Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Սննդի վերաբերյալ տարածված «առասպելները», որոնց մասին գուցե դուք էլ եք մտածել

Նոյեմբեր 25,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Համացանցն ու սոցիալական ցանցերը պարզապես ողողված են սննդի և առողջության վերաբերյալ տարաբնույթ խորհուրդներով, որոնց զգալի մասը կա՛մ մոլորեցնող է, կա՛մ սխալ։ Ընդ որում՝ դրանց հեղինակները կարող են ներկայանալ որպես բժիշկներ ու որակավորված սննդաբաններ։

Healthline կայքն առանձնացրել է սնուցման վերաբերյալ այն թյուրընկալումները, որոնք ավելի հաճախ են հանդիպում սոցցանցերում։

1. «Քաշի նվազեցման համար կարևոր է միայն ընդունած և ծախսած կալորիաների հարաբերակցությունը»

Կալորիաների պակասուրդի ստեղծումը (այսինքն՝ օրգանիզմի կողմից ավելի շատ էներգիա ծախսելը, քան սննդի միջոցով ստանալը) քաշի նվազեցման կարևոր գործոնն է, սակայն միակ պայմանը չէ։

Միայն կալորիաները հաշվելը բավարար չէ․ քաշի նվազեցմանը կարող են խանգարել այլ գործոններ ևս, նույնիսկ եթե պահպանվում է ցածր կալորիականությամբ սննդակարգ։

Դրանց թվում են՝

  • հորմոնալ անհավասարակշռությունը,
  • առողջական խնդիրները, օրինակ՝ հիպոթիրեոզը,
  • որոշ դեղամիջոցների ընդունումը,
  • գենետիկական առանձնահատկությունները։

Այս մոտեցումը նաև վտանգավոր է այն առումով, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել օրգանիզմում անհրաժեշտ սննդանյութերի անբավարարության առաջացման։

Շատ ցածր կալորիականությամբ սննդակարգի երկարատև պահպանումը կարող է նաև հանգեցնել՝

  • նյութափոխանակության արագության նվազման,
  • օստեոպորոզի առաջացման ռիսկի բարձրացման,
  • լեղաքարային հիվանդության առաջացման։

2. «Բարձր յուղայնությամբ բոլոր մթերքներն անառողջ են»

Սննդային ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության և առողջության պահպանման համար։

Ցածր յուղայնությամբ սննդակարգն անգամ կապվում է առողջական մի շարք խնդիրների, այդ թվում՝ մետաբոլիկ համախտանիշի առաջացման ավելի բարձր ռիսկի հետ։ Այդ տեսակի սննդակարգը կարող է նաև նպաստել ինսուլինառեզիստենտությանն ու տրիգլիցերիդների մակարդակի բարձրացմանը, որոնք սրտային հիվանդությունների հայտնի ռիսկի գործոններ են։

Սակայն կարևոր է հիշել, որ երկու ծայրահեղություններն էլ՝ թե՛ շատ ցածր, թե՛ չափազանց բարձր յուղայնությամբ սննդակարգերը, կարող են վնասել առողջությանը, հատկապես եթե սննդի որակն այնքան էլ լավը չէ։

3. «Նախաճաշն օրվա ընթացքում ընդունվող ամենակարևոր սնունդն է»

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ նախաճաշից հրաժարվելը կարող է նպաստել օրական ընդունվող կալորիաների նվազեցմանը, մինչդեռ նախաճաշի ներառումը սննդակարգում կարող է մեծացնել դրանց քանակը։

Դրանից բացի, ընդհատվող սովապահությունը, որի ընթացքում մարդը բաց է թողնում նախաճաշը կամ այն ավելի ուշ է ընդունում, կապվել է մի շարք դրական արդյունքների հետ, այդ թվում՝

  • արյան մեջ շաքարի մակարդակի ավելի լավ վերահսկման,
  • մարմնի զանգվածի ինդեքսի նվազման,
  • սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների, օրինակ՝ արյան բարձր ճնշման նվազման։

Սակայն ընդհատվող սովապահությունը հնարավոր է կազմակերպել նաև սովորական նախաճաշը պահպանելով, բայց երեկոյան վերջին սնունդն ավելի վաղ ընդունելով՝ այդպիսով ապահովելով 14-16 ժամ տևողությամբ քաղցածության ժամանակահատվածը։

Պետք է հաշվի առնել, որ այս մոտեցումը չի վերաբերվում աճող երեխաներին ու դեռահասներին, ինչպես նաև սննդանյութերի ավելի շատ պահանջ ունեցող մարդկանց, օրինակ՝ հղիներին և որոշակի առողջական խնդիրներ ունեցող անձանց։ Այս խմբերի համար սնունդը բաց թողնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Որոշ տվյալներ էլ վկայում են, որ նախաճաշելը, օրվա ընթացքում կալորիաների մեծ մասն առավոտյան ընդունելը՝ երեկոյան ժամերի փոխարեն, ինչպես նաև սննդի ընդունման հաճախականության նվազեցումը կարող է օգտակար լինել առողջության համար՝ նվազեցնելով բորբոքային գործընթացներն ու մարմնի քաշը։

Այնպես որ նախաճաշելու կամ չնախաճաշելու հարցը խիստ անհատական է ու կախված է տվյալ մարդու ցանկություններից և օրգանիզմի պահանջմունքներից։

4. «Առողջ լինելու համար պետք է սնվել հաճախակի և փոքր չափաբաժիններով»

Եթե առողջ եք, սննդի ընդունման հաճախականությունն էական նշանակություն չունի, քանի դեռ բավարարում եք օրգանիզմի էներգետիկ պահանջները։

Այնուամենայնիվ, որոշ առողջական խնդիրների, օրինակ՝ շաքարային դիաբետի, կորոնար զարկերակների հիվանդության և գրգռված աղու համախտանիշի դեպքում, ինչպես նաև հղիության ընթացքում փոքր չափաբաժիններով ավելի հաճախակի սնվելը կարող է օգտակար լինել։

5. «Ոչ սննդարար քաղցրացուցիչներն օգտակար են առողջության համար»

Թեև ակնհայտ է, որ շաքարի մեծ քանակությամբ օգտագործումը զգալիորեն բարձրացնում է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը, ոչ սննդարար քաղցրացուցիչների ընդունումը նույնպես կարող է բացասական հետևանքներ ունենալ առողջության վրա։

Օրինակ՝ դրանց օգտագործումը կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը՝ աղիքային միկրոբիոմում անբարենպաստ փոփոխություններ առաջացնելով և արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումը խաթարելով։

Այնուամենայնիվ, այս ոլորտում հետազոտությունները դեռ շարունակվում են, և հնարավոր կապերը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ որակյալ ուսումնասիրություններ։

6. «Սննդակարգում մակրոտարրերի հարաբերակցությունն ավելի կարևոր է, քան սննդի որակը»

Թեև սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցության փոփոխությունը կարող է տարբեր առումներով օգտակար լինել առողջության համար, ցանկացած սննդակարգում ամենակարևոր գործոնը սննդամթերքի որակն է։

Հնարավոր է նիհարել՝ սնվելով բացառապես սպիտակուցային կոկտեյլներով, սակայն միայն մակրոտարրերի քանակի վրա կենտրոնանալը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ տարբեր մթերքների օգտագործումը կարող է ինչպես բարելավել, այնպես էլ վատթարացնել նյութափոխանակությունը, ազդել հիվանդությունների առաջացման ռիսկի, կյանքի տևողության և կենսունակության վրա։

7. «Սպիտակ կարտոֆիլն անառողջ է»

Ցանկացած մթերքի, այդ թվում՝ սպիտակ կարտոֆիլի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման։ Սակայն այս օսլայով հարուստ բանջարեղենը բավական սննդարար է և կարող է լինել առողջ սննդակարգի մի մասը։

Սպիտակ կարտոֆիլը մի շարք սննդանյութերի հիանալի աղբյուր է, այդ թվում՝

  • կալիումի,
  • վիտամին C-ի,
  • բջջանյութի։

Դրանից բացի, այն բավական հագեցնող է՝ հատկապես սպիտակուցային սննդի հետ օգտագործելիս։ Պարզապես նախընտրելի է խաշած, կամ ջեռոցում խորոված կարտոֆիլը՝ տապակածի փոխարեն։

8. «Ցածր յուղայնությամբ և դիետիկ մթերքներն առողջարար այլընտրանք են»

Հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր յուղայնությամբ և դիետիկ բազմաթիվ մթերքներ կարող են զգալիորեն ավելի շատ շաքար և աղ պարունակել, քան դրանց սովորական յուղայնությամբ տարբերակները։

Կարևոր է ուսումնասիրել սննդամթերքի պիտակները և ուշադրություն դարձնել սննդանյութերի պարունակությանը, ոչ թե ինքնին հավատալ, որ եթե մթերքի պիտակին գրված է «ցածր յուղայնությամբ» կամ «դիետիկ», ուրեմն այն լավագույն ընտրությունն է։

Եթե ամբողջական յուղայնությամբ մածունը, պանիրը կամ ընկույզի կարագը ձեզ ավելի լավ են հագեցնում, քան դրանց դիետիկ տարբերակները, կարող եք դրանք օգտագործել, ուղղակի փոքր չափաբաժիններով։

9. «Սննդային հավելումները գումարի անիմաստ վատնում են»

Թեև առողջության պահպանման համար ամենաօպտիմալը սննդարար նյութերով հարուստ և բազմազան սննդակարգն է, ճիշտ ընտրված և պատշաճ ձևով օգտագործվող սննդային հավելումները նույնպես կարող են դրական ազդեցություն ունենալ։

Օրինակ՝ մագնեզիումի հավելումների ընդունումը, ըստ հետազոտությունների, կարող է օգտակար լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար՝ նպաստելով նրանց արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը և սրտային հիվանդությունների ռիսկի գործոնների թեթևացմանը։

Որոշակի սննդային հավելումների ընդունումը ցուցված է նաև սահմանափակ սննդակարգ պահպանող մարդկանց, 50 տարեկանից բարձր անձանց, հղիներին ու կրծքով կերակրող կանանց։

Սակայն հավելումն ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ, նույնիսկ եթե այն վաճառվում է առանց դեղատոմսի։

10. «Առողջ լինելու համար պետք է նիհար լինել»

Ճարպակալումը կապված է բազմաթիվ առողջական խնդիրների հետ, այդ թվում՝

  • 2-րդ տիպի շաքարային դիաբետի,
  • սրտային հիվանդությունների,
  • դեպրեսիայի,
  • քաղցկեղի որոշ տեսակների,
  • վաղաժամ մահվան ռիսկի հետ։

Այնուամենայնիվ, հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար պարտադիր չէ նիհար լինել։ Ամենակարևորը սննդարար մթերքների օգտագործումն ու ֆիզիկապես ակտիվ կենսակերպի պահպանումն է։ Այս սովորություններն էլ ինքնին նպաստում են մարմնի քաշի և առողջության բարելավմանը։

11. «Ոսկորների առողջության համար հարկավոր է կալցիումի հավելումներ ընդունել»

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կալցիումի հավելումները չեն նվազեցնում կոտրվածքների կամ օստեոպորոզի առաջացման վտանգը այն մարդկանց շրջանում, որոնք ի սկզբանե հակված են այդ խնդիրներին։

Եթե մտահոգված եք կալցիումի ընդունմամբ, նախապատվությունը տվեք դրա սննդային աղբյուրներին, ինչպիսիք են մածունը, սարդինա ձկնատեսակը, լոբազգիներն ու սերմերը։

Միշտ խորհրդակցեք բժշկի հետ սննդային հավելում ընդունելուց առաջ, նույնիսկ եթե այն վաճառվում է առանց դեղատոմսի։

12. «Բջջանյութի հավելումները կարող են փոխարինել բջջանյութով հարուստ մթերքներին»

Շատ մարդիկ դժվարանում են սննդի միջոցով բավարար քանակությամբ բջջանյութ ստանալ, ինչն էլ պատճառ է դարձել բջջանյութի հավելումների լայն տարածման։

Թեև դրանք կարող են օգտակար լինել առողջության համար՝ բարելավելով աղիների աշխատանքը և նպաստելով արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկմանը, հավելումները չպետք է փոխարինեն բնական սննդին։

Բջջանյութով հարուստ ամբողջական մթերքները, ինչպիսիք են բանջարեղենը, լոբազգիներն ու մրգերը, պարունակում են սննդանյութեր և բուսական միացություններ, որոնք համատեղ ազդեցությամբ նպաստում են առողջության պահպանմանը։ Դրանք հնարավոր չէ փոխարինել միայն բջջանյութի հավելումներով։

13. «Բոլոր սմուզիներն ու հյութերն օգտակար են»

Որոշ հյութեր և սմուզիներ իսկապես շատ սննդարար են։ Օրինակ՝ հիմնականում օսլա չպարունակող բանջարեղենից պատրաստված սննդանյութերով հարուստ սմուզին կամ թարմ քամած հյութը կարող է օրգանիզմը վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով հագեցնող լավ միջոց լինել։

Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, որ խանութներում վաճառվող հյութերի և սմուզիների մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ  շաքար և կալորիաներ։ Դրանց չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել քաշի ավելացմանը և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը։

14. «Պրոբիոտիկներն օգտակար են բոլորի համար»

Որոշ մարդկանց մարսողական համակարգը դիմադրում է պրոբիոտիկ մանրէների հաստատմանը, իսկ հավելումների միջոցով դրանց ներմուծումը կարող է նույնիսկ անբարենպաստ փոփոխություններ առաջացնել աղիքային միկրոբիոմում։

Բացի այդ, պրոբիոտիկների օգտագործման հետ կապված բարակ աղիքում բակտերիաների գերաճը կարող է առաջացնել փքվածություն, գազեր և այլ անցանկալի կողմնակի ազդեցություններ։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել նաև, որ հակաբիոտիկների կուրսից հետո պրոբիոտիկներով բուժումը կարող է չվերականգնել աղիքային միկրոբիոմի նախկին վիճակը։

15. «Խոլեսթերինով հարուստ մթերքներն անառողջ են»

Առողջ մեծահասակների մեծ մասի դեպքում խոլեսթերինով հարուստ մթերքների օգտագործումն ուղղակիորեն չի բարձրացնում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։

Խոլեսթերին պարունակող, բայց սննդարար մթերքները, օրինակ՝ ձուն, կարող են լինել հավասարակշռված սննդակարգի մի մասը՝ նպաստելով առողջության պահպանմանը։

16. «Սննդային վարքի խանգարումներ միայն կանայք են ունենում»

Շատերը կարծում են, որ սննդային վարքի խանգարումներն ու սննդային անառողջ սովորությունները վերաբերվում են միայն կանանց, սակայն տղամարդկանց շրջանում ևս հանդիպում են նման խանգարումներ։ Պարզապես տղամարդկանց և կանանց շրջանում սննդային վարքի խանգարումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ։

17. «Ածխաջրերը հանգեցնում են քաշի ավելացման»

Բջջանյութով, վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդարար ածխաջրերի չափավոր օգտագործումն օգտակար է առողջության համար։ Այնուամենայնիվ, պետք է սահմանափակել ածխաջրերով հարուստ ուլտրավերամշակված մթերքների օգտագործումը, ինչպիսիք են տորթերը, թխվածքաբլիթները, քաղցր ըմպելիքները և սպիտակ հացը, քանի որ դրանց չափից ավելի օգտագործումը կարող է նպաստել քաշի ավելացմանը և հիվանդությունների զարգացման վտանգի մեծացմանը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30