«Երևանի Աջափնյակի մետրոյի կառուցման հետ կապված՝ բյուջեում ծախսային կետ կա՞, թե՞ չկա։ Ընթացիկ մետրոյի վերանորոգման աշխատանքները կամ շարժակազմի համալրումը չէ, նոր՝ Աջափնյակի մետրոյի կայանի կառուցման հետ կապված կետը կա՞։ Եթե կա, կասե՞ք՝ գումարը որքան եք պլանավորել ու ինչ աշխատանքների շուրջ»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի համար նախատեսված է 2 միլիարդ դրամ։ Երկու միջոցառում ունենք՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում… Բուն կայարանի կառուցումը «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառմամբ է իրականացվում։ Դրանով նախատեսվում է Աջափնյակ մետրոյի կառուցումը, դրա համար նախատեսված է 2 միլիարդ դրամ։ Ինչո՞ւ է նախատեսված 2 միլիարդ դրամ․ մենք պայմանավորվածություն ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ եթե աշխատանքների ծավալը կամ ընթացքը ավելի արագ լինի, մենք այստեղ գումարներ կավելացնենք։ Խնդիրը նրանում է, որ հիմա պետք է մենք վերջնականացնենք բանակցությունները այն կազմակերպության հետ, ով որ ֆինանսավորելու է ծրագիրը, և գնման մրցույթ իրականացնենք, և մեր կարծիքով՝ 2 միլիարդից ավել նախատեսելը մյուս տարվա համար իրատեսական չէր լինի, և մենք այսպես 2 միլիարդ ենք դրել այն մտքով, որ եթե մենք ունենանք հաջողություն, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ կգնան, մենք այստեղ գումար կավելացնենք։ Բայց ձեր հարցի պատասխանը՝ 2 միլիարդ»,- եղավ պատասխանը։
Մեսրոպ Մանուկյանը նկատեց՝ նախնական հաշվարկներով՝ նոր կայանի կառուցումը 100 միլիարդը գերազանցում էր․ «Այսինքն՝ ձեր ասած թվից 50 անգամ ավելի շատ գումար էր պետք։ Ես, որքանով ինֆորմացված եմ որպես նախկինում ավագանի, այդ գումարն ուրիշ ուղղությամբ է ուղղվելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ կա՞ մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ռազմավարություն։
Նախարարի պատասխանից հետո արձագանքեց․ «Քաղաքական շոույի հոտ է գալիս, երբ մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման պլան չկա, բայց խոսում եք մետրոյի կայարանի կառուցման մասին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































