Տաղանդավոր դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Մելքոնյանի՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն նշանակվելուց հետո թատրոնում նոր շունչ ու շարժում է նկատելի։ Վառ անհատականության ներկայությունը, բնականաբար, իր հետ բերում է նաեւ նոր շեշտադրումներ։
Ֆլորիան Զելլերի պիեսի հիման վրա Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրած «Եթե դու մեռնեիր» ներկայացումը դրա խոսուն օրինակներից է։
«Արտավազդ 2026» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն կամերային ներկայացում» ճանաչված հոգեբանական դրամայում ներգրավված են Տաթեւ Հովակիմյանը, Հարություն Հովհաննիսյանը, Միլենա Ավանեսյանը եւ Թելման Խաչատրյանը։ Ներկայացման ուշագրավ կողմերից մեկը նրա տարածական լուծումն է․ թատրոնի փոքրիկ դահլիճի ամբողջ տարածքը վերածվում է բեմի, իսկ իրադարձությունները զարգանում են երկու զուգահեռ իրականություններում՝ ներկայում եւ անցյալում։
Բաց պատուհանից այն կողմ շարունակվում է քաղաքի սովորական կյանքը․ կարելի է տեսնել մարդկանց, շենքերի լույսերը, լսել անցնող մեքենաների աղմուկը։ Իրական կյանքը ներկայացման մեջ է մտնում ոչ միայն որպես միջավայր, այլեւ որպես դրա տրամադրության մաս։ Բեմական եւ իրական տարածքների այս հարեւանությունը աստիճանաբար ջնջում է դրանց միջեւ սահմանը։ Հանդիսատեսը սկսում է ոչ միայն հետեւել պատմությանը, այլեւ կասկածել՝ տեսածի որ մասն է իրականություն, որը՝ հիշողություն կամ երեւակայություն։
Կարդացեք նաև
Նախ հետաքրքիր է ընտրված նյութը։ Զելլերի դրամատուրգիան գրավիչ է հատկապես նրանով, որ հանդիսատեսին թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ պասիվ դիտորդի դիրքում։ Պատմության ընթացքում անընդհատ ինչ-որ բան փորձում ես հասկանալ, գուշակել։ Հնչող յուրաքանչյուր նախադասություն կարող է նոր իմաստ ստանալ հաջորդ տեսարանում։ Ուստի հանդիսատեսը հետեւում է ոչ միայն հերոսների գործողություններին, այլեւ նրանց խոսքերի ենթատեքստին։
Եթե շատ պարզ ներկայացնենք սյուժեն, ապա գլխավոր հերոսուհին՝ Աննան (Տաթեւ Հովակիմյան), կորցնում է ամուսնուն՝ երիտասարդ գրող Պիեռին (Հարություն Հովհաննիսյան), որը զոհվում է ավտովթարից։ Նրա մահից հետո Աննան, պրպտելով ամուսնու աշխատասենյակում մնացած թղթերը, սկսում է կասկածել, որ Պիեռը դավաճանել է իրեն։ Աննան փորձում է գտնել դերասանուհի Լոռա Դամին, որի անունը հայտնվել է այդ կասկածների կենտրոնում, եւ խոսում է ընտանիքի բարեկամ Դանիելի հետ։
Սակայն այստեղ պատմությունը դադարում է լինել պարզապես հնարավոր դավաճանության մասին։ Մահացած մարդուց այլեւս հնարավոր չէ ստանալ այն պատասխանները, որոնք կենդանի հարաբերություններում կարող էին պարզաբանվել մեկ հարցով, մեկ խոսակցությամբ կամ նույնիսկ վիճաբանությամբ։ Աննան մնում է իր հարցերի հետ միայնակ։ Եվ որքան ավելի է փորձում գտնել ճշմարտությունը, այնքան ավելի է խճճվում։
Հենց այստեղ է, որ «Եթե դու մեռնեիր»-ը դառնում է ոչ միայն սիրո ու կորստի, այլ հարաբերություններում չասվածի մասին ներկայացում։ Ի՞նչ կլիներ, եթե Պիեռը չմահանար։ Եթե Աննան մեկ այլ բան ասե՞ր։ Եթե այդ թղթերում չհայտնվե՞ր Լոռա Դամի անունը։ Եթե Դանիելը ժամանակին խոստովանե՞ր, որ ինքն է նրանց ծանոթացրել։ Այս «եթե»-ներն այլեւս չունեն պատասխան, եւ հենց այդ անպատասխանելիությունն է Աննայի ողբերգության առանցքը։
Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրության մեջ կարեւոր են ոչ միայն խոսքերը, այլեւ դրանց միջեւ ընկած դադարները, դերասանների հայացքները, լռությունը… Որոշ բաներ այստեղ ասվում են ոչ թե բառերով, այլ խաղի մանրագույն փոփոխություններով։ Հանդիսատեսը ստիպված է կարդալ նաեւ այդ երկրորդ՝ ենթատեքստային շերտը։
Այս առումով դերասանական աշխատանքը կարեւոր դեր ունի: Հատկապես Տաթեւ Հովակիմյանն ու Հարություն Հովհաննիսյանն իրենց խաղով էլ ավելի են ուժեղացնում ներկայացման բեմական լարվածությունն ու հուզական ազդեցությունը:
Պիեռի մահը, հետեւաբար, չի նշանակում նրա ներկայության ավարտը Աննայի կյանքում։ Ընդհակառակը՝ մահից հետո նրա ներկայությունը վերածվում է հիշողությունների, կասկածների, ենթադրությունների ու չկայացած խոսակցությունների։ Աննան այլեւս չի կարող փոխել անցյալը, բայց շարունակում է վերադառնալ դրան՝ փորձելով գտնել մի պատասխան, որը գուցե երբեք էլ գոյություն չի ունեցել։
«Եթե դու մեռնեիր»-ի ուժը հենց այս փակ շրջանի մեջ է։ Հանդիսատեսն էլ աստիճանաբար հայտնվում է նույն հոգեբանական թակարդում՝ սկսում է վերադառնալ արդեն տեսած տեսարաններին, վերանայել հերոսների խոսքերը եւ կասկածել սեփական ընկալմանը։ Ներկայացումը չի փորձում վերջնականապես բացատրել ամեն ինչ։ Գուցե հենց այդ պատճառով էլ այն շարունակվում է հանդիսատեսի մեջ նույնիսկ ներկայացման ավարտից հետո։
Ֆլորիան Զելլերը ժամանակակից դրամատուրգիայի այն հեղինակներից է, որի գործերում հաճախ խախտվում է իրականության եւ դրա ընկալման սահմանը։ «Եթե դու մեռնեիր»-ում այդ սահմանը հատկապես փխրուն է։ Մարդը կարող է շրջապատված լինել ուրիշներով, բայց մնալ ամբողջովին միայնակ այն հարցերի առաջ, որոնց պատասխանները այլեւս հնարավոր չէ ստանալ։
Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրությունն արժեքավոր է նաեւ նրանով, որ չի փորձում այս պատմությունը վերածել պարզապես դավաճանության մասին դրամայի։ Այն ավելի խորն է գնում՝ դեպի սիրած մարդու կորստից հետո մնացած դատարկությունը, սիրելու դժվարությունը, չասված խոսքերը եւ այն մտավոր ու զգացական կյանքը, որը մարդը շարունակում է ապրել արդեն ավարտված հարաբերության ներսում։ Ինչպես արդեն նշեցի, «Եթե դու մեռնեիր»-ը այն ներկայացումներից է, որոնց ավարտից հետո պատմությունը չի ավարտվում։ Որոշ հարցեր մնում են դահլիճում, իսկ որոշները հանդիսատեսը դուրս է բերում իր հետ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի






















































