«Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Կա դափոնով գրանցված կուսակցություն, բայց չգրանցվածը և համակարգից դուրսը մեկն է
Երկրի պաշտպանությունը հակաօրինական է, պնդում է Արդարադատության նախարարությունը
«Ազգային հեղափոխություն» կուսակցության և Մարտական եղբայրություն միաբանության հայտարարությունը
Կարդացեք նաև
1. Հայաստանի միակ չգրանցված կուսակցությունը
Ի պատասխան մեր պաշտոնական բողոքին, որը վերաբերվում էր ՀՀ պետական ռեգիստրի կողմից «Ազգային հեղափոխություն» կուսակցության գրանցման մերժմանը (տես մեր նախորդ Հայտարարությունը) ստացել ենք Արդարադատության նախարարի արձագանքը։
Իր պատասխանում Արդարադատության նախարարը վերահաստատում է Պետական ռեգիստրի դիրքորոշումը։
Մասնավորապես տիկին նախարարը պնդում է, որ Ազգային հեղափոխություն կուսակցության ծրագրի՝ 3 -րդ Բաժնի (“Մոտակա նպատակներ») Ե (5) կետը («Եթե Ադրբեջանը կամովին չի ազատում 2021-2022 թթ-ին Հայաստանից օկուպացված տարածքները, ապա դրանք պետք է ազատագրվեն հատուկ ռազմական գործողությամբ՝ միջազգային իրավունքի համաձայն»), իբր պատերազմի քարոզ է, որով հակասահմանադրական է (իբր խախտում է Սահմանադրության 77 հոդվածը «Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը»)։
Ավելին՝ փորձելով հիմնավորել և զարգացնել այս առանց այդ էլ, մեղմ ասած, զարմանալի պնդումը, տիկին նախարարը մեջբերում է Կուսակցության ծրագրից այլ դրույթներ ևս, որոնք իբր նույնպես վկայում են «պատերազմի քարոզի» մասին։ Որպես այդպիսին, օրինակ, դիտարկվում է Ծրագրի 4-րդ բաժնի («Ոլորտային ծրագրեր»), երկրորդ հատվածի (Ռազմաքաղաքական ոլորտ) 12-րդ կետում ամրագրված ակտիվ պաշտպանության մասին դրույթը՝ որպես ՀՀ ռազմական դոքտրինի հիմնաքար, և որի մասն է՝ թշնամու հարձակման դեպքում՝ ռազմական գործողությունները թշնամու տարածք տեղափոխելու 13.2 ենթակետը։
Բացի այս՝ գաղափարական-ծրագրային կետերից, պատասխանի մեջ թվարկած են նաև Կանոնադրությանը վերաբերող որոշ կետեր։ Պարզ է, որ դրանց ճնշող մեծամասնությունը զուտ առիթ են, և մերժման բուն պատճառը՝ ծրագրային-գաղափարական է։ Այդուհանդերձ, հետաքրքիր է և ուշագրավ է, որ Կանոնադրության կետերի մեջ հատկապես խնդրահարույց է համարվել թե’ Պետռեգիստրի, թե’ Արդարադատության նախարարության կողմից Կուսակցության ղեկավարման կոլեգիալ, ռոտացիոն սկզբունքը, և Կուսակցության նախագահի պաշտոնի բացակայությունը, այսինքն՝ ներկազմակերպչական դեմոկրատիայից բխող ղեկավարման մոդելը։
Այսպիսով, Ազգային հեղափոխություն կուսակցությունը շարունակում է մնալ անկախ Հայաստանի պատմության, և հատկապես վերջին հինգ տարվա մեջ Հայաստանի առաջին և միակ՝ գաղափարական պատճառներով չգրանցված կուսակցությունը։
2. Նախարարության պնդումները աներկբայորեն հակասահմանադրական են, ավելորդ է նույնիսկ շեշտել, թե իրավական ինչ աբսուրդ են
Արդարադատության նախարարության այս պնդումները։ Սեփական ինքնիշխան տարածքի ազատագրումը ռազմական ճանապարհով չի կարող համարվել պատերազմի քարոզ նույնիսկ ամենավատ երազում։ Նույնը վերաբերում է ակտիվ պաշտպանությանը՝ ցանկացած պետություն հարձակումից պաշտպանվելիս ոչ միայն իրավունք ունի, այլև ձգտում է ռազմական գործողություններից գոյացող վնասը տեղափոխել թշնամու տարածք։ Սա չիմանալ և չհասկանալ անգրագիտության պարզ դրսևորում է։ Իրեն հարգող և առողջ բանականության նվազագույն չափով օժտված որևէ միջավայրում ամոթ է նույնիսկ քննարկել նման պարզ ճշմարտությունները։
