Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ հիդրոօդերեւութաբանության միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանին

Սեպտեմբեր 11,2026 11:10 Share

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ՖԲ էջից

Սեպտեմբերի 9-ին Ղրղզստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՄԽ) 37-րդ նստաշրջանը՝ հիբրիդային ձևաչափով։

Հայաստանը նիստին մասնակցել է առցանց ձևաչափով։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Առցանց ձևաչափով նիստին մասնակցել են նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, իսկ առկա ձևաչափով՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Նիստին մասնակցել է նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի Անվտանգության ոլորտում համագործակցության վարչության Արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության բաժնի պետ Սերգեյ Գենադևիչ Շպարլոն, ինչպես նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՕԿ նախագահ Աբդուլլա Ալ Մանդուսը և ՀՕԿ հիդրոլոգիայի և կրիոսֆերայի բաժնի պետ Ռոբերտ Ուեյն Ջեքինսոնը։

Օրակարգի շրջանակում ԱՊՀ անդամ պետությունների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ծառայությունների գործունեությունը, ինչպես նաև ԱՊՀ և ՀՕԿ շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները։

Լևոն Ազիզյանը ներկայացրել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջնստաշրջանային ժամանակահատվածի գործունեության հիմնական արդյունքները, դիտարկումների ցանցի, կանխատեսումների և կլիմայական սպասարկման զարգացման ուղղությունները, ինչպես նաև ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության առաջնահերթությունները։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել և որոշումներ են ընդունվել հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, այդ թվում՝ ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին համաձայնագրի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության և դրա իրականացման ծրագրի կատարման վերաբերյալ։

Քննարկվել են նաև հիդրոօդերևութաբանական համագործակցության առանցքային ուղղությունները՝
ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի և զարգացման ռազմավարության իրականացումը,

դիտարկումների ցանցի զարգացումն ու մակերևութային ջրերի որակի գնահատումը,

քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովումը,

գիտական հետազոտությունները, կլիմայական սպասարկումը և կադրային ներուժի զարգացումը,

տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի զարգացումը, այդ թվում՝ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններում ՀՕԿ տեղեկատվական համակարգ 2.0-ի (WIS 2.0) ներդրումը,

ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի գործունեությունը և հետագա համագործակցության ուղղությունները։

Հայկական կողմը ներկայացրել է նաև փաստաթղթի հավելվածում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության լրացումներն ու ճշգրտումները՝ մասնավորապես մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի, հիդրոլոգիական դիտարկումների ավտոմատացման և մակերևութային ջրերի դիտարկումների ցանցի վերաբերյալ։

37-րդ նստաշրջանի անցկացումը համընկել է նաև Ղրղզստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ծառայության 100-ամյակի տոնակատարության հետ։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը շնորհավորել է Ղրղզստանի գործընկերներին հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացում։

ԱՊՀ ՀՄԽ հաջորդ՝ 38-րդ նստաշրջանը կանցկացվի Բելառուսի Հանրապետությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել