«Երաժշտության և պարի ավանդույթների միջազգային խորհուրդ» միջազգային կազմակերպության (International Council for Traditions of Music and Dance / ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի միջազգային սիմպոզիումին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ավստրալաբնակ ասորի դաշնակահարուհի եւ հետազոտող Լոլիտա Էմմանուելը: Նա սեպտեմբերի 9-ին կներկայացնի իր դոկտորական հետազոտությունը:
Լոլիտայի «Կորուստ, հիշողություն և ասորական երգեցողության ստեղծագործական վերահավաքումը սփյուռքում» (Loss, Memory and the Creative Reassembly of Syriac Chant in Diaspora) զեկույցը ներկայացնում է ջութակահարուհի Սուսան Իսկանդարի հետ իրականացված միկրոտոնալ դաշնամուր-ջութակ փորձարարական նախագիծը: Այն նվիրված է Սուսանի հանգուցյալ հոր՝ ասորական երաժշտության և ասորական երգեցողության ռահվիրա, կոմպոզիտոր-երաժշտագետ Նուրի Իսկանդարի հիշատակին:
Աշխատելով Նուրիի՝ Ասորական Ուղղափառ Եկեղեցու հոգևոր երգերի մշակումների վրա՝ Էմմանուելը և Իսկանդարը վերաիմաստավորել են հոգևոր մեղեդիները ջութակի և միկրոտոնալ դաշնամուրի համար, ինչի արդյունքն է 2025 թ. նրանց թողարկած «Հիմներ» (Hymns) ալբոմը: Օգտագործելով Մաքիանո միկրոլարման սարքը՝ նախագծի շրջանակում Էմմանուելը դարձել է առաջին ասորի երաժիշտը, որը ակուստիկ դաշնամուրով փորձարկել և կատարել է միկրոտոնալ ասորական երաժշտություն: Լոլիտա Էմմանուելի նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես են ինքը և Սուսան Իսկանդարը աշխատել Նուրի Իսկանդարի անավարտ երաժշտական նյութերի հետ, «դեգերել» ավանդույթի ու փոփոխությունների բախվող գաղափարների միջև, ստեղծագործաբար ամբողջացրել նրա անավարտ մշակումները:
Կարդացեք նաև
Ներկայացվող զեկույցը հիմնված է Սիդնեյում Էմմանուելի պաշտպանած դոկտորական ատենախոսության վրա («Ասորականության դրսևորումը» / Performing Assyrian-ness), որն ուսումնասիրում է, թե ինչպես է նա իր դասական դաշնակահարի պրակտիկան վերածում մի տարածքի, որտեղ ասորական մշակույթը կարող է մարմնավորվել, արտահայտվել և պահպանվել ապագա սերունդների համար:
Aravot.am-ը զրուցել է Լոլիտա Էմմանուելի հետ:
-Ձեր նախագիծը ծնվեց շատ զգայուն մի պահի, երբ կյանքից հեռացավ Սուսանի հայրը՝ Նուրի Իսկանդարը: Ինչպե՞ս այս կորուստը փոխեց նախագծի սկզբնական կոնցեպտը և դրա հուզական շեշտադրումները:
-Մալֆոնո (ուսուցիչ) Նուրիի մահը ցավալի կորուստ էր։ Լինելով ասորական երաժշտության և ասորերեն շարականների առաջամարտիկ կոմպոզիտոր-երաժշտագետ՝ նա տիրապետում էր իմ բազմաթիվ գեղարվեստական ու մշակութային հարցերի պատասխաններին։ Նա գիտեր, թե որքան բարդ էր լինելու իմ աշխատանքը որպես դաշնակահար, որը ցանկանում էր ասորական երաժշտություն կատարել իր ոչ ավանդական գործիքով։ Ես նրան հանդիպեցի մահվանից ընդամենը 3 ամիս առաջ, նրա հեռանալը ինձ համար պապիկի և ուսուցչի կորստի ցավ էր։ Այն, ինչ ի սկզբանե հուզիչ գեղարվեստական փորձարկում էր, շուտով դարձավ կորստով և հիշատակով նշանավորված նախագիծ։
-Անավարտ մշակումների հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, հետեւաբար որտե՞ղ էր այն սահմանը, ուր ավարտվում էր Նուրիի հեղինակային ձեռագիրը, և սկսվում Ձեր ու Սուսանի ստեղծագործական ազատությունը:
-Հրաշալի հարց է…Նուրիի փորձարարական ոգին մեր ողջ աշխատանքային ընթացքի համար ոգեշնչման մշտական աղբյուր էր։ Մեզ համար հատկապես կարևոր էր հարգել նրա անգնահատելի վաստակն ու ժառանգությունը. նա իր ողջ կյանքն ու կարիերան նվիրել էր ցույց տալու համար, թե որքան խոր պատմական արմատներ ունեն ասորերեն շարականներն ու ասորական աշխարհիկ ավանդույթները արաբական աշխարհի երաժշտական դիմագծում։ Երբ նա հեռացավ կյանքից, նրա նոտաների սևագրությունները թանկարժեք գանձեր էին թվում. մենք ուշադիր վերլուծեցինք և մեկնաբանեցինք նրա գրածը, սակայն այն չէր կարող տալ բոլոր պատասխանները։ Եվ առանց նրա, մենք այլ ելք չունեինք, քան ընդունելու մեր սեփական ստեղծագործական որոշումները՝ նրա ստեղծագործությունն ավարտին հասցնելու համար։ Ամեն դեպքում, Սուսանն այն համոզումն ուներ, որ Նուրին մեզ կխրախուսեր մեր սեփական գաղափարներն ու մոտեցումներն երաժշտությանը ավելացնելու համար…
-Դուք առաջին ասորի երաժիշտն եք, որն ակուստիկ դաշնամուրի վրա փորձարկել է ասորական միկրոտոնալ երաժշտություն՝ Մաքիանո միկրոտոնային լարող սարքի միջոցով: Ի՞նչ տեխնիկական և գեղագիտական բարդությունների հանդիպեցիք արևելյան հոգևոր մելոդիաները արևմտյան դասական գործիքին համադրելիս:
-Մաքիանոն իմ ստեղծագործական պրակտիկայում արտակարգ հուզիչ նորամուծություն էր։ Մինչ այդ, միկրոտոնալ հնչյունները, որոնք ինձ հիշեցնում էին մանկությանս լսած ասորական շարականներն ու ավանդական պարերը, թվում էր՝ թակարդված են դաշնամուրի ստեղնաշարի արանքում։ Հիմա դրանք իմ մատների ծայրերին են։
Սակայն այդ հնչերանգներին հասանելիություն ստանալը մարտահրավերի միայն մի մասն էր։ Հոգեւոր օրհներգերը մարմնավորվում են մարդկային ձայնով, որը կարող է ճկվել, «զարդարվել» և սահուն շարժվել հնչյունի շուրջ: Պարզապես «ճիշտ» միկրոտոնալ նոտաներ նվագելը բավարար չէ, որովհետև շարականների ողջ էմոցիոնալ ուժը լսելի է դառնում հենց այն ժամանակ, երբ այդ միկրոտոնալ հնչյունները շարժվում են իրենց շուրջը եղած տարածության մեջ՝ վիբրատոյի, մելիզմների և ձայնային այլ ելևէջների միջոցով։ Ուստի առանձնապես արտահայտիչ շարականների մեղեդիների դեպքում երբեմն ավելի արդյունավետ էր, որ մեղեդին տաներ իմ ջութակահար գործընկերը՝ Սուսանը, ես էլ ստանձնում էի աջակցողի դերը։ Մեկ այլ մարտահրավեր էր այն, որ Maqiano-ն տարբեր դաշնամուրների վրա նույն կերպ չի գործում։ Ամեն անգամ տարբեր դաշնամուրների վրա նվագելիս ես գործ ունեի տարբեր երաժշտական և մեխանիկական միջավայրի հետ։ Դա նշանակում էր, որ ստիպված էի ամեն անգամ փոխել իմ մոտեցումը կամ ասորական շարականի մշակումը, որպեսզի կարողանայի լիարժեք ներկայացնել շարականի ոգին։
-Ինչպե՞ս է միկրոտոնային լարվածքը փոխում ասորական ուղղափառ եկեղեցական երգեցողության ընկալումը դասական կատարման մեջ:
-Մարդկանց մեծ մասը, որոնք զբաղվում են ասորական շարականներով, արդեն իսկ ծանոթ են դրանց միկրոտոնալ առանձնահատկություններին։ Եթե խոսում ենք եվրոպական կամ արևմտյան դասական երաժշտության մասին, միկրոտոնալ լարվածքի ներմուծումը որոշ մարդկանց համար կարող է ընկալվել որպես փորձարարական կամ նույնիսկ անբնական։ Զավեշտալին այն է, որ միկրոտոնայնությունը առկա է եղել եվրոպական դասական երաժշտության մեջ դեռևս հավասարաչափ տեմպերացված լարվածքի (երաժշտական օկտավայի բաժանումը հավասար քայլերի կամ «կիսատոնների») ի հայտ գալը։ Միկրոտոնալ լարվածքը թույլ է տալիս, որ ասորական շարականները և ընդհանրապես ասորական երաժշտությունը դասական երաժշտության մեջ ունենան առավել մշակութային հենք ունեցող և հնչեղ ներկայություն։
-Ձեր ատենախոսության թեման է՝ «Performing Assyrian-ness» (Ասորականության դրսևորումը): Ի՞նչ է նշանակում լինել ասորի արվեստագետ սփյուռքում և դասական երաժշտության լեզվով պահպանել մի ժառանգություն, որը հայրենիքում կանգնած է կորստի վտանգի առջև:
-Առաջին հերթին, ասորական մշակութային ժառանգությունը կենդանի է և շարունակում է դիմակայել՝ չնայած մեր համայնքը ջնջելու բազմաթիվ փորձերին։ Սփյուռքում ստեղծագործող ասորի արվեստագետ լինելը ենթադրում է հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր եղել են մեզնից առաջ, շարունակել ներկայում ստեղծագործել ու նորարար լինել այն ամենով, ինչ փոխանցվել է մեզ, և այդ գիտելիքը փոխանցել գալիք սերունդներին։ Դա նշանակում է հասկանալ և արժևորել մեր կապը մեր բնիկ հայրենիքի հետ՝ ձգտելով պատմել այդ պատմությունը թե՛ հնչյուններով, թե՛ պոեզիայով։ Դա նշանակում է շարունակել մեր երկարամյա ավանդույթը՝ երաժշտությունն օգտագործել որպես տարածք տան զգացողություն ստեղծելու, մեր պատմությունները պատմելու և ճնշող ուժերին ընդդիմանալու համար, որոնք փորձում են ջնջել կամ լռեցնել մեզ։
Եվրոպական դասական երաժշտության ավանդույթը միշտ չէ, որ լավագույն միջավայրն է դրա համար։ Դրա փիլիսոփայությունը, գեղագիտությունը և երաժշտական փոխազդեցությունները կազմակերպելու ձևերը տարբերվում են մերից։ Այդ ամենը կարևոր է և մեծ դեր է խաղում մեր ժառանգության պահպանման գործում։ Սա նկարագրելու համար հաճախ օգտագործում եմ լեզվի և թարգմանության համանմանությունը. երբ ես խոսում եմ ասորերեն կամ հայերեն, դա բավարար չէ իմ անգլերեն մտքերը բառ առ բառ ասորերեն կամ հայերեն «թարգմանելու» համար ։ Որպեսզի որևէ մեկն իսկապես հասկանա և կապվի իմ ասածի հետ, կարևոր է մտածել ասորերեն կամ հայերեն, օգտագործել քերականությունը, դարձվածաբանությունը։ Նույնը վերաբերում է ասորական երաժշտություն կատարելու համար եվրոպական դասական երաժշտության կիրառմանը. ես օգտագործում եմ այն, բայց մշտապես աշխատում եմ առաջնահերթությունը տալ ասորական երաժշտության տրամաբանությանը, դրա կատարողական ավանդույթներին և դրա երաժշտական «քերականությանը»։
-Արդյոք ավանդական հոգևոր երաժշտության ժամանակակից/փորձարարական մշակումը չի՞ հանդիպում պահպանողական շրջանակների դիմադրությանը: Ինչպե՞ս եք հավասարակշռում ավանդույթն ու նորարարությունը:
-Ես նորարարությունը և փոփոխության ընթացքն արդեն իսկ համարում եմ ավանդույթի բաղկացուցիչ մաս։ Մեր նախնիներն անդադար դիմել են իրենց ստեղծագործական մտքին՝ զարգացնելու համար այն ավանդույթները, որոնք մենք շարունակում ենք կիրառել այսօր։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ցեղասպանության, տեղահանության և հալածանքների հետ կապված մեր համայնքի փորձառությունը՝ հասկանում եմ, թե ինչու են շատերն այդքան զգացմունքային մոտենում այն հարցին, թե արդյոք արժե՞ փորձարկումներ անել ասորերեն շարականների հետ, և եթե այո, որքանով։ Ասորական շարականը սրբազան է, իհարկե, իր հոգևոր գործառույթով, բայց նաև որպես հոգևոր մաքրագործում ու դիմակայունություն ապրելու, ինչպես նաև մեր էթնիկ ինքնությունը պահպանելու տարածք։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ ավանդույթի հետ առնչվող ցանկացած արվեստի գործ ենթադրում է մշտական երկխոսություն ստեղծարարության և մշակութային կանոնակարգերի կամ համայնքային սպասելիքների միջև։ Ի վերջո, ինձ համար կարևոր է, որ երաժշտությունը հոգեհարազատ լինի իմ համայնքին, ճիշտ այնպես, ինչպես մեր շարականներն ու ավանդական պարեղանակներն են հոգեհարազատ ինձ։
Ասորական շարականների վերաբերյալ մի փոքրիկ հստակեցում եւս. գոյություն ունեն ասորական շարականների երկու տարբեր ավանդույթներ, որոնց ասորիները հետևում են, սակայն տարբեր եկեղեցիներում։ Դրանք են Արևելաասորական (հիմնականում՝ Արևելքի ասորական եկեղեցի) և Արևմտաասորական (Ասորի ուղղափառ եկեղեցի) ավանդույթները։ Իմ ընտանիքը կապված է Արևելաասորական ավանդույթի հետ, իսկ Նուրիի և Սուսանի հետ համատեղ նախագիծը ներառում էր Արևմտաասորական (ասորի ուղղափառ) շարականները։
-Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք հայկական իրականության և Ձեր կապի մասին:
-Հայաստանն իմ սրտում հատուկ տեղ ունի։ Հայաստանի Հանրապետությունում ծնվել են մայրս և ասորի տատիկս ու պապիկս, և որտեղ իմ հայ պապը ապաստան է գտել 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Իմ հայ տատիկը՝ Նոյեմզար Վարդանյանը, իմ առաջին ուսուցիչն էր հայկական ամեն ինչում։ Նա ինձ սովորեցրեց լեզուն ու մեր երգերը և պատմեց հայոց հայրենիքի պատմությունները դեռ շատ ավելի վաղ, քան ես առաջին անգամ այցելեցի այստեղ 2015 թվականին։ Մինչ օրս մենք սիրում ենք միասին լսել հայ աշուղների գեղեցիկ երգերը։
Սիդնեյի կոնսերվատորիայում երաժշտության բակալավրիատի ես իմ դաշնամուրային ռեպերտուարը նվիրեցի նրան՝ կատարելով Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից կազմված ծրագիր։ Ես Հայաստան վերադարձա 2019 թվականին՝ երախտապարտ էի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրաշալի դասախոս, դաշնակահարուհի Անահիտ Ներսեսյանի մոտ դասեր առնելու և հայկական դաշնամուրային երաժշտության հետ իմ առնչությունն ավելի խորացնելու հնարավորության համար։ Սա դարձավ առաջին ճանապարհներից մեկը, որով ես կարողացա իմ դասական դաշնամուրային կրթությունը կապել մշակութային ժառանգությանս հետ։ Ի վերջո, դա ինձ ոգեշնչեց շարունակել ուսումնասիրել իմ մշակույթն իմ գործիքի միջոցով՝ կենտրոնանալով իմ ասորական երաժշտական ժառանգության վրա։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ




















































