«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ էներգակիրների ոլորտում ավելի խիստ գնային քաղաքականություն է նախապատրաստում։ Եվ եթե Ռուսաստանը Հայաստանի համար բարձրացնի գազի գինը, ակնհայտ է, որ Հայաստանը դիմելու է Եվրամիությանը՝ ֆինանսական աջակցություն ստանալու և գազի գինը սուբսիդավորելու համար։ Իմ տեղեկություններով՝ այդ հարցն արդեն քննարկվել է․ Եվրամիությունն արդեն տեղեկացված է խնդրի մասին և պատրաստ է տրամադրել այդ աջակցությունը, թե որքան ժամանակով՝ դա այլ հարց է։
Դրան զուգահեռ իշխանությունները սկսելու են ադրբեջանական գազի լեգիտիմացման գործընթացը՝ այն հանրությանը մատուցելով որպես ընդունելի այլընտրանք։ Արդյունքում շատ հավանական է, որ մենք Եվրոպայի օրինակով շարունակենք գնել նույն ռուսական գազը, բայց արդեն Ադրբեջանից և, բնականաբար, ավելի թանկ գնով։
Սկզբնական շրջանում Եվրոպան ֆինանսապես կաջակցի Հայաստանին՝ էներգետիկ ճգնաժամի հետևանքները մեղմելու համար։ Սակայն այդ աջակցությունը մշտական չի լինելու, և ի վերջո բեռը մնալու է Հայաստանի տնտեսության վրա։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ այսօր առկա տնտեսական ցուցանիշները սկսելու են նվազել։ Ի վերջո, մեր արտադրանքի մրցունակության հիմքում ընկած գլխավոր գործոններից մեկը էներգառեսուրսների մատչելիությունն է։
Այս համատեքստում կարևոր է ընդգծել նաև ատոմակայանի գործոնը, որի հետագա շահագործումը նույնպես հարցականի տակ է դրվել։ Վերջերս Ալիևը հայտարարեց ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների որդեգրած մոտեցումը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ ատոմակայանի փակման հարցն արդեն ներառված է նրանց անելիքների ցանկում։


















































