Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սահմանադրության դեմ պայքարի բոլոր խրամատները

Սեպտեմբեր 09,2026 20:00 Share

Սահմանադրական հանրաքվեի դեմ պայքարը մեկ գործողություն կամ մեկ նարատիվ չէ․ այն ունի մի քանի պաշտպանական գիծ, որոնք պետք է գործեն տարբեր փուլերում և տարբեր դերակատարներով։

Վերջին մեկ տարին շատ ինտենսիվ քննարկվում է սահմանադրական հանրաքվեի հարցը։ Այն արդեն հասցրել է դառնալ խորհրդարանական ընտրությունների հիմնական թեմաներից մեկը, ինչպես նաև ստացել է «Ալիևի սահմանադրություն» մականունը։

Իրականում այս վիճակը նոր չէ։ Դեռ 2020 թվականի ձմռանն ու գարնանը սկսվեցին սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման աշխատանքները, սակայն այն ժամանակ դա «Ալիևի սահմանադրությունը» չէր, այլ Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու սահմանադրությունն էր։ Թերևս դժբախտությունը հենց սրա մեջ է, որ Հայաստանում սահմանադրությունները փոխվում են ինչ-որ մեկի համար կամ դեմ, բայց գրեթե երբեք՝ հանուն պետության զարգացման։ Համենայն դեպս, հասարակությունը մեծապես այդպես է դա գնահատում։

Այս հոդվածում փորձելու ենք ուսումնասիրել, թե «Ալիևի սահմանադրության» դեմ պայքարն ինչպիսի շերտեր ունի, կամ ինչ խրամատներ կան այդ ճակատամարտը հաղթելու համար։

Սկսենք ամենակարևորից․ սահմանադրական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է պատգամավորների ⅔-ի քվեն։ Սահմանադրության 202-րդ հոդվածով նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Սրա այլընտրանքներ գործնականում չկան, կամ, եթե կան, ապա դրանք Սահմանադրության կամայական մեկնաբանության արդյունք են և չեն կարող իրականում լեգիտիմ հանրաքվեի հանգեցնել։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ հանրաքվեին խոչընդոտելը և դրա իրականացումը բացառելը մանդատ վերցնելու հիմնական պատճառներից են։

«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու իր որոշման մեջ սահմանադրական պարտադրված փոփոխությունների կանխումը նշել է որպես ԱԺ-ում իր հիմնական օրակարգերից մեկը, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի Նարեկ Կարապետյանը մանդատները վերցնելու որոշման մասին խոսելիս հայտարարել է՝ «Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները»։ Ըստ այդմ՝ առաջին հայացքից այս հանրաքվեն չի կարող անցկացվել, և սա թերևս առաջնագիծն է՝ ամենակարևոր խրամատը։

Միևնույն ժամանակ, ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ դե ֆակտո մտել ենք 4-րդ հանրապետություն, և սահմանադրությունը ոչ թե Ալիևինն է, այլ հենց այդ 4-րդ հանրապետության դե յուրե ամրագրումը։ Ավելին՝ տկն Գալյանը Հ1-ի եթերում հայտարարել է, որ ժողովուրդը քվեարկել է ՔՊ նախընտրական ծրագրի օգտին, որի մաս է կազմում նոր Սահմանադրության ընդունումը, և իշխանությունը պատրաստվում է հանրության հետ քննարկումներից հետո «չափել հանրության գնահատականը և ցանկությունը»՝ նոր Սահմանադրություն ունենալու վերաբերյալ։

Դեռ հունիսին Գալյանը հայտարարել էր, որ իշխանությունը «հանրային պահանջի մեծությունը կչափի», և նույնը պետք է անեն մանդատներ վերցնող ընդդիմադիրները։ Այդպես է կարծում ամբողջ կառավարող ուժը։

Արդեն իսկ հայտարարվել է, որ սահմանադրությունն առաջարկվելու է հանրությանը, և նրանք վստահ են, որ հանրության պահանջն անպայման իրականություն կդառնա։ Պարզ հայերենով ասած՝ ստացվում է, որ հանրային ճնշմամբ փորձելու են ստիպել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին կողմ քվեարկել։

Ավելին, կարևոր է նշել, որ նրանք նման փորձ ունեն՝ մասնավորապես 2018-ին ՆՓ-ի ընտրությունը և «ռևանշիստական օրենքի» ընդունման կասեցումը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Կա նաև պատգամավորներից որոշների նկատմամբ հարուցված քրեական գործերը որպես ճնշման գործիք օգտագործելու հնարավորությունը։

Ստացվում է, որ առաջնագիծը խոցելի է, և անհրաժեշտ է այն ուժեղացնել երկրորդ խրամատով։

