Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը տարի առաջ ոչ ոք չէր հավատա…». Դաունի համախտանիշ ունեցող երեխաները  ներկայացում խաղացին

Նոյեմբեր 06,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացումը հիացրեց հանդիսատեսին

Օրերս Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացումը, որը համախմբել էր Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, երիտասարդներին, կազմակերպության բարեկամներին ու աջակիցներին։ Ներկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Արև» թատրոնը հիմնադրվել է 2019 թվականին «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Հասարակական կազմակերպության հիմնադիր, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով թատրոնի գեղարվեստական ղեկավարն է դարձել դերասանուհի Արևիկ Յայլոյանը։ Թատրոնի նպատակն է արտթերապիայի, արվեստի միջոցով նպաստել երեխաների ստեղծագործական ինքնադրսևորմանը, հանրության հետ հաղորդակցմանն ու սոցիալական ներառմանը։

Իտալացի գրող Ջաննի Ռոդարիի հեքիաթի հիման վրա ստեղծված բեմադրությունը խորհրդանշական անդրադարձ էր մարդու ներաշխարհում ընթացող պայքարին, կասկածների ու վախերի հաղթահարմանն ու ստեղծագործական ուժի վերհանմանը։ «Արև» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արևիկ Յայլոյանը նշեց, որ ցանկանում էր, որ այս բեմադրությունն իր մեջ կրի թերապևտիկ տարր և ներկայացնի մարդու մեջ տեղի ունեցող ամենօրյա պայքարը, որը նկատելի չէ արտաքին աշխարհին, թերևս, մարդն էլ այն երբեմն չի նկատում։

Նրա խոսքով՝ մարդու կասկածներն ու վախերը կարող են միահյուսվել արտաքին աշխարհից եկող անվստահությանն ու քննադատությանը՝ աստիճանաբար սահմանափակելով սեփական կարողությունների հանդեպ հավատը և խոչընդոտելով ստեղծագործելու ազատությանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ներկայացման ավարտին ողջունելով երեխաներին ու հանդիսատեսին, ընդգծեց մարդկանց առանձնահատկությունների հանդեպ հարգանքը։ Նա շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին, ով, Մանասյանի խոսքով, իր կարևոր առաքելությամբ շատերի կյանքերն է փոխել՝  նպաստելով, որ հասարակական միջավայրը փոխի իր ընկալումները մարդկանց առանձնահատկությունների հանդեպ։

«Տասը տարի առաջ ոչ ոք չէր հավատա կամ պատկերացնի, որ Դաունի համախտանիշով երեխաները, բեմ դուրս գալով, հանդես կգան թատերական ներկայացմամբ։ Այսօր դա իրականություն է, ինչը կրկին փաստում է, որ նրանք կարող են։ Վստահաբար նրանց ավելի մեծ բեմերում կտեսնենք»,- նշեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։

Հավելենք, որ «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացումը «Արև» թատրոնի թվով չորրորդ ներկայացումն է։ Մինչ այդ թատերախումբը ներկայացել է Չարլզ Դիքենսի «Սուրբ ծննդյան երգը», Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները» և Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» ստեղծագործությունների բեմադրություններով։

«Արև» թատրոնի գործունեությունը Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակցելու մշակութային կյանքին և հանդիսատեսի առջև հանդես գալու որպես ստեղծագործողներ։ Բեմը «Արև-երեխաներ» ՀԿ-ի համար սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն է, իսկ հանրության համար՝ հանդիպման ու ճանաչման տարածք՝ օգնելով կոտրել Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց հնարավորությունների մասին կարծրատիպերը և հասկանալ, որ նրանք կարող են։

Անի ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել