Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեթև հողով ենք ծածկել, որ թուրքից թաքցնենք». զոհված զինծառայողի մայր

Հոկտեմբեր 08,2026 12:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք վերջին երկու օրվա… այսպես… հողակույտով թեթև, թուրքից ընդամենը թաքցրել ենք, որովհետև անձամբ մեզ այդպես պատասխանեցին, ասեցին՝ պետությունը պարտավորվում է, կտեղափոխի վերջին զոհերին, քանի որ իրենք չունեն բարեկարգված գերեզմաններ։ Բոլոր զոհերն էլ մերն են, մնացած նախորդ տարիներին, բայց գոնե իրենց գերեզմանները բարեկարգված են՝ ցեմենտ, բետոն, նկարաքար, տապանաքար… Մի խոսքով, մերը ընդհանրապես ոչ մի տիպի բան չկա։ Ասեցին՝ պարտավորվում ենք, դուք ոչ մի բան մի արեք, որովհետև կարող է Հակարիի անցակետով չթույլատրեն անցկացնեն, ձեր… աչքի առաջ ձեր հարազատի մարմինը խոշտանգեն։ Մի խոսքով, էլ չերկարացնեմ, խնդրում եմ ամեն անգամ, եթե դուք հարցը բարձրաձայնելու լինեք՝ ուղիղ ուղղեք պարոն Փաշինյանին»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ծնողները պահանջում միայն 2023 թվականի զոհվածների մարմինների արտաշիրիմում։

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։

Զոհվածի մայրը պարզաբանեց՝ ուզում են հենց Նիկոլ Փաշինյանից պատասխան լսել, որովհետև նույն նամակը նույն բովանդակությամբ՝ տարբեր ժամանակահատվածներում ուղարկվել է Արտաքին գործերի նախարարություն, Ազգային անվտանգություն․ «Հիմա չենք կողմնորոշվում՝ որ կառույցի իրավասության շրջանակներում է այդ հարցը։ Ու բացի դրանից, եթե մենք շեշտում ենք արտաշիրիմման հարցն էլ անհայտ կորածների և գերիների մասով, որպես պատասխան գալիս է միայն առաջին ու երկրորդ կետին վերաբերող ինչ-որ սպեցիֆիկ, մի հատ օդում կախված, անորոշ պատասխան»։

Ծնողների հավելյալ հարցադրմանը, թե ինչու չի շեշտվում արտաշիրիմման հարցը, պատասխանում են․ «Որովհետև Ազգային անվտանգությունում կոնկրետ ձևավորված է հանձնաժողովը գերիների և անհայտ կորածների մասով, իրենք չունեն այդ մանդատը, որ զբաղվեն արտաշիրիմման հարցով։ Լավ, եթե չունեն, Նիկոլ Փաշինյանին նամակը ուղղում ենք, ինչի՞ է ուղարկում Ազգային անվտանգություն, ի՞նչ ակնկալիքով։ Ու խնդրում եմ շեշտել այդ 23 թվականը, կոնկրետ հասկանան՝ ինչի համար է շեշտվում դա»։

Զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանն էլ հավելեց, որ այդ ժամանակահատվածում դագաղներ չկային արդեն Ստեփանակերտում, որովհետև շրջափակված էր․ «Տղաներին, որոնց որ դուրս են բերել (մեկն էլ իմ որդին է), Ադրբեջանը ստույգ, հստակ ինֆորմացիա է տվել՝ պոլիէթիլենի մեջ փաթաթեն, առանց ոչ մի բանի, ուղղակի փակեն ցելոֆանի մեջ, դնեն, ընդհանուր փակեն և բերեն հասցնեն Հայաստան։ Երկու օր ճանապարհ են եկել, դե անտանելի տեսարան էր։ Եթե անգամ խոշտանգված չէին, բայց անտանելի տեսարան էր…»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Եղբայրական գերեզմաններ Ստեփանակերտում 2023 թվականի սեպտեմբերի ռազմական հարձակումից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031