ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում, խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքների վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի սահմանադրությունը փոխելու գործընթացին Ադրբեջանի հետեւելու մասին, համաձայնեց դիտարկմանը, որ վերջին տարիներին Հայաստանի շուրջ տեղի ունեցող լուրջ գործընթացների մասին հայ հասարակությունը նախ եւ առաջ տեղեկանում է ադրբեջանական կամ թուրքական կողմերից։
«Իսկ մեր իշխանություններն իրենց «ինքնիշխանությունն» ամբողջովին հանձնել են մեր թշնամիներին եւ լծված են մեր թշնամիների ցանկությունների սպասարկմանը կամ մեր հանրությանը դա մարսելի դարձնելու գործընթացին։ Բայրամովի ասածի մեջ բացի վերջին դրվագից, ոչ մի նորություն չկա։ Կարծեմ, դեռ անցած տարի էին հայտարարել, որ իրենք հյուսիսից են սկսում։ Դա էլ պատահական չէ, որովհետեւ իրենք փորձում են ոչ մի իրավական հիմք չունեցող անկլավները ձեռք բերել առանց հայկական կողմին որեւէ զիջում անելու։ Այս առումով իրենք վերահաստատում են այն հանձնառությունները, որ այս իշխանություններն ունեն, սակայն մեր հանրությանը բացեիբաց դեռ չեն ներկայացնում։
Շատ հետաքրքիր է Բայրամովի խոսքի այն հատվածը, որ նա հղում է անում, իբրեւ թե անցած տարի հանձնառություն է եղել Վաշինգտոնում Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Ես, ճիշտն ասած, փաստաթղթերում նման հանձնառություն չեմ կարդացել։ Եթե կան այլ փաստաթղթեր, որոնք մեր հանրությանը չեն ներկայացվել եւ գաղտնի են պահվում, դա այլ բան է։ Բայց եթե ընդհանրապես սահմանադրության փոփոխություն լինի, առաջինը պիտի Ադրբեջանի սահմանադրությունը փոխվի, որովհետեւ նրանք իրենց ժառանգորդ են համարել իրենց առաջին հանրապետության, իսկ իրենց այդ առաջին հանրապետությունում ոչ միայն Արցախը չի եղեել, այլեւ ընդհանրապես այդ հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել, որեւէ տարածքային սահմանագծում չի ունեցել։ Եվ դա ամրագրված է Ազգերի Լիգայի ընդունած որոշման մեջ, որտեղ հստակ նշվում է, որ մերժում են այդ եթե չեմ սխալվում, Ադրբեջանի Ժողովրդական, թե Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ճանաչումն այն հիմքով, որ այդտեղ երբեւէ պետություն չի եղել։ Այդ որոշման մեջ նաեւ հստակ նշվում է, որ իրենք վերցրել են հարեւան Իրանի Ատրպատականի անունը որպես իրենց քաղաքական անուն։ Եվ այստեղ նաեւ հստակ նշվում է հավակնությունների շերտը, որ իրենք հավակնում են տարածքների, որոնք իրենք ոչ վերահսկում են, ոչ էլ երբեւէ վերահսկել են։
Այսինքն, այն տարածքները, որի հանդեպ հավակնություններով ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը իրեն ժառանգոորդ է հռչակել, ընդհանրապես գոյություն չունեցող սահմաններ են։ Եվ այս առումով իրենք փորձում են հավակնություններ ներկայացնել ոչ միայն Նախիջեւանի հանդեպ, որը նույնպես իրենց չի պատկանել, այլեւ հավակնում են Հայաստանի Հանրապետության տարածքներին եւ դրա հետ կապված, իրենք շատ հմուտ կերպով տարածել են «Արեւմտյան Ադրբեջան» թեզը։ Եվ որպես դրա յուրացման գործիք՝ իրենց 300 հազար ադրբեջանցիների իբրեւ թե վերադարձի թեզը։ Այստեղ շատ հետաքրքիր է Բայրամովի բացահայտումը, որ մեր իշխանություններն ակնհայտորեն գրավոր ինչ-որ մի հանձնառություն ունեն, այլապես չէր ասի, եւ որից մեր իշխանությունները հրաժարվում են՝ փորձելով դա ներկայացնել որպես սեփական քաղաքական ծրագիր, որով Երրորդ Հանրապետությունը ոչնչացնում են, տեղը ստեղծելով ինչ-որ ամորֆ չորրորդ հանրապետություն, որտեղ հայկականությունն ընդհանրապես տեղ չունի։ Այսինքն, հայկականը, ազգայինը, հայրենիքը գոյություն չունեն։ Եվ դա լինելու է հարկատուների ինչ-որ հավաքածու, որը ընդամենը փող է աշխատելու եւ դառնալու է մեր թշնամիների համար անցուդարձի կամ քարվանսարայի, իրենց ցանկությունները սպասարկելու ինչ-որ մի տեղ»;
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































