելու ինքնության, պատմական հիշողության, արմատների և հոգևոր անմահության մասին։ «Հայկական մոտիվներում» Հայաստանը յուրաքանչյուր հեղինակի համար բացահայտվում է յուրովի, սակայն բոլոր պատմությունների ու բանաստեղծությունների հիմքում մնում է նույն գաղափարը՝ ժողովրդի հիշողությունն ու մշակույթը շարունակում են ապրել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք փոխանցվում են սերնդից սերունդ և դառնում նոր ստեղծագործությունների ներշնչման աղբյուր։

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930