ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված հակաեկեղեցական զեկույցում բազմաթիվ են հղումները լրատվամիջոցներին, այդ թվում նաև մի քանի հրապարակում կա մեր պարբերականից։ Դրանք գերազանցապես մամուլի ակումբներում կայացած քննարկումների վերաբերյալ լուրեր են, մասնավորապես՝ 2018-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ասուլիսները, որոնց ընթացքում հնչած հայտարարությունները, առանց որևէ ստուգման, զեկույցում ներառվել են որպես անառարկելի ճշմարտություններ ու իբր հաստատված փաստեր։Այս շարքում, սակայն, ուշագրավ է 2007-ի դեկտեմբերի 15-ի ասուլիսը, որին մասնակցել էին ԵՊՀ դասախոս, քաղաքագետ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը և այն ժամանակ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։
Քաղաքագետը և քահանան այդ ասուլիսում բանավիճել են ՀԱԵ-ին առնչվող տարբեր խնդիրների շուրջ, սակայն բանավեճի, այսպես ասած, «մեխը» տեր Շմավոնի հայտարարությունն է այն մասին, որ «քահանաներն աշխատավարձեր չեն ստանում», ուստի տարբեր արարողությունների՝ հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ քահանաներին գումար տալն արդարացված է․ «Քահանան աշխատավարձ չունի, միայն վանքում աշխատող կուսակրոններն են աշխատավարձ ստանում: Ուստի ինչո՞վ ապրի այդ մարդը, ինչպե՞ս ընտանիք պահի: Հետևաբար որևէ աննորմալ բան չկա, երբ մարդը խաչը համբուրում և նվիրատվություն է անում եկեղեցուն»։ Aravot.am-ի հետ զրույցում՝ հարցին՝ պնդո՞ւմ է 2007 թվականին իր հայտնած տեսակետը և նորմա՞լ է համարում, որ ասուլիսում կամ հանրային այլ հարթակներում հնչեցված տեսակետները դառնան հակաեկեղեցական զեկույցի հիմք, որն էլ իր հերթին պետական քաղաքականության հիմք է, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ եթե կան խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է քննարկել, պետք է լուծումները գտնվեն․ դա՞ է մեր լուծումների ակնկալիքը եղել։
«Ցանկացած բանավեճ՝ իր հայրենիքով և հայրենիքի ներսում կամ դրսում կատարվող իրողություններով մտահոգված մտավորականի համար ենթադրում է հարցադրումներ: Եվ այդ հարցադրումները հետևյալն են․ օրինակ՝ ինչի՞ Հայաստանում եկեղեցու սոցիալական դերը այդքան ուրվագծված չի, որի մասին ես խոսել եմ բազմիցս։ Կամ ինչո՞ւ Արցախի կարգավիճակի բարելավում չի գնում, Արցախը չի ստանում անկախություն կամ գոնե ինքնորոշում, ինչո՞ւ Հայաստանում, օրինակ, ներկա դրությամբ կրթական մոդուլը չի ներառում հայրենասիրական որոշակի թրենդներ: Եվ ես հարց եմ տալիս՝ արդյո՞ք, երբ որ դու մտածում ես Արցախի կարգավիճակի մասին, դու կարող ես ապագայում մտածել, որ քո՝ Արցախի վիճակի բարելավման հարցերը պիտի վերջանան նրանով, որ Արցախը կհայաթափվի և, ընդհանրապես, կհանձնվի Ադրբեջանին։ Կամ՝ եկեղեցու ընդհանուր ներքին հարցերով մտահոգված մտավորականի հարցերը կարո՞ղ է ամենավատ երազում անգամ մարդ տեսնել, որ կարող է վերջանալ եկեղեցու դեմոնիզացիայով և եկեղեցու հանդեպ արշավով: Ուրեմն նորմալ, մտահոգ բոլոր մարդիկ ունենում են հարցադրումներ, բայց այդ հարցադրումների լուծումները կախված են լուծողների բարոյականությունից և մարդկայնությունից: Եվ այստեղ արդեն մեկ տարբերություն կա, թե ինչպե՞ս ես դու տեսնում հարցադրումների լուծումները»,- ասաց Անուշ Սեդրակյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































