Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնար է առանց հուզվելու նայել այս երեխաների ապրումները, հույզերը և թաց աչքերը, երբ հպարտությամբ հնչեցնում են Արցախի Օրհներգը

Սեպտեմբեր 10,2026 11:49 Share

«Խորապէս հաւատալով արդարութեան յաղթանակին, կը կանխազգամ ուշ կամ կանուխ Արցախ վերադարձի իրողութիւնը»:

Զաքար Քեշիշյան

 Արդեն 35 տարվա պատմություն ունի Արցախի Շուշի քաղաքի «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական երգչախումբը, որը հիմնել է լիբանանահայ խմբավար, շվիահար ու դուդուկահար Զաքար Քեշիշյանը։

Այդ տարիների ընթացքում «Վարանդա»-ն մոտ 200 համերգ է ունեցել Արցախում՝ Ստեփանակերտ, շրջաններ, զորամասեր, դպրոցներ և այլ վայրեր, ՀՀ-ում, Լիբանանում։ Իր ծննդավայրում Զ․ Քեշիշյանը հիմնել է նաև Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերը, որոնց հետ համերգներով հանդես է եկել նաև «Վարանդա»-ն։ Նույն համերգների ընթացքում երգչախմբի կատարմամբ հնչել են հայ և օտար դասական, ժամանակակից, ժողովրդական և այլ ժանրերի մոտ 500 խմբերգ։ Երգչախմբի կազմում տարիների ընթացքում եղել են ավելի քան 600 պատանի ու երիտասարդ։

2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո, երբ թշնամու տիրապետության տակ անցավ բերդաքաղաքը, «Վարանդա» երգչախումբն իր գործունեությունը շարունակեց Ստեփանակերտում՝ հանդես գալով «Երգող Արցախ» երգչախմբային համերգաշարերով։ Սակայն եղավ նաև Արցախի բնակչության բռնի տեղահանումը։

 

2024-ից սկսած՝ 3 տարվա ընթացքում, մեծ ջանքերի ու աջակիցների շնորհիվ, Զ․ Քեշիշյանը կարողացել է Արցախից բռնի տեղահանված մոտ 5 տասնյակ երեխաների ու պատանիների համախմբել և շարունակել «Վարանդա»-ի գործունեությունը, չնայած նույն երեխաները բնակվում են տարբեր բնակավայրերում։

2026-ի սեպտեմբերի սկզբներից երգչախումբը համերգային ծրագրերով հանդես է գալիս ՀՀ տարբեր մարզերում։ Սեպտեմբերի 9-ին «Վարանդա»-ի համերգը կայացավ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում։ Ներկա էին ՀՀ և Արցախի Ազգային ժողովների ներկայացուցիչներ, արցախցիներ, կատարվող երգերի երգահաններ, խոսքերի հեղինակներ, դոկտոր Յակոբ Այնթապլեանը, երգչախմբային համերգների սիրահարներ, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի հետ, այլք։

Մինչ համերգի սկսելը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Զ․ Քեշիշյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Տեղեկացրեց՝ համերգը հովանավորել են Արևելյան Ամերիկայի Կիլիկյան թեմի առաջնորդարանը և Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ մայր եկեղեցին։

Այս առթիվ Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոսն իր սրտի խոսքում գրել է․ «Այս ելույթով մեր մանուկները ցոյց կու տան իրաւացիութիւնը ժողովրդական երգի այն խօսքին, թէ «Մեր վէրքերով, մեր երգերով դարուց դարեր քալենք պիտի»։ Այս առթիւ կը մաղթենք, որ մաէսթրօ Զաքարի ճիպոտը միշտ թարմ մնա, որպէսզի հաւատք և լոյս սրսկէ մեր նորահաս սերունդին և վառ պահէ հայ երգը»։

Կամերային երաժշտության տանը նույնպես համերգը կայացավ «Երգող Արցախ» ծրագրով՝ դաշնակահար՝ Նադեժդա Հակոբյան։

Զ․ Քեշիշյանը տեղեկացրեց նաև․ «Իմ ղեկավարութեամբ «Վարանդա» երգչախումբն աւանդութիւն դարձուցած է ամէն տարի նոր մշակումներով հանդէս գալ: Իր գոյութեան 34 տարիներու ընթացքին, յայտնի տաղանդաւոր երաժշտահաններ, միաժամանակ երիտասարդ արուեստագէտներ «Վարանդա» երգչախումբին համար ստեղծագործած են 170 խմբերգներ»:

Հավելեց նաև՝ 2026-ին երգչախմբի համար ստեղծվել է 32 նոր խմբերգ, որից համերգին հնչեցին միայն 14-ը։ Շնորհակալություն հայտնեց նաև իրեն աջակիցներին՝ Նանարին ու Մարիամին, ինչպես նաև իր սաների ծնողներին, ովքեր Էջմիածնից են, Մասիսից, Երևանից, Չարենցավանից, Աբովյանից և այլ բնակավայրերից, սակայն սիրով են ապահովում իրենց զավակների ներկայությունը փորձերին ու համերգներին։

Համերգի սկզբում հնչեց Խաչիկ Մանուկյանի խոսքերով, Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ գրված «Արցախ» երգը։ Յուրաքանչյուր կատարումից հետո, տվյալ երգի խոսքերի կամ երաժշտության հեղինակները, եթե դահլիճում էին, բեմ էին բարձրանում։ Դահլիճում էին Մարտին Վարդազարյանը, Տիգրան Մանսուրյանը, որը արցախյան բանահյուսությունից վերցրած «Ճկույթն ասից» երգի երաժշտության հեղինակն էր։

Համերգն ավարտվեց Արցախի օրհներգով։ Մեծ սիրով ու նվիրումով էին պատանի երգիչները մասնակցում երգերի կատարմանը ու ոգևորում դահլիճի ներկաներին։

Ընթացքում Զ․ Քեշիշյանը նաև հուշեր պատմեց՝ ինչպես է եկել Լիբանանից, ընդունվել կոնսերվատորիայի շվու բաժին, հանդիպել նշանավոր մարդկանց։ Եվ դեռևս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող՝ 1992-ին մեկնել է Արցախ և Շուշիի Արամ Մանուկյանի անվան վարժարանում հիմնել «Վարանդա» երգչախումբը։

Համերգի վերջում Զ․ Քեշիշյանը նաև պատվոգրեր հանձնեց երգչախմբի 11 անդամի՝ «Երգող Արցախ» երգչախմբային ծրագրին նվիրյալ ու հետևողական մասնակցելու համար։

Արցախում տարբեր վայրերում, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանում, ներկա եմ եղել «Վարանդա» երգչախմբի համերգներին ու այժմ կարոտով եմ հիշում այդ օրերը։ Այժմ Երևանում անհնար է առանց հուզվելու լսել արցախցի երեխաների ոգեշունչ կատարումները ու մտքով չհասնել Աղավնո գյուղ, երբ նորակառույց տների բանալիներ էր Արցախի նախագահը հանձնում բնակիչներին, իսկ «Վարանդա»-ի երիտասարդ երգիչները հաճելի պահեր էին հրամցնում ներկաներին։

Իր ֆեսբուքյան էջում երևանյան համերգի մասին Մերի Մելիքյանը գրել է․ «Այս երեխաներից գողացված հայրենիքը պետք է վերադարձնենք։ Անհնար է առանց հուզվելու նայել այս երեխաների ապրումները, հույզերը և թաց աչքերը, երբ հպարտությամբ հնչեցնում են Արցախի Օրհներգը»։

Երիտասարդ դաշնակահար Վլադիմիր Գալստյանը, որը նույնպես նվագակցեց երգչախմբի կատարումներին, ասաց․ «Այս տարի ևս մեծ պատիվ ունեցա իմ նվագակցությամբ լինել իմ հարազատ «Վարանդա» երգչախմբի կողքին՝ մեր սիրելի խմբավար պարոն Զաքարի ղեկավարությամբ։ Համերգի առանձնահատուկ պահերից էր Ստեփան Բաբաթորոսյանի «Շարային քայլերգի» կատարումը։ Առանձնահատուկ էր նաև այն, որ այդ պահին համերգին ներկա էր հենց ստեղծագործության հեղինակը։ Նրա ներկայությամբ իր ստեղծագործությունը ներկայացնելը մեզ համար իսկապես գեղեցիկ ու հիշարժան պահ էր»։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930