Ավելին՝ հենց Արդարադատության նախարարության պնդումներն են հակասահմանադրական։ Սեփական ինքնիշխան տարածքի պաշտպանությունն, անձեռնմխելիության ապահովումը և վերականգնումը ցանկացած պետության ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունն է՝ ամրագրված Սահմանադրությամբ, այդ թվում ՀՀ Սահմանադրությամբ (հոդված 14)։ Ըստ որում՝ դա ոչ թե սովորական պարտականություն է, այլ ինքնիշխանության հիմքերի հիմքը։
Ըստ այդմ՝ մենք շարունակելու ենք իրավական գործընթացը բոլոր հնարավոր տարբերակներով՝ հայաստանյան և միջազգային բոլոր հնարավոր ատյաններում՝ հասնելու համար մեր կուսակցության գրանցմանը, ինչպես նաև բացահայտելու համար մեր գրանցումը մերժող հիմնավորումների հակասահմանադրականությունը։
Ազգային հեղափոխություն կուսակցության գրանցման մերժումը կոպիտ խախտում է թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական նորմերի։
Է՛լ ավելի կոպիտ խախտում է ՀՀ պետական մարմնի կողմից պաշտոնապես ձևակերպված այն պնդումը, թե Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրումը ռազմական ճանապարհով հակասում է օրենքին։ Հատկապես այս պնդման համար դա անողները պետք է վաղ թե ուշ իրավական խիստ պատժի ենթարկվեն։
3. Նախարարությունն ընդդեմ ՀՀ ինքնիշխանության
Ինքնին պարզ է, որ իրավական նորմերի կոպիտ այս խախտումը Հայաստանի պետական մարմինների կողմից հետևանք է ոչ թե իրավական անգրագիտության (նման կարգի իրավական անգրագիտություն դժվար է պատկերացնել), այլ ունի ակնհայտ քաղաքական հիմքեր։ Պարզ ասած՝ “Ազգային հեղափոխություն” կուսակցության չգրանցումը հստակ քաղաքական, այլ ոչ թե իրավական որոշում և գործողություն է։
Հարցը, սակայն, այստեղ մեր կուսակցությունը չէ միայն, այլ շատ ավելի լայն է։
Պետությունը, որը հրաժարվում է իր իսկ տարածքի ազատագրման գաղափարից այդ թվում ռազմական ճանապարհով, և ավելին՝ համարում է նման նպատակը հակաօրինական, փաստացի հրաժարվում է իր ինքնիշխանությունից։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, և նման պաշտոնական հրաժարումը ծիծաղելի է արդարացնել ինչ-որ մարտավարական, դիվանագիտական հնարքներով, «խորամանկությամբ», քանի որ խոսքը պետության հիմքերի մասին է, ոչ թե ինչ-որ կամայական հարցի։
Մեզ համար այստեղ նորություն չկա՝ հետպատերազմյան քաղաքական կուրսը քայլ առ քայլ ընթանում է Հայաստանի ինքնիշխանության կազմաքանդման ճանապարհով ի հեճուկս ինքնիշխանության իբր ավելացման մանկամիտ հեքիաթի։ «Ազգային հեղափոխություն» կուսակցության գրանցման մերժումն ընդամենը մեկ օրինակ է այս միտման։
Ի դեպ, բացի ամենից սա նաև ուղիղ հետևանք է 2025 թվականի օգոստոսի 8-ի Հայտարարության 5-րդ կետի, որում կողմերը պարտավորվում են հրաժարվել «ռևանշից»։ Հայաստանի հանրային և քաղաքական դաշտը գրեթե զրոյական ուշադրություն և կարևորություն տվեց այս կետին, բայց մենք մեզ հասու բոլոր միջոցներով նշել ենք, որ սա ական է դրված Հայաստանի անկախության տակ, քանի որ այդ կետը բնականաբար վերաբերում է հենց Հայաստանին, և որպես ռևանշ կարող է մեկնաբանվել ցանկացած բան, որը Ադրբեջանի սրտով չի լինելու։
Տվյալ դեպքում պարզվում է, որ որպես փաստացի «ռևանշ» (թեև այդ բառը չի օգտագործվում Արդարադատության նախարարի կողմից) մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատագրման ձգտումը ռազմական ճանապարհով։
4. Պաշտոնական ճանաչումը որպես հակահամակարգային ուժ
Բացի իրավական և քաղաքական գնահատականից, ուզում ենք ներկայացնել նաև մեր ներքին դիրքորոշումը տեղի ունեցածին։
