Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքի սեմիոտիկան եւ ստանդարտների կոլապսը

Նոյեմբեր 16,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հազարամյակներ առաջ հին աշխարհի քաղաքները՝ պոլիսները, կառուցվում էին խիստ ռացիոնալ սեմիոտիկայի և հստակ ստանդարտների հիման վրա։ Պատահակա՞ն էին արդյոք իրար կողքի հայտնվում տաճարները, վարչական շենքերը, շուկաները, քարվանսարաներն ու բաղնիքները։ Ո՛չ։ Այդ ամենը քաղաքի նշանագիտական դաշտն էր՝ նրա բանական լեզուն։ Անգամ օտարերկրյա վաճառականը, առաջին անգամ մտնելով քաղաք, հեռվից տեսնում էր գմբեթն ու մինարեթը և առանց հարցուփորձի հասկանում, որ իրեն անհրաժեշտ ամեն ինչ հենց այդտեղ է։ Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ հենց գլոբալիզացիայի կարկառուն օրինակը սա է։

Այս դասական տրամաբանությունը 20-րդ դարում գիտականորեն ձևակերպեց հայտնի ուրբանիստ Քևին Լինչը իր հանրահայտ «Քաղաքի կերպարը» (The Image of the City) աշխատության մեջ։ Նա ապացուցեց, որ քաղաքը կենսունակ է միայն այն դեպքում, երբ ունի հստակ «ընթեռնելիություն» և կառուցվածքային ուղենիշներ։

Բայց պոլիսի փիլիսոփայական հենքը միայն խոշոր շենքերը չեն, այլ ստանդարտները։ Փողոցի ճիշտ գծանշված անցումը, մայթի եզրաքարի բարձրությունը, շենքի աստիճաններին զուգահեռ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակը՝ սրանք մանրուքներ չեն (թե չէ՝ Եվրամիություն ենք վազում)։

Սա պոլիսի նշանագիտական դաշտին ու կառավարման մեթոդներին տիրապետելու ցուցիչ է։ Այս ստանդարտները քաղաքացուն տալիս են անվտանգության և արժանապատվության զգացում։ Իսկ երբ մենք այսօր քանդում ենք, ծառ ենք կտրում, մի ավտոտնակ ենք հանում ու դրա տեղը նոր շենք տնկում՝ իմպլանտի նման, մենք ոչնչացնում ենք քաղաքի ընթեռնելիությունն ու ստանդարտների համակարգը։

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

Վերցնենք ամենապարզ օրինակը՝ ճանապարհային երթևեկությունը։ Կա օրենք (ՃԵԿ 88-րդ կետ), որն արգելում է մտնել խցանված խաչմերուկ։ Բայց այն չի աշխատում, որովհետև վարորդի աչքը չի տեսնում խաչմերուկի սահմանը։

Այս խնդիրը դեռևս 1967 թվականին լուծվեց Լոնդոնում, երբ առաջին անգամ ներդրվեց դեղին վանդակաձև ցանցը՝ «Yellow Box Junction»-ը (մեզ մոտ հայտնի որպես «վաֆլի» գծանշում)։ Այսօր այն հաջողությամբ գործում է Նյու Յորքում, Սինգապուրում, Մոսկվայում և եվրոպական տասնյակ քաղաքներում։ Գիտականորեն սա կոչվում է տեսողական-հոգեբանական կողմնորոշում (visual nudging). դեղին ցանցը վարորդի ուղեղին տալիս է անմիջական, աներկբա ազդակ, որ այդ տարածքում կանգ առնելն արգելված է։ Միաժամանակ, այն դառնում է անհերքելի ապացույց տեսախցիկների ու պարեկների համար՝ բացառելով վիճելի տուգանքները։

Երբ առաջարկում ես սա ներդնել թեկուզ փորձնական՝ Քանաքեռ-Զեյթունի ծանրաբեռնված խաչմերուկներում, քեզ քաղաքապետարանից պատասխանում են չոր թղթերով։ Բայց եթե թուղթը խանգարում է քաղաքը փրկելուն, ուրեմն թուղթն է պետք փոխել, ոչ թե քաղաքը թողնել խցանման մեջ։

«ԼԱՄԲԱԴԱ» ԿԱՄՐՋԻ ԴԺՈԽՔԸ

Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ է լինում, երբ քաղաքաշինական ստանդարտները զոհաբերվում են կամայականությանը՝ այցելեք Լամբադա կամրջի սկզբնամաս։

Արգելող նշանները կախված են, բայց հարյուրավոր ուսանողների ու դասախոսների մեքենաներ կայանված են հենց ճանապարհին։ Հազարավոր երիտասարդներ ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ խուսանավելով կայանված ու ընթացող մեքենաների արանքում։ Ինչո՞ւ։ Որովհետև խախտված է ժամանակակից տրանսպորտային պլանավորման հիմնարար սկզբունքը՝ տարածական տարանջատումը հետիոտնի, կայանատեղիի և երթևեկության գոտիների միջև։

Ավելին՝ ինչպե՞ս են լիցենզիա ստացել մի շենքում խցկված համալսարաններն ու քոլեջները, որոնք չունեն ո՛չ համապատասխան բակ, ո՛չ անգամ համապատասխան տարրական զուգարաններ։ Արդյունքում հարևան բնակելի շենքերի բակերն ու շքամուտքերն են դարձել ուսանողների հավաքատեղին ու սանհանգույցը։ Նույն պատկերն է ամեն նրբանցքում բացված անալիզների կետերի ու կիսապոլիկլինիկաների դեպքում։ Սա քաղաքաշինական սանիտարական նորմերի (ՍՆԻՊ) ուղղակի խախտում է, որը ստեղծում է սոցիալական լարվածություն բնակիչների և այցելուների միջև։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Հեշտ է արգելելը, դժվար է մտածելը։ Եթե ուզում ենք իրականում բեռնաթափել Երևանը, մեզ պետք են ոչ թե «պակազուխա» քայլեր, այլ ռացիոնալ, գիտականորեն հաշվարկված որոշումներ.

Օրինակ՝ բազմահարկ վերգետնյա կայանատեղիներ՝ ավտոտնակների փոխարեն։ Օրինակ՝ Սուրենյանց փողոցի և հարակից բակերի ավտոտնակները պետք է հանել ոչ թե մարդկանց ունեցվածքը ոչնչացնելով, այլ ծրագրավորված։ Այդ տեղերում պետք է կառուցել 5-7 հարկանի վերգետնյա կայանատեղիներ (քանի որ ստորգետնյան Երևանում սեյսմիկ և գրունտային ջրերի տեսանկյունից միշտ ռիսկային է)։ Առաջին հարկը պետք է տալ ավտոտնակների օրինական տերերին, իսկ մնացած հարկերը դարձնել քաղաքակիրթ վճարովի կայանատեղի։ Այս մոդելը («Park-and-Ride» և թաղամասային բազմահարկ կայանատեղիներ) հաջողությամբ կիրառվում է Տոկիոյում և Սեուլում, որտեղ խիտ կառուցապատման պայմաններում հողի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործվում է ուղղահայաց սկզբունքով։ Բայց դե, հասկանում ենք, որ եղածը կքանդեն ու տեղը նոր շենք կտնկեն։

ՖԵՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԴԵՊԻ ՄԱՐԶԵՐ

Եթե բուհը չունի սանիտարական նորմերին համապատասխան տարածք, այն պետք է դուրս հրավիրվի Երևանից։ Թող գնան Գյումրիում կամ Վանաձորում բացեն համալսարանական քաղաքներ՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան կյանք ու տնտեսական օգուտ կմտնի այդ քաղաքներ։ Սա համաշխարհային դասական մոդել է. Օքսֆորդն ու Քեմբրիջը Մեծ Բրիտանիայում, Հայդելբերգը Գերմանիայում կամ Տարտուն Էստոնիայում փոքր քաղաքներ են, որոնք դարձել են համաշխարհային գիտակրթական կենտրոններ՝ չծանրաբեռնելով երկրի մայրաքաղաքը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե խոշոր հանրապետական հիվանդանոցները տեղակայվեն Աբովյանում, Հրազդանում կամ Սևանում։

Առողջապահական կլաստերների դուրսբերումը մայրաքաղաքների աղմուկից ու ծխից վաղուց ընդունված պրակտիկա է:

Սկանդինավյան երկրներում (օրինակ՝ Շվեդիայում և Դանիայում), որտեղ խոշոր բժշկական համալիրները կառուցվում են արվարձաններում կամ հարակից քաղաքներում՝ ապահովելով մաքուր օդ, հանգիստ միջավայր և անխափան տրանսպորտային հասանելիություն։

ԱՄՓՈՓՈՒՄ

Ե՞րբ պիտի գա այն օրը, երբ մարդկանց պաշտոնի կընտրեն (չասենք ՝ կնշանակեն) ոչ թե «սվոյի» հոգեբանությամբ, այլ իրենց մասնագիտական գիտելիքներով։ Ե՞րբ պիտի ստեղծվի առողջ, գիտական քննարկման մթնոլորտ։

Ես՝ չգիտեմ։
Բայց քաղաքն ունի իր համբերության և ինժեներական դիմացկունության սահմանը։ Եթե մենք շարունակենք անտեսել քաղաքաշինության տարրական օրենքներն ու պոլիսի փիլիսոփայությունը, մի օր այս ամբողջ կեղտն  ու քաոսը (ներողություն՝ քաքը) ժայթքելու է՝ բառիս բուն իմաստով, ու բոլորս ենք խեղդվելու դրա մեջ։

Սլավի-Ավիկ Հարությունյան

«Առավոտ» օրաթերթ
14.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել