«Երբ ես ասում եմ՝ օրակարգից պետք չի շեղվել, իմ ցանկությունը չէ։ Դա կարգավորված է կանոնակարգ օրենքով։ Երբ մարդիկ օրակարգից շեղվում են, դա բերում է նիստը խաթարող տարբեր հետևանքների»,- ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ հերթն արդեն հասել էր ձեռնամարտի, վերադառնալով նիստերի դահլիճ՝ հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Խոսելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի մասին, որն իր ելույթում ԱԺ նախագահի հրաժարականն էր պահանջել, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Եթե այսպես շարունակվի, ես իրեն ուղղակի դահլիճից դուրս եմ հանելու, սկզբից դուրս եմ հանելու մեկ օրով, հետո յոթ օրով, հետո ինչքան կանոնակարգը թույլ է տալիս դուրս եմ հանելու, հետո կարող է դուրս շպրտեմ, հետո կարող է դուրս շպրտեն, խմբակային ցույց տանք, թե որը որից հետո է։ Որևէ մեկը ստեղ չկա, որ գա, մեզ ասի թալանչի»։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էլ, անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի ելույթին և մինչ այդ ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցած ձեռնամարտին ու քաշքշուկին, իր ելույթի սկզբում ասաց․ «Ողորմի ձեր բարեկրթությունը»։
Անդրադառնալով այն փաստին, որ «եկեղեցու ճգնաժամը» քննարկող ԱԺ քննիչ հանձնաժողով է ՔՊ-ն ստեղծել, ասաց․ «Շաքիի դեպքերից ուշադրությունը շեղելու համար է։ Մեր սահմանները սարքել են «պռախադնոյ դվոռ» (միջանցիկ բակ.-խմբ.), ուզում են կեղծ օրակարգով սնել բոլորին։ ՊՊԾ աշխատակիցները, որ թռնում, ակնոց են պոկում, նույն ջանասիրությամբ թող գնան, սահմանները պաշտպանեն։ Ակնհայտ էր, որ սադրողը ՔՊ-ական էր, գլխավոր հերոսն էլ գլխավոր քավոր- սանիկական հարաբերություններն են»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