Մենք ոչ միայն ընկճված չենք մեր կուսակցության գրանցման հետ կապված խնդիրներից, այլ նույնիսկ հպարտ ենք դրանով։
Մենք չենք ստեղծել քաղաքական միավոր՝ մեկ ընտրությանը մասնակցել-չմասնակցելու և հետո տներով ցրվելու կամ չար բախտից բողոքելու համար։ Մեր նպատակը լուրջ, հեռանկարային գաղափարական և քաղաքական նախագծի իրացումն է։ Դրա առանցքային միտքը ներկա քաղաքական կուրսին՝ հետևողական, արմատական և անզիջում գաղափարական, քաղաքական և կազմակերպչական այլընտրանքի և հայ ժողովրդի քաղաքական իդեալների և իրավունքների պաշտպանության քաղաքական գործիք ստեղծելն է։ Հենց սկզբից մեր խնդիրն է եղել արմատապես տարանջատվել ոչ միայն ներկա իշխող ուժից, այլև առհասարակ առկա քաղաքական համակարգից, որը կառուցված է պարտության գաղափարախոսության կոնսեսուսի շուրջ, որքան էլ արտաքուստ սուր թվան այդ համակարգի տարբեր թևերի վեճերը միմյանց դեմ։
Մենք համարում ենք, որ այժմ ստացել ենք պաշտոնական հաստատում և ճանաչում մեր ջանքի՝ լինելով Հայաստանի պատմության առաջին քաղաքական ուժը, որի գրանցումը մերժվել է գաղափարական հիմքերով, ինչի համար պետական հաստատությունները ստիպված են եղել դիմել իրավունքի կոպտագույն խախտումների։ Փաստացի համակարգը մեզ պաշտոնապես ճանաչել է համակարգից դուրս քաղաքական միավոր, իրական հակահամակարգային գաղափարական այլընտրանք։
5. Հարյուրավոր գրանցվածներ և մեկ չգրանցված
Մենք համարում ենք և համարելու ենք, որ Ազգային հեղափոխություն կուսակցությունը կա և լինելու է՝ անկախ առայժմ թղթի վրա գրանցված լինել չլինելու հանգամանքից։ Թուղթը չի որոշելու մեր քաղաքական թիմի գոյությունը։
Մեզ վստահություն է տալիս այն փաստը, որ անցած հինգ տարիների ընթացքում որպես Մարտական եղբայրություն մենք իրացրել ենք քաղաքական և հանրային գործողություններ և նախագծեր, և այդ ամբողջ ընթացքում կայացել ենք որպես թիմ։ Հայաստանում կան բազմաթիվ թղթի վրա գրանցված կազմակերպություններ, որոնց մեծ մասը փաստացի չկա։ Մեր պարագան հակառակն է՝ այսքան տարի չունենալով թղթային գրանցում, մենք փաստացի կանք, գործում ենք և ամրանում ենք։
Ազգային հեղափոխություն կուսակցության անունով մենք իրականացնելու ենք միջոցառումներ, գործողություններ, նախագծեր, հավաքներ և նոր անդամներ ենք ընդունելու։
6. Ուժ և ուրախություն ընդդեմ ձանձրույթի և վատ հոտի
Մեր գործունեությունն ուղղված ապագային և երիտասարդությանը, որին մենք ունենք փոխանցելու գաղափարներ, փորձ, տրամադրություն, ոճ և միջավայր։ Այն է՝ ամոթ է լինել թույլ, նվնվացող, ընկճվող, անկարող, սեփական պարտությունը կրոն դարձնել, ապրել վախեցած և հիմար։
Հայաստանում կան դափոնով գրանցված կուսակցություններ։ Եվ կա՝ մեկ չգրանցված կուսակցություն՝ ուժ, ուրախություն, ինքնավստահություն քարոզող, ի հակադրություն ընդունված միտմանը։ Սա այն է, ինչ պետք է փոխարինի ձանձրալի «պապենական» վատ հոտ անող «մենք թույլ ենք, բան չենք կարող անել, պետք է լեզու գտնենք» իմաստակությունը։
7. Մեր կոչը հանրային ուժերին
Կոչ ենք անում բոլոր հանրային, քաղաքական ուժերին, անհատներին, լրատվամիջոցներին, ուշադրություն դարձնել այս իրավիճակին՝ հասկանալով, որ սա մեկ կուսակցության հարց չէ, այլ՝ Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, իսկ քաղաքական առումով՝ Հայաստանի ինքնիշխանության կազմաքանդման գործընթացի վառ վկայություն։



















































