Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային հեղափոխություն» կուսակցության գրանցման գործընթացը ձգձգվում է: Շարունակելու ենք պայքարը պարտության և թուլության գաղափարախոսության դեմ. Հրանտ Տեր-Աբրահամյան

Ապրիլ 15,2026 14:33 Share

«Մարտական եղբայրություն միաբանության» անդամ, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայեր,
Մարտական եղբայրություն միաբանության նախաձեռնած «Ազգային հեղափոխություն» կուսակցության գրանցման գործընթացը ձգձգվում է։
Իրավիճակն ավելի մանրամասն կներկայացնենք հետագայում, քանի որ գործընթացը դեռ չի ավարտվել։ Ներկա փուլում կարող ենք միայն ասել, որ, ըստ ամենայնի, խնդիրը զուտ ֆորմալ ընթացակարգային չէ, այլ կապված է նաև մեր ծրագրային և գաղափարական մոտեցումների հետ։

Անկախ գործընթացի ելքից` մեր կուսակցությունը չգրանցելն այս պահին արդեն նշանակում է, որ, ցավոք, չենք կարողանալու մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Այս ընթացքում Մարտական եղբայրության քաղաքական խումբն իր ընդլայնված հավաքներում քննարկել է ընտրություններին մասնակցելու մի քանի այլ տարբերակ, սակայն, ի վերջո, դրանք բոլորն էլ մեզ համար ընդունելի չեն եղել։

Իհարկե, մենք շատ էինք ցանկանում մեր ուժերը փորձել առաջիկա ընտրապայքարում՝ մեր ժողովրդի ավելի լայն հատվածին ներկայացնելու համար այսօրվա պարտադրված իրականությանն իրապես այլընտրանքային գաղափարական և քաղաքական մոտեցումներ։

Դրա հետ մեկտեղ հայտարարել էինք, որ քաղաքական ուժ ենք ձևավորում ոչ թե մեկ ընտրական ցիկլի համար, այլ մնայուն գաղափարական այլընտրանք և գործիք ստեղծելու՝ տևական պայքարի համար, և բոլոր առողջ, երիտասարդ, խելացի, ստեղծագործ և ուժեղ հոգիների համար։

Հետևաբար շարունակելու ենք․
ա) մեր անզիջում պայքարը պարտության և թուլության գաղափարախոսության դեմ՝ անկախ նրանից, թե դա ի՛նչ անվան տակ հանդես կգա, ի՛նչ դիմակ կհագնի և ո՛ր քաղաքական ճամբարից կքարոզվի՝ թե՛ բաց, թե՛ քողարկված։

բ) շարունակելու ենք ամենօրյա աշխատանքով ամրացնել Մարտական Եղբայրությունն ու կառուցել «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը՝ պատրաստվելով քաղաքական մոտակա և ավելի հեռավոր պայքարներին ու իրավիճակներին։

Մարտական եղբայրության պատմության արդեն գրեթե 5 տարին, որի ընթացքում անցել ենք կայացման բազմաթիվ փուլեր և շարժվել առաջ, լավագույն փաստարկն են առ այն, որ ունենք մեր տեսլականն ու պայքարի կամքը և պատրաստ ենք ոչ թե կարճ, այլ երկար տարածության «վազքի»։

Մեր ժողովրդին մենք միշտ քարոզում ենք, որ սեփական ուժերի վրա հենվելով` հնարավոր է հասնել մեծ արդյունքների և հաղթանակի։ Հետևաբար, մեր իսկ թիմի օրինակով պարտավորված ենք ապացուցել, որ հնարավոր է, ի վերջո, կայացնել մրցունակ քաղաքական ուժ՝ հենվելով սեփական գաղափարի և կամքի ուժի վրա։

գ) Նախընտրական շրջանում մենք, անկախ մեր չմասնակցելուց, շարունակելու ենք մեր քարոզչական ջանքը՝ ցույց տալու համար «ընտրությունների» կեղծիքը երկու և ավելի իբր այլընտրանքների միջև, քարոզելու համար իրական գաղափարական այլընտրանքի հնարավորությունը և պատրաստելու մեր ժողովրդին գալիք կարևոր քաղաքական օրակարգերին ու պայքարներին։

«Ազգային հեղափոխություն» կուսակցության նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930