«Նախ, խոսենք հեղափոխության մասով։ Հայաստանին օդի ու ջրի պես պետք է հեղափոխություն, ավելի ճիշտ` վերադարձի հեղափոխություն։ Սա ասելով` նկատի ունեմ, որ Հայաստանում 2018 թվի հեղափոխությունը ազգային ընտանիքի ջլատումն էր։ Նկատի ունեմ նաեւ Արցախն ու սփյուռքը, որովհետեւ այդ ընտանիքը պահում էր դարերից եկող հայկական քաղաքակրթության հիշողությունը ու սերնդե սերունդ փոխանցում էր նրա անվտանգությունը, դուրս էր գալիս իր դեմ ոտնձգություններ անողի դեմ։ Հայերը չէին վախենում պատերազմներից, որովհետեւ գիտեին, որ դա անում են իրենց ընտանիքի, իրենց ժառանգության պաշտպանության համար»,-ասաց փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երկրում հեղափոխություն անելու ընդդիմությանն ուղղվող հորդորներին։
«Հիմա, երբ այսօր Ստեփանակերտում ավերում են հայկական եկեղեցին, եւ այստեղից հնչում է, թե «իրենց տարածքն է, ինչ ուզեն կանեն», օդի ոու ջրի պես պետք է, որ այդպիսի միտքը հեղափոխվի ու գոյություն չունենա»,-ասաց նա։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինքն իրեն երբեմն անիծել է վարչապետ լինելու համար՝ Հովհաննես Իշխանյանն ասաց. «Նման բան չկա։ Ինքն իրեն չի անիծում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ բոլոր ակադեմիական, հոգեւոր, քաղաքական եւ քաղաքացիական կառույցները պահանջում էին սրանց հրաժարականը, այդ ժամանակ պետք է ոչ թե ինքն իրեն անիծեր, այլ հրաժարական տար, նկատի ունեմ՝ քաղաքականությունից հեռանար, գնար, զբաղվեր մի բանով, որն առաջնորդության հետ կապ չունի։ Դա հնարավորություն էր։ Մենք տեսնում էինք Արցախը փրկելու հնարավորություն։ Այնտեղ մարդիկ էին ապրում, բայց ինքը հասցրեց նրան, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, այսինքն, ինքը հասցրեց այնտեղ, որ աշխարհը համաձայնի, որ այնտեղ հայեր այլեւս չապրեն»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