Այստեղ խոսքը հանրաքվեի լեգիտիմության մասին է։ Այս խրամատում պետք է տեղավորվեն այն մարդիկ, որոնց համար բացարձակ արժեք է ժողովրդավարությունը, և որոնք համարում են, որ եթե չկա ⅔, ապա չի կարող լինել հանրաքվե։ Այն որևէ մանդատագողությամբ կամ Սահմանադրության կամայական ընթերցմամբ անցկացնելն անթույլատրելի է, անգամ եթե փաստացի գտնվեն կողմ քվեարկող պատգամավորներ։

Ըստ էության, այս խումբն արդեն այսօր պետք է տարածի իր տեսակետը և ձևավորի հնարավոր հանրային ճնշման հակակշիռը։

Այս երկրորդ պաշտպանական գծի մեկ այլ խրամատում պետք է տեղակայվեն նրանք, ովքեր համարում են, որ սահմանադրական հանրաքվեի մասին ցանկացած խոսակցություն արդեն իսկ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ իշխող ուժը այն կապել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ՝ դարձնելով այն, ըստ էության, նախապայման։

Եթե հանրաքվեն տեղի ունենա և «այո»-ն չհաղթի, ապա կստացվի, որ Հայաստանը դեմ է խաղաղությանը։ Եթե «այո»-ն հաղթի, դա կլինի փաստացի երրորդ երկրի ազդեցության ամրագրում և էականորեն կվնասի Հայաստանի ինքնիշխանությանը։

Այս խումբը ևս պետք է արդեն իսկ ակտիվորեն աշխատի հանրության հետ և ձևավորի հանրային ճնշում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա՝ բացառելով որևէ պատրվակով կողմ քվեարկելը։
Եթե վերը նշված խրամատները տապալվեն և հանրաքվե անցկացնելու պաշտպանական գիծը ճեղքվի, ապա պետք է պատրաստ լինի երրորդ պաշտպանական գիծը՝ նոր սահմանադրության ընդունման դեմ «Ոչ»-ի շտաբի տեսքով։
Կարևոր է հասկանալ, որ այս գիծը պետք է կառուցվի հենց հիմա, այլ ոչ թե հանրաքվեն փաստացի հայտարարելուց հետո։

Խնդիրն այն է, որ իշխող ուժը չի հրապարակել սահմանադրության նոր տարբերակը՝ չնայած նրան, որ խոստացել էր դա անել դեռ Մարտին։ Փետրվարի 4-ին Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ աշխատանքների ամփոփման ամիսը մարտն է և «Մարտին մենք կունենանք տեքստ, որը արդեն կհրապարակվի»։ Սրա պատճառը հենց ուժեղ «Ոչ»-ի շտաբի ձևավորմանը խոչընդոտելն է, ինչպես նաև այդ սահմանադրության նոր տարբերակի ըստ էության քննարկումից խուսափելը։

Փաշինյանին ձեռնտու է քննարկումը պահել «Ալիևի սահմանադրություն», «3-րդ հանրապետություն՝ 4-րդի դեմ», «խաղաղություն թե պատերազմ» կամ «Ռուսաստան-ԵՄ» շերտերում, որտեղ նա արդեն ունի գրանցված հաջողություններ։

Այս խրամատում պետք է լինեն այն ուժերը, որոնք հետաքրքրված են ըստ էության քննարկմամբ և համարում են, որ այն չպետք է ընդունվի ոչ միայն Ալիևի պարտադրանքի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ դրանում տեղ գտած փոփոխություններն անթույլատրելի են։

Օրինակ՝ բոլոր դատավորների կարգավիճակի կասեցումը և վեթինգից հետո միայն վերանշանակումը՝ այն պարագայում, երբ առաջարկվում է Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել ամբողջությամբ ԱԺ առաջադրումներով։

Ցավոք սրտի, եթե առաջին երկու գծերում արդեն կան մարտիկներ, այս խրամատը դեռ դատարկ է։

Կարծում եմ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է միավորվի հենց այս խրամատում՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները և ընդունելով ԱԺ ընտրությունների ժամանակ թույլ տված սխալները։
Ի տարբերություն ԱԺ ընդդիմության՝ նրանք ունեն դա անելու լեգիտիմ իրավունք։ Խնդիրն այն է, որ, ինչպես արդեն նշել էի, ԱԺ ընդդիմությունն իր մանդատները վերցնելը հիմնավորել էր նաև հանրաքվեն անցկացնելու փորձերը կանխելու անհրաժեշտությամբ։

