E-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների վիճարկման գործերի ենթակայությունը վարչական դատարաններից տեղափոխել ընդհանուր իրավասության դատարաններ։
ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները նշված նախագծում արձանագրել են մի շարք խնդրահարույց կետեր, մասնավորապես՝
Ենթակայության փոփոխությունն առաջարկվում է առանց բավարար հիմնավորման, թեև խոսքը վերաբերում է ոչ թե մասնավոր վեճի, այլ ոստիկանության՝ հանրային իշխանության շրջանակում կայացրած որոշումների իրավաչափության դատական վերահսկողությանը։
Առաջարկվող կարգավորումները չեն նախատեսում բռնության ենթարկված անձի պարտադիր և անհապաղ ծանուցման ու դատավարական մասնակցության հատուկ երաշխիքներ, ինչի հետևանքով նա կարող է դուրս մնալ իր իսկ պաշտպանության համար կիրառված միջոցի վերանայման գործընթացից։
Կարդացեք նաև
Խնդրահարույց է առանց դատական նիստ անցկացնելու գործերի քննության հնարավորությունը, ինչը, անկախ գործի փաստական հանգամանքներից, բացառում է կողմերի լսված լինելու և ապացույցների անմիջական հետազոտման հնարավորությունը։
Հայցադիմումին անհետաձգելի միջամտության որոշման կցումը որպես պարտադիր պայման կարող է արհեստականորեն կապել իրարից անկախ պաշտպանության միջոցները՝ նախազգուշացումը, անհետաձգելի միջամտությունը և պաշտպանական որոշումը։
Անհետաձգելի միջամտության որոշման վիճարկումը 48 ժամում քննելու պահանջը չի բխում միջազգային չափանիշներից և չի ապահովում դատավարական իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ ժամանակ։
Նախագիծը համաձայնեցված չէ ՀՀ կառավարության մեկ այլ՝ արդեն հավանության արժանացած օրենսդրական փաթեթի հետ, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հենց այն դրույթը՝ նախազգուշացման մասին, որի վիճարկման կարգն է սահմանում սույն նախագիծը։
Նախագիծն անտեսում է համակարգում առկա այլ հրատապ խնդիրներ՝ մասնավորապես բռնարարի լսված լինելու իրավունքի ապահովման, պաշտպանության միջոցների կիրառման համար պահանջվող ապացուցման շեմի հստակեցման, երեխայի հետ տեսակցության իրավունքի կարգավորման ընտանեկան բռնության համատեքստում, ինչպես նաև վերահաս վտանգի դեպքում անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հնարավորության բացակայության հարցերը։
Հաշվի առնելով կարգավորվող հարաբերությունների զգայունությունը և առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությունը ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության արդյունավետության վրա՝ ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպություններն առաջարկում են նախագիծը հանել շրջանառությունից և կազմակերպել դրա մասնագիտացված հանրային քննարկում։
Հղումը՝ այստեղ։
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԿ


















































