Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սիրում եմ քիմիան, չնայած այն ինձ բավական ուշ տրվեց». Արամ Հակոբյան

Փետրվար 14,2012 12:22

Մասնագիտությամբ քիմիկոս 33-ամյա Արամ Հակոբյանը վեբ – դիզայնի ու կայքերի հանդեպ հետաքրքրությունը վաղուց է զգացել: Այդ մասին նույնիսկ նյութեր ունի գրած` «Իմ վեբ անցյալը, կամ ինչպե՞ս դա սկսվեց» վերնագրով: «2004 թվականն էր,  բլոգ հասկացողություն չկար, չկային բլոգ հարթակներ: Իսկ երբ հայտնվեցին բլոգ հարթակները, իսկույն ևեթ ես անցա նրանց ուսումնասիրելուն: Երբ հասկացա, որ սրանք շատ հարմար են, սկսեցի գրել: Սկզբում գրում էի ռուսերեն: Նախ arxangelo.blog.ru, հետո arxangelo.wordpress.com մինչև ունեցա իմ սեփական բլոգը», – պատմում է Արամը: «Արխանգելոյի բլոգ» անվանումն ունի նաև իր բացատրությունը, «Ի սկզբանե ցանցում հանդես էի գալիս կեղծանունով ու չէի ուզում ճանաչվել,  բայց հետագայում, հանգամանքների բերումով, ստիպված էի «բացվել»: Եթե ուշադրություն դարձնեք կեղծանվանս, ապա կնկատեք, որ այն մի փոքր «սխալ» է գրված (եթե նկատի ունենք հրեշտակապետ բառը անգլերեն, ապա այն գրվում է՝ Archangel, այլ ոչ թե ArXangel),  բայց դա վրիպում չէ:  Կեղծանվանս առաջին Ar մասնիկը հենց Արամ անունից է X-ը որպես անունները կապող օղակ և angel բոլորն էլ գիտեն, որ նշանակում է հրեշտակ: o մասնիկն էլ ավելացավ քանի որ երբեմն ինձ նեղ շրջապատում դիմում են Արամո: Այսպիսով ստացվեց ArXangelo»:  Բլոգը շուտով 1 տարեկան է դառնալու, ինչպես ասում է Արամ Հակոբյանը` այն «համեստ» է նշելու: «Իմ ծննդյան օրը և բլոգիս ծննդյան օրը մի երկու, երեք օրվա տարբերությամբ են, կարծում եմ՝ միասին կնշեմ՝ նեղ ընկերական շրջապատում, իհարկե բլոգում անպայման  կլինեն գրառումներ այդ կապակցությամբ և բացի այդ` կարծում եմ այդ օրը պետք է լինի բլոգի 1 տարվա հաշվետվության օրը»: Ստեղծագործել սկսել է մանկուց, թեև բոլորովին այլ մասնագիտություն է ընտրել, որն էլ իր պատճառներն ունի. «Հայրս քիմիկոս էր, լավ գիտնական և մեծ հայրենասեր, նա շուտ մահացավ, և ես որոշեցի շարունակել նրա բաց թողած գործը: Իհարկե հիմա գիտակցում եմ, որ դա իմ կողմից բավական պատասխանատու որոշում էր, քանի որ նրա նման գիտնական դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնեմ», -ասում է Արամ Հակոբյանը: Այժմ նա ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչն է, ունի նաև քիմիային նվիրված բլոգ` chemistry.am հասցեով, որը կոչված է սեր սերմանել քիմիայի նկատմամբ՝ աշակերտների մոտ և միավորել հայ քիմիկոսներին: «Ես սիրում եմ քիմիան, չնայած այն ինձ բավական ուշ տրվեց», – անկեղծանում է նա: «Արխանգելոյի բլոգը» մասնակցել է նաև ArmNetAwards  մրցույթին, թեև Արամի կարծիքով` մրցութային տեղեր զբաղեցրին բոլորովին անհայտ կայքեր ու բլոգներ: Այլ մրցույթների մասնակցել այլևս չի ուզում, նրա կարծիքով` դա միակն էր ու վերջինը: Արամ Հակոբյանը նաև բանաստեղծությունների ժողովածու ունի` էլեկտրոնային տարբերակով, «Ժամանակի ընթացքում բլոգում հավաքվեցին բավական քանակությամբ բանաստեղծություններ: Մի անգամ ընթերցողներիցս մեկը ցանկություն հայտնեց, որպեսզի իմ բանաստեղծությունները մեկտեղված լինեն իր համակարգչի մեջ, քանի որ նրան հարմար չէր անընդհատ ինտերնետ մտնել, իսկ իր խոսքով` իմ բանաստեղծությունները նա շատ էր սիրում և նրանք իրեն հոգեհարազատ էին: Այդպես միտք եկավ ստեղծել բանաստեղծությունների էլեկտրոնային առաջին ժողովածուն»: Կտպագրվի՞ հետագայում ժողովածուն, թե՞ ոչ, նա դժվարանում է պատասխանել, և նշում է, որ իր բանաստեղծությունները արվեստի գործ չի համարում, ուղղակի գրում է այն, ինչ զգում է:

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829