Եթե նրանք հիմա փորձեն ձևավորել «Ոչ»-ի շտաբ, ապա կստացվի, որ չեն վստահում իրենք իրենց և ընդունում են, որ չեն կարող պահել առաջին գիծը։ Դա էական վնաս կհասցնի առաջին գծի արդյունավետությանը։

Եթե նրանք փորձեն գլխավորել «Ոչ»-ի շտաբը հանրաքվեն փաստացի նշանակվելուց հետո, դա նույնպես կհանգեցնի շտաբի անարդյունավետությանը, քանի որ ժողովուրդը նրանց կարող է պատասխանել՝ եթե իրականում դեմ էիք, չթողնեիք, որ հանրաքվեն նշանակվեր։

Այսինքն՝ եթե հանրաքվեն նշանակվել է, ապա ԱԺ ընդդիմությունը պետք է նահանջի «Ոչ»-ի շտաբ՝ միայն որպես աջակից և ռեսուրս, ոչ թե հիմնական դերակատար։

Նույնը պետք է անեն նրանք, ովքեր երկրորդ գծում էին և պնդում էին, որ անթույլատրելի է առհասարակ քննարկել հանրաքվեն, քանի որ այն պարտադրված է։

Երկրորդ գծի մյուս հատվածում գտնվողները՝ նրանք, ովքեր դեմ էին հանրաքվեի անցկացմանը ժողովրդավարական պատկերացումների պատճառով, կարող են դառնալ «Ոչ»-ի շտաբի արդյունավետ մարտիկներ և շարունակել արդեն ըստ էության քննադատել նոր սահմանադրությունում առկա հակաժողովրդավարական փոփոխությունները։

Շատ կարևոր է, որ ընդդիմությունը ճիշտ պատկերացնի պաշտպանական համակարգը, որպեսզի խուսափի ինքն իր դեմ պայքարելուց և իրար վրա կրակելուց։

Մասնավորապես, նրանք, ովքեր հայտարարում են, որ անթույլատրելի է Հռչակագրի հեռացումը և առհասարակ այս հանրաքվեն քննարկելը, չթիրախավորեն նրանց, ովքեր պահանջում են օր առաջ հրապարակել տեքստը և ուզում են «Ոչ»-ի շտաբ ձևավորել։

Կամ նրանք, ովքեր համարում են, որ սա Ալիևի թակարդն է, չթիրախավորեն նրանց, ովքեր դեմ են, քանի որ ժողովրդավարության տեսանկյունից խնդիրներ են տեսնում։

Օրինակ՝ մեկը մյուսին չասի՝ հիմա ի՞նչ, եթե ժողովրդավարության հետ խնդիր չլիներ, պետք է Ալիևի սահմանադրությունն ընդունվե՞ր, և այլն։

Ես կարծում եմ, որ պարտականությունները պետք է ճիշտ տարանջատվեն։

Ալիևի պարտադրանքը, Հռչակագրի հեռացումը, 3-րդ հանրապետությունն ապամոնտաժելու անթույլատրելիությունը և պատերազմի շանտաժի տակ հանրաքվե անցկացնելու անթույլատրելիությունը՝ այս բոլորը հանրաքվեի անցկացման դեմ պայքարի ատրիբուտներ են։

Եթե հանրաքվեն նշանակվել է, ապա սրանք ձախողվել են, և դրանք չպետք է լինեն «Ոչ»-ի հիմնական ուղղությունները։
«Ոչ»-ի շտաբում հիմնական ուղղությունը պետք է լինի ըստ էության՝ կետ առ կետ քննադատությունը, և որպես հիմնական դերակատարներ չպետք է հանդես գան ԱԺ ընդդիմադիրները։

Հակառակ դեպքում կստացվեն նույն նարատիվներով և նույն դերակատարներով, նույն բևեռացվածությամբ ընտրություններ, ինչպիսին հունիսի ԱԺ ընտրություններն էին, որտեղ Նիկոլ Փաշինյանը հաղթեց և իրեն բավական հարմարավետ է զգում։ Պետք չէ մոլորության մեջ ընկնել այն փաստից, որ նա 50 տոկոսից պակաս էր հավաքել։

Ի դեպ, 4-րդ Հանրապետության վերաբերյալ ձևակերպումն արդեն միայն քաղաքական մեկնաբանություն չէ։ Իսկ նոր սահմանադրությունը դրա դե յուրե ֆիքսումը պետք է դառնա։ Օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է․ «Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»։

Եվ վերջում՝ եթե դուք ձեզ այս խրամատներից որևէ մեկում չեք տեսնում, շնորհավորում եմ․ Դուք 4-րդ հանրապետության հպարտ քաղաքացի եք։

Անդրանիկ Զատիկյան

կառավարման ոլորտի մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել