Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՄՆ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտ 31,2009 00:00

\"\"ԱՄՆ-ի դատախազությունը հետաքրքիր նյութեր է տրամադրում ՀՀ դատախազությանը՝ ԱՄՆ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ:

Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ իրավական փոխօգնության վերաբերյալ առ այսօր որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, թեեւ թվում էր, որ սա այն ոլորտն է, որի կարգավորման հարցում ԱՄՆ-ն պետք է առաջնահերթ շահագրգռված լիներ: ԱՄՆ-ում այսօր գոյություն ունի բավականին մեծ հայկական համայնք, որտեղ մեծ թիվ են կազմում նաեւ Հայաստանից գաղթածները կամ ժամանակավոր բնակության, ուսման, աշխատելու նպատակով մեկնածները: Չնայած ԱՄՆ իրավապահների գնահատականներով, մասնավորապես, Կալիֆոռնիայում մեծ թիվ են կազմում հայերի կողմից կատարվող հանցագործությունները, այդուհանդերձ, համագործակցության իրավական մեխանիզմները դեռեւս չեն ձեւավորվել եւ երկու երկրների դատախազությունները սկսել են համագործակցել բարի կամքի դրսեւորմամբ, ինչը նույնպես ընդունված ձեւ է միջազգային հարաբերություններում:

Դրան նպաստում է նաեւ նախկինում երկու քրեական գործի շրջանակներում համագործակցության փորձը, որի արդյունքից ամերիկացիները կարծես թե գոհ են մնացել: Առաջինը՝ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում տեղի ունեցած Օդետ Ծատուրյանի սպանությունն էր, որի կատարող՝ ՀՀ քաղաքացի Արթուր Խանզադյանն անմիջապես փախել էր Հայաստան եւ այստեղ հայտնաբերվել ու ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ երկրորդ քրեական գործով Կոտայքի մարզի դատախազությունը կարողացել էր ամերիկացիներին համոզել, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին անմեղ է, եւ արդեն ԱՄՆ-ում հայ դատախազների աջակցությամբ բացահայտվել են հանցագործություն կատարած իրական անձինք: Արդյունքում՝ ԱՄՆ-ից Հայաստանի դատախազությանն են տրամադրվել մի քանի նոր քրեական գործեր՝ ՀՀ քաղաքացիների կողմից ԱՄՆ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Նրանց թվում են ՀՀ քաղաքացի Արա Կարապետյանի վերաբերյալ նյութերը՝ ԱՄՆ-ում վերջինիս մասնակցությամբ կատարված մի քանի հափշտակությունների մասին, որի վերաբերյալ քրեական գործի նյութերի ուսումնասիրություններից բավական հետաքրքիր դրվագներ են պարզվում:

2004 թվականին ազգությամբ հայ երեք անձինք՝ Ա. Թագվորյանը, Ա. Գրիգորյանը եւ Ս. Մելքոնյանը, ԱՄՆ դատարանի կողմից դատապարտվել են ազատազրկման՝ ԱՄՆ ոսկերչական խանութներից գողություն կատարելու համար: Ըստ այդմ՝ նշված հանցավոր խումբը 2 ամսվա ընթացքում՝ 2004 թվականի մայիս-հունիս ամիսներին, հաջողեցրել է կատարել 4 գողություն: Առաջին թիրախը եղել է Լոս Անջելեսի «Ավիանի» ոսկերչական իրերի ընկերությունը, որտեղ ներթափանցելով՝ 2004 թվականի մայիսի 12-ին հափշտակել են ոսկյա զարդեր, ապա՝ մայիսի 25-ին, գողություն են կատարել «Միկա» ոսկերչական իրերի ընկերությունից:

Իսկ արդեն հունիսի 9-ին մուտք են գործել «Շրեջի» ոսկերչական իրերի առեւտրային ձեռնարկության շենք, հունիսի 13-ին՝ գրավատուն: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է շուրջ $150 հազարի ոսկեղենի գողություն: ԱՄՆ իրավապահների կողմից քննված քրեական գործի նյութերի համաձայն՝ դրանց մասնակից է եղել նաեւ Ա. Կարապետյանը: Ավելին՝ վերջինս է զբաղվել գողոնի իրացմամբ: Նշված օրինախախտումների, ինչպես նաեւ ապօրինի հրազեն պահելու համար Ա. Կարապետյանը 2004 թվականի հունիսի 16-ից ԱՄՆ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ, իսկ նրա վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությանն է տրամադրվել 2008 թվականի վերջերին:

ԱՄՆ-ից ստացված նյութերի ուղղությամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ Ա. Կարապետյանի մասնակցությամբ հանցագործություններ են գրանցվել նաեւ Հայաստանում եւ այսօր նա, ինչպես նաեւ մի քանի այլ նրա հանցակիցներ գտնվում են կալանքի տակ, որի նախաքննությունը դատախազության հանձնարարությամբ իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Ուշագրավն այն է, որ խոսքը գնում է այն նույն Արա Կարապետյանի մասին, ով կալանավորվել է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատնից, զենքի գործադրման սպառնալիքով եւ նրա ընտանիքի անդամների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, 45 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր հափշտակելու քրեական գործի շրջանակներում: Նախաքննության տվյալներով, Ա. Կարապետյանն առանցքային դերակատարություն է ունեցել նշված ավազակային հարձակման գործում՝ ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի հետ միասին։ Վերջինս 2008 թվականին դատապարտվել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Պարզվում է, որ նրանց՝ Ա. Կարապետյանի եւ Ա. Նիկողոսյանի հանցավոր համագործակցությունն ավելի հին պատմություն ունի, քննության արդյունքում բացահայտվել է նաեւ հափշտակության մեկ այլ դեպք՝ վերջիններիս կազմակերպմամբ՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ին կատարված, որի ժամանակ հափշտակվել էր $400 հազարի ոսկյա իրեր:

Նկատենք, որ վերջին այս հափշտակության դեպքի առթիվ ոստիկանության վարույթում ժամանակին հարուցվել էր քրեական գործ եւ մնացել չբացահայտված: Ու դժվար է ասել՝ այն երբեւէ կբացահայտվե՞ր, եթե Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքի քննությունը դատախազությունը չհանձնարարեր ԱԱԾ-ին: ԱՄՆ-ում կատարված հափշտակությունների դրվագները նույնպես գլխավոր դատախազի ցուցումով քննվում են ԱԱԾ-ի վարույթում՝ նշված քրեական գործի շրջանակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել