«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է։
– Մայր Աթոռից մեզ հետ զրույցում հաստատել էին այն տեղեկությունը, որ Հայ առաքելական եկեղեցին վերջերս պետական բյուջե մեծ գումարներ է վճարել: Խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է, այսպես կոչված` մոմի` պարաֆինի հարկն է վճարվել: Նիկոլ Փաշինյանը, անցած ամառվանից սկսած, սեւեռվել էր եկեղեցու վրա, հայտարարում էր, որ Վեհափառը պետք է հեռացվի աթոռից, սրբազաններին էր կալանավորում: Ապա խոսում էին եկեղեցուն հարկելու մասին: Այն մասին, որ Մայր Աթոռը պետք է գույքահարկ վճարի եւ այլն: Փաստորեն, իշխանությունները հանրային գումարներն անարգել մսխում են, միլիարդների տոնածառներ են գնում, ֆեստիվառներին են փող հատկացնում, այս տարի էլ Վարդավառի համար են փող հատկացրել, արտաքին պարտքը 8 տարում կրկնապատկել են, սակայն դա էլ իրենց չի բավականացնում, հիմա էլ եկեղեցուց են գումարներ պահանջում ու ստանում:
– Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի ընչաքաղցությունը սահմաններ չունի: Մենք վերջին ութ տարիների ընթացքում տեսանք բաներ, որոնք երբեք չէինք տեսել, օրինակ՝ տեսանք, որ ութ տարում արտաքին պարտքը կարելի է ութ միլիարդ դոլարով ավելացնել: Եվ այդքան պարտքի տակ ընկնելուց հետո նրանց արած գործերը չենք տեսնում: Ի վերջո, այդ պարտքը ժողովուրդն է փակում` իր հարկերով, վճարած գումարներով, ես շատ կուզեի տեսնել այն 500 դպրոցները, որոնք իբրեւ թե կառուցել են, կխնդրեի վարչապետին, որ հրապարակի իր կառուցած դպրոցների լուսանկարները: Խոսում են նաեւ վերակառուցած ահռելի քանակով դպրոցների մասին, կխնդրեմ, որ նաեւ դրանց ցանկը հրապարակի եւ այն 300 մանկապարտեզների հասցեները եւ լուսանկարները, որոնք նա խոստանում էր կառուցել, նորոգել եւ այլն: Ի դեպ, Աշտարակում էլ ուսանողական քաղաք էին կառուցում, կխնդրեմ նաեւ Աշտարակից լուսանկարներ հրապարակել, ուզում եմ տեսնել, թե այսքան տարվա ընթացքում ինչ գործ են արել: Շատ կուզեի նաեւ Աջափնյակի մետրոյի կայարանում իջնեի, դա էլ էին խոստացել, չէ՞: Իրականում, այս մարդիկ անլուրջ են, նրանց հակաեկեղեցական պայքարը, որը շարունակվում է, նույնպես անլուրջ է: Պահանջում են հարկեր նաեւ եկեղեցական շինությունների համար, փորձում են եկեղեցին մաշեցնել այս քայլերով: Մենք թուղթ ենք բերում` սահմանով, որ գրքեր տպենք Հայաստանում, իրենք մեզնից թղթի համար գումար են վերցնում, բայց երբ աղանդավորը` Եհովայի վկան կամ մասոնականը դրսից տպած գիրք է բերում, դա համարում են բարեգործական: Այսինքն` Եհովայի վկայի կամ մորմոնականի բերած գիրքը բարեգործական է, իսկ Առաքելական եկեղեցին ներկրած թղթի համար գումարներ է վճարում, կամ՝ պարաֆինը, որ բերում են, պիտի դրա համար ահռելի հարկեր տանք պետությանը: Մայր Աթոռի շինություններից են հարկեր պահանջում, ինչն ամոթ է ուղղակի:
– Փաշինյանը որպես նախընտրական խոստում ասել է, որ իր վերընտրվելու դեպքում Գարեգին Բ կաթողիկոսի հարցը լուծելու է, նրան հեռացնելու է Վեհարանից: Կհաջողվի՞ նրան:
Կարդացեք նաև
– Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր կնոջ ու զավակների վարքը փոխի, եթե ինչ-որ բան փոփոխելու ունակ մեկն է: Թող իրեն միացածների, իր թիմակիցների վարքը փոխի, մենք էլ տեսնենք, իրենցից օրինակ վերցնենք: Թող հակաեկեղեցական պայքարին միացածների, այն թույլ վարքի տեր հոգեւորականների վարքը փոխի: Իհարկե, եթե նրանք պետք է մեզ բարեփոխեն, ավելի լավ է՝ անբարեփոխ գնանք մեռնենք:